«Ես եմ ծեծել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին» Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է արել ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը:
«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»,-մասնավորապես գրել է նա։
ArmLur.am-ը միջադեպի մասին զրուցեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։
«Ընդհանրապես դատապարտելի է բռնությունը, ծեծը։ Բայց քանի որ ամեն թափթփուկ ինչ ուզում է խոսում է, ինչի մասին ուզում խոսում է, Արցախի սրբազանին ասում է` սրբապիղծ, նախագահին ասում` քարով գլուխը կջարդեմ եւ որևէ պատժի չի արժանանում, պետք է հասկանալ, որ նման դեպքերը անխուսափելի են դառնում»,-մեզ հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Նա նաեւ նշեց, որ դեռ առիթ չի եղել Գեղամ Մանուկյանի հետ անձամբ խոսել այս մասին։
Լուսինե Մինասյան