«Անթաքույց փորձ է արվում ուղղորդել դատավորին». դատախազությունն արձագանքել է Քոչարյանի պաշտպանի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարություններին:

«Այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքին:

Ասուլիսի ընթացքում նրա կողմից արվել են հայտարարություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան կանխորոշիչ, իմպերատիվ ձևակերպումներով, մանիպուլյատիվ հնարքներով և իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով Վերաքննիչ քրեական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, առնվազն ներկայացված բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ կայացվելիք որոշումներին ընդառաջ դատավորի վրա բարոյական և հոգեբանական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսևորում:

Նախ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու` պաշտպանը պնդել է, թե դատավորը կոպիտ կերպով խախտած կլինի օրենքը, եթե վարույթ ընդունի ՀՀ դատախազության ներկայացրած բողոքները: Բացի այդ, պաշտպանը նշել է, թե պատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և ստուգման առարկա դարձնել դատախազության ներկայացրած բողոքները դատավորին մակագրվելու գործընթացի օբյեկտիվությունը: Սակայն առաջ ընկնելով դրանից` վերջինս շտապում է հայտարարել, թե տեղի է ունեցել միջամտություն և փորձելու են պարզել՝ ինչպիսի:
Փաստացի առանց անգամ դատարանին դիմելու, առանց ակնկալվող տվյալներն ստանալու նման հայտարարություններ հնչեցնելով, զուգահեռաբար պիտակավորելով և վիրավորական արտահայտություններ թույլ տալով դատավորի հասցեին՝ ոչ միայն անթաքույց փորձ է արվում կանխակալ կերպով հանրային անվստահություն սերմանել դատարանի նկատմամբ, այլև ուղղորդել դատավորին կայացվելիք որոշումների ընդունման հարցում՝ փաստացի զգուշացնելով, թե ինչպիսի որակումների է արժանանալու իրենց համար հնարավոր անցանկալի ելք ունենալու դեպքում:

ՀՀ դատախազությունը բազմիցս է համապատասխան իրավական հիմքերի հստակ մատնանշմամբ հիմնավորել ինչպես դատավարության ցանկացած փուլում դատարանի կայացրած ակտերը բողոքարկելու, այնպես էլ կոնկրետ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումները բողոքարկելու իր իրավունքը: Այդ հիմնավորումներին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած՝ խնդրո առարկային վերաբերող նախորդ հայտարարություններից ու հաղորդագրություններից:
Չափազանց մտահոգիչ և տարակուսելի է, որ այդ պայմաններում պաշտպանական կողմը շարունակում է դատախազության սահմանադրական և դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների, իրավական ակտերը, օրենսգրքերի իրավակարգավորումները ենթարկելով յուրովի և բացառապես այս գործի շրջանակում պաշտպանական կողմի շահերից բխող սուբյեկտիվ մեկնաբանությունների, և այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի և վիրավորական արտահայտություններով:

Նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսևորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ և 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու և ինչ տրամաբանությամբ է Դատախազությունը զրկված վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, ինչի պնդումը տարօրինակ կերպով փաստացի արվում է ասուլիսի ընթացքում: Իրականություննհ քրեական դատավարության ԻԻրաԻ այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:

Եվ այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն «մոռանում» այս իրավակարգավորման վերաբերյալ ևս նշել, իրեն իրավունք է վերապահել «կես ճշմարտություններ» ասելու, կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:

ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:

Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրս այս ամենն անընդունելի կերով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից, դատարանի կողմից դեռևս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց»:




Լրահոս