ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը չի փոշմանել Բակո Սահակյանի հասցեին ասած խոսքերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի հետ:

-Ջիվա՛ն, Ձեր անձի շուրջ խոսակցությունները թեժացան, երբ Ձեր հրապարակային ելույթում խոսեցիք Բակո Սահակյանի մասին, օգտագործեցիք «գլուխը ցխել» արտահայտությունը: Տեղի ունեցածին արձագանքեց նաեւ ադրբեջանական մամուլը: Մտավախություն չունեի՞ք, որ դա աղմուկի է վերածվելու, եւ ինչո՞ւ եք ատելության այդպիսի կոչեր հնչեցնում:

-Ես տեղեկություն չունեմ, որ ադրբեջանական մամուլը անդրադարձել է. առաջին անգամ Ձեզնից լսեցի: Այստեղ կարեւորությունը նրա մեջ չէ, թե ինչ հետեւանք ունեցավ, կարեւորն այն է, թե ինչ քաղաքական կոնտեքստ բոլորը դրեցին: Նախադասությունը կազմված է ապագա անկատար ժամանակով, եւ եթե ուշադիր լինեք` կա գործողությունների հաջորդականություն: Այսինքն` այդ գործողությունների ընթացքում խախտվում է Հայաստանի օրենսգիրքն ու Սահմանադրությունը: Եթե խախտվում է Սահմանադրությունը, եւ նոր գործողություն է կատարվում ինչ-որ, կարելի՞ է դրանից մի մեծ պատմություն սարքեք: Իհարկե` ոչ: Չեմ կարծում, որ օրենքով ոչ դատապարտելի արարքների մասին իրավունք ունեն շատ մարդիկ անդրադառնալ եւ փորձեն քաղաքական դիվիդենտներ հավաքել: Դա ինձ համար քաղաքական անկրթություն է, որովհետեւ նման դիվիդենտները շատ շուտ կորցնելու են նույն այդ քաղաքական տարրերը, որոնք այդպիսի պահվածք են ցուցաբերել:

-Այսինքն` Ձեր խոսքերի համար չե՞ք փոշմանում:

-Միանշանակ:

-Պետք է հաշվի առնել, որ հավաքների ժամանակ բազմիցս ասել եք, որ սատարում եք Նիկոլ Փաշինյանին: Դրա պատճառով Ձեզ ասոցացնում են իշխանության հետ: Բացի դրանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել եք «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորի թեկնածու Արուս Մանավազյանի նախընտրական շտաբի պետը: Ինքն իր քաղաքական թիմի հետ համաձայնեցրե՞լ է այդ ընտրությունը:

-Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»-ին: Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է: Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն` պատկանում է բոլորին: Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական` ազգ գաղափար: Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին: Եթե մարդիկ քաղաքականապես այնքան անգրագետ են, որ նման եզրույթները չեն կարողանում վերլուծել, ապա ասեմ, որ սա տարիներով կրթության բարձր մակարդակի պակասն է եղել, ինչի համար նույնպես պայքարում եմ: Արուսը իմ շատ մտերիմ ընկերն է, բայց լինելով իր քարոզարշավի շտաբի պետը` դա չի նշանակում` իմ հետագա քաղաքական պատկերացումները պետք է համաձայնեցված լինեն Արուսի հետ:

-Ձեր ելույթներից մեկում ԲՀԿ-ական պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցին: Կոնկրետ ո՞ւմ մասին էր խոսքը:

-Վիրավորական արտահայտություն չի եղել. խոսել եմ իրողության մասին: Ապա ի՞նչ է նշանակում պատգամավոր, որը քննչական մարմնից առաջ է ընկնում, մամուլում տարածված սուտ ինֆորմացիան պաշտոնական է դարձնում, այսինքն` պաշտոնական լծակները օգտագործվում են սուտ խոսելու համար: Ես դա դատապարտում եմ: Իսկ եթե կենդանիների հետ համեմատությունն է եղել խնդիրը, ապա եթե ինչ-որ մեկը իրեն վերագրել է, ապա հենց իրեն էլ վերաբերում է:

-Ո՞ւմ մասին է խոսքը:

-Եթե սկսեմ անուններով խոսել, շատերի անունը պիտի տամ: Չեմ ցանկանում: Ես միշտ պայքարել եմ երեւույթների դեմ, այլ ոչ թե անձանց:

-Գուցե անուններ չտալով` պատասխանատվությունից խուսափո՞ւմ եք:

-Բացառապես չեմ խուսափում: Եթե պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր ինձ հետ տարբեր կարծիքներ ունեն, սիրով պատրաստ եմ իրենց հետ խոսել:

Հ.Գ. Պարզաբանվեց, որ խոսքը վերաբերում էր Ջիվան Աբրահամյանի քեռու որդուն, որը հրապարակայնորեն պաշտապնում էր Կարեն Գրիգորյանին: Ջիվանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կապը միայն բարեկամական է, իրենց քաղաքական հայացքները բոլորովին տարբեր են:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե Մինասյան




Լրահոս