Արման Եղոյանը` Աշտարակի ձորում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն սոցցանցի իր էջում անդրադարձել է Աշտարակի ձորում տեղի ունեցած միջադեպին:

Սիրելի հայրենակիցներ,

Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը:

Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարջնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:

Մինչ համալիրի տնօրենին մոտենալը մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքը այնուամենայնիվ պարտավոր է գումարը ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանը սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը հենց այն նույն մատուցողը փորձեց խոչնդոտել նրան:

Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություննր և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:

Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պիտք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը:




Լրահոս