ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթցքում քննարկվել են մարզային և համայնքային նշանակության հարցերի լայն շրջանակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, խոսելով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին, մարզպետներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից ներկայացվող ծրագրային հայտերն ու նախագծային փաստաթղթերը՝ անհրաժեշտության դեպքում նրանց ցուցաբերելով մասնագիտական և խորհրդատվական աջակցություն։
Անդրադառնալով հունիսի 8-ին կայանալիք համապետական մաքրության միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շաբաթօրյակի անցկացման անհրաժեշտությունը բխում է հանրության մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու և հոգատարության մշակույթ ձևավորելու անհրաժեշտությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին առնչվող հարցեր։