Անյա Սահակյանը՝ նախկինում նշանադրված լինելու, ամուսնանալու պլանների և իրեն հոգով-սրտով հայ չզգալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը մի շարք սերիալներից եւ հումորային նախագծերից հայտնի դերասանուհի Անյա Սահակյանն է: Նա անդրադարձել է գործնական եւ անձնական պլաններին, հայկական մենթալիտետի՝ իր համար անհասկանալի եւ անընդունելի դրսեւորումներին եւ այլ թեմաների:

-Անյա՛, հիմա կա՞ մի նոր նախագիծ, որտեղ ներառված եք:

-Այո՛, նկարահանվում եմ հումորային մի նախագծի շրջանակում, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Այլ մանրամասներ դեռեւս չեմ հայտնի

-Որքանով տեղյակ եմ, հորական կողմից հայ եք, մորական կողմից՝ թաթար: Հետաքրքիր է՝ Ձեզ հոգով-սրտով հայ եք համարո՞ւմ, թե՞ թաթար:

-Այո, մայրիկիս կողմից Մոնղոլիայի թաթար եմ: Հոգով-սրտով հայ չեմ բացարձակ: Երեւի իմ մեջ 25 տոկոսով է հայի գեն «խոսում»: Ես հայի մտածելակերպ, աշխարհայացք չունեմ, ինձ մոտ առկա են բնավորության գծեր, որոնք բնորոշ չեն հայերին: Տարբերվող կերպարս պայմանավորված է հենց իմ մեջ հոսող արյամբ:

-Օրինակ` հայկական մտածելակերպի մեջ հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:

-Այն, որ ավելի հարգված մարդը, որը անում է ինչ-որ բաներ գաղտնի, քան մարդը, որն իրեն ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին կա եւ որեւէ մեկից դրա համար թույլտվություն չի հարցնում: Հայաստանում մարդը, որն ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, հարգի չէ: Դա ինձ համար աբսուրդ է:

Իմ՝ մյուսներից տարբերվելը շատ դեպքերում տհաճություն է պատճառում մարդկանց,բայց նրանք չեն հասկանում, որ, օրինակ, դաջվածքներ, պիրսինգներ կրողը ես եմ, եւ եթե դրանք իրենց դուր չեն գալիս, թող իրենք չկրեն: Եվ հետո՝ Հայաստանում մարդիկ դիմացինի մասին հաճախ միայն արտաքինից ելնելով են դատողություններ անում եւ առաջնորդվում են ուրիշների կարծիքով՝ չունենալով սեփականը:

-Ձեր՝ մյուսներից տարբերվող լինելը խոչընդոտներ առաջացրե՞լ է գործնական հարաբերություններում:

-Եղել է, որ ընտիր թիմում եմ աշխատել, եւ սիրով էլի կաշխատեի, բայց եղել են նաեւ դեպքեր, որ չեմ հասկացել մարդկանց տեսակը, իրենք էլ՝ իմը: Հումորային երկու նախագծի դեպքում բախվել եմ նման խնդրի, բայց աշխատել եմ նորմալ հարաբերություններ պահպանել նախագծից հեռանալուց հետո:

Պարզապես կան պրոդյուսերներ, որոնք իրենց վեր են դասում դերասանից: Այսօր դերասանը շոուբիզնեսյան աշխարհում հարգի չէ: Նրան ավելի շատ հարգում են այդ աշխարհից դուրս, իսկ ներսում գիտեն, որ այդ դերասանին շատ հեշտ կարող են փոխարինող գտնել, քանի որ, չգիտես ինչու, ամեն երկրորդն այսօր դերասան է:

-Իսկ Ձեր ուրիշ լինելը տղամարդկանց հետ հարաբերությունների վրա ինչպե՞ս է անդրադարձել:

-Հայ տղամարդկանց հետ ինձ համար բացարձակապես դժվար չէ: Ես խնդիր չեմ ունեցել անգամ այն ժամանակ, երբ եղել եմ նշանադրված: Հայ տղամարդկանց հետ ավելի հեշտ եմ լեզու գտնում, քան տղամարդկանց:

-Հայ տղամարդու հետ էիք նշանադրվա՞ծ: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չստացվեց շարունակել հարաբերությունները:

-Այո՛, հայի: Մենք պարզապես իրար չհասկացանք, բայց մինչեւ այսօր էլ լավ ընկերներ ենք: Նա շատ լավ մարդ է:

-Իսկ այս պահին Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, Ձեր կողքին տղամարդ կա՞:

-Այո, բայց չէի ցանկանա մանրամասներ հայտնել:

-Հիմա ի՞նչ դերի մասին եք երազում:

-Կցանկանայի գեղարվեստական ֆիլմում հանդես գալ ազատամիտ, բայց ոչ սանձարձակ աղջկա կերպարում: Կցանկանայի նաեւ տղամարդու կերպար խաղալ, բայց Հայաստանում դա բավական բարդ է:

-Թերեւս թատրոնում կարող եք Ձեր երազանքը իրականություն դարձնել եւ տղամարդու դեր խաղալ:

-Ի դեպ, կցանկանայի նաեւ թատրոնում խաղալ, պարզապես թատրոնում էլ սիրում են գործ ունենալ միատեսակ աղջիկների հետ: Ընդհանրապես, Հայաստանում միօրինակությունը ողջունվում է: Ինչ վերաբերում է հեռուստանախագծերին, փորձը ցույց է տալիս, որ նախապատվությունը հաճախ տրվում է շուրթերը «կադաստրով» առաջ տված, պլաստիկ վիրահատությունների զոհ աղջիկներին,իսկ տարբերվող կերպարների չեն վերցնում:

-Անյա՛, արտերկրում ապրելու մասին մտածե՞լ եք:

-Ես երկու հայրենիք ունեմ՝ Հայաստանը եւ Ռուսաստանը: Երկու երկրներում էլ լինում եմ, բայց տեղը չէ, որ պետք է որոշի՝ ես ինչպես ապրեմ, ինչպես ինձ զգամ:

-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ կյանքի այս փուլում առաջիկայի ի՞նչ պլաններ եք կազմում:

-Ինձ համար առաջնայինը առողջությունն է: Հոգեբանական որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո առավել եւս կարեւորում եմ ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը: Նպատակ ունեմ կերտել ինձ համար ցանկալի դերեր եւ կցանկանայի արդեն երկու տարի անց կազմել իմ ընտանիքը: Հիմա 27 տարեկան եմ. դա կլինի ամենալավ ու հասուն տարիքը՝ ընտանիք ստեղծելու համար: Այդ ժամանակ ահագին փորձ ես կուտակած լինում եւ կարողանում ես ճիշտ դաստիարակել երեխաներիդ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս