ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է, որ լրագրողներն իրավունք ունենան ներկա գտնվել Երևանի ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում: Նախատեսվում է նաև չեղյալ համարել քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Նախագիծն ունի նախապատմություն: 2018-ի փետրվարի Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ՝ կոյուղաջրերի հայտնի միջադեպը, որից հետո Երևանի քաղաքապետը որոշեց ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Եվ լրագրողների համար հատուկ սենյակ պատրաստվեց, որտեղ նրանք կկարողանան ուղիղ հեռարձակմամբ դիտել ավագանու նիստերը: Սակայն ավագանու Ելք խմբակցությունը դեռ այն ժամանակ քննադատեց նախագիծն այն առումով, որ թեև հեռարձակումները կային, սակայն ցանկացած պահի և միջամտությամբ կարող էին ընդհատվել և լրագրողները զրկել իրադարձությունների մասին իմանալուց: Բացի այդ, լրագրողները զրկվում էին նաև ունենալու իրենց բացառիկ տեսանյութերը: Ըստ այդմ, համարեցինք, որ սա սահմանափակում է լրագրողի աշխատանքի համար: Նախագծով առաջարկեցինք, որ դրույթը չեղյալ համարեն»,-ասաց Սամսոնյանը:
Խմբակցությունը նախագծով առաջարկել է հանել նաև Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրումը, քանի որ այն հակասում է ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին: Սամսոնյանի կարծիքով՝ կա հակասություն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին և ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքների միջև: « Վերջին օրենքը նախատեսում է, որ լրագրողներին հավատարմագրում են միայն պետական մարմինները, սակայն ՏԻՄ-երի մասին խոսք չկա: Այդ պատճառով մենք ուզում ենք վերացնել այդ դրույթը»,-ասաց նա ու հավելեց, որ դա կնպաստի նաև ՏԻՄ-երում ժողովրդավարական գործընթացների ավելի արդյունավետ լուսաբանմանը:
Նախագծի վերաբերյալ կառավարությունից ստացել են երկու առաջարկ: Մեկի համաձայն՝ ավագանիում մարդկանց մասնակցությունը չի կարող լինել անսահմանափակ՝ հաշվի առնելով, որ կան անվտանգության մի շարք հարցեր: Սամսոնյանը նկատեց, որ իսկապես դահլիճն ունի տեխնիկական խնդիրներ: Կառավարության հետ համաձայնության են եկել նաև այն մասով, որ պահպանեն լրագրողների համար հատուկ սենյակը, սակայն այն պետք է կցված լինի ավագանու նիստերի դահլիճին և ըստ այդմ լրագրողները կկարողանան անմիջապես հետևել իրադարձություններին: