Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:
Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:
Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն: