Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ` ՊՆ-ի կողմից մատչելի գնով հողատարածքի օտարման վերաբերյալ` տեղեկացնելով, որ արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 51.5 մլն ՀՀ դրամի վնաս: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը` Ռշտունի Սիմոնյանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.5 մլն ՀՀ դրամի վնաս:
Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության.«2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձեւով՝ 38 մլն ՀՀ դրամով, օտարվել է Երեւան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական եւ դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.5 մլն ՀՀ դրամ:
Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.5 մլն ՀՀ դրամ»:
Այլ կերպ ասած`ՀՀ ՊՆ-ն հողատարածքը վաճառքի է հանել ավելի մատչելի գնով, սակայն պարզվում է` այս ամենն իր մեջ մութ կետեր ունի: Օրինակ` չի բացառվում, որ հաղատարածքը վաճառվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանցից մեկին` հարազատին կամ մտերիմին, եւ դրա համար էլ բավական էժան գին են սահմանել:
Նկատենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարն է եղել Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Սեյրան Օհանյանի քրոջ ամուսինը`Ռշտունի Սիմոնյանը: Չի բացառվում, որ իրավապահները ունեցել են տեղեկություններ, որ հողատարածքը նրան է վաճառվել, ուստի նրան էլ հարցաքննության են կանչել: Ինչեւէ, գործով նախաքննությունը շարունակվում է:
Քնար Մանուկյան