Դիանա Գասպարյանը «թիրախավորել» է հիմնադրամը. Նիկոլ Փաշինյանին դիմում են ուշադրություն դարձնել քաղաքապետի ուղղորդվածության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Արթուր Ասատրյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանի հետ:

-Պարո՛ն Սերգոյան, Ձեր հիմնադրամը հունիսի 1-ին միջոցառում էր կազմակերպել, որը, կարելի է ասել, այդքան էլ անհարթ չի անցել. եղել են քաշքոցներ, իսկ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ կազմակերպիչները չէին իրազեկել նախապես քաղաքապետարանին, որի համար օրենքով սահմանված կարգով տուգանվելու են: Ի՞նչ է կատարվել իրականում:

-Հունիսի 1-ին հիմնադրամը կազմակերպել է միջոցառում, որի բյուջեն եղել է 15 միլիոն դրամ: Միջոցառմանը եղել են հազարավոր խաղալիքներ, պաղպաղակներ, եղել է ուղղաթիռ, որը վերեւից հազար հատ գնդակներ է բաց թողել երեխաների ուղղությամբ: Չի կարելի ասել` եղել է հրմշտոց, հավաքվել է 7-8 հազար մարդ. երկու օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ լինելու է նման միջոցառում, հավաքվել են այդքան երեխաներ իրենց ծնողների հետ: Իսկ քանի որ երեխաներն իրենց բնավորությամբ անհամբեր են, ուզում էր ամեն մեկն առաջինը ստանար այդ նվերը, դա որակվեց որպես հրմշտոց: Մեր հիմնադրամի կայքում կա վիդեոհոլովակը, Դուք կարող եք տեսնել, թե իրականում ինչ է կատարվել: Բայց մեր քաղաքապետը դա որակեց հրմշտոց, հայտարարեց, թե դա արտոնագրված չի եղել:

Բայց ես ասեմ, որ մենք բանավոր իրենց առաջարկել ենք, որ թույլ տան քաղաքապետարանի դիմացի այգում արվի միջոցառումը, բայց ասեցին` իրենք ունեն այդտեղ միջոցառում, ոստիկանությունից կապվեցին մեզ հետ ու ասեցին, որ Դիանան ասել է, որպեսզի թույլ չտանք այդտեղ որեւէ միջոցառում արվի: Մեզ քանի որ բանավոր մերժեցին, մենք այլեւս գրավոր չդիմեցինք: Մենք էլ Էջմիածնի հրապարակի հարակից տարածքում` սրճարանի տարածքում, որը մասնավոր է, մենք ստացանք իրենից թույլտվություն եւ կազմակերպեցինք մեր միջոցառումը: Իսկ միջոցառումն անցել է շատ բարձր տրամադրությամբ, որեւէ խնդիր չի եղել, որեւէ միջադեպ չի եղել բացարձակապես:

-Նշեցիք, որ քաղաքապետ Դիանա Գասպարյանը չի ցանկացել, որ Ձեր միջոցառումը կազմակերպեք քաղաքապետարանի տարածքում: Ի՞նչ խնդիր ունեք քաղաքապետի հետ, ո՞րն է Ձեր տարաձայնությունների պատճառը:

-Ուզում եմ սկսել դեռեւս փետրվար ամսից. վերջին 30-40 տարվա ընթացքում, որ ամենախոշոր բարեգործական ներդրումը եղել է Էջմիածնում, եղել է հիվանդանոցի առաջին շտապ բուժօգնության մասնաշենքն ամբողջովին հիմնանորոգմամբ, գույքի վերազինմամբ եւ երկու մեքենաների նվիրատվություն: Այդ ժամանակ մեր հիմնադրամն անձամբ դիմել է պաշտոնական տիկին Դիանա Գասպարյանին, որ մասնակցի բացման արարողությանը, եւ հիմնադրամի կողմից պատվո ժապավենը, արժանացնում են, որ Դուք ինքներդ կտրեք: Տիկին Գասպարյանը չեկավ, նույնիսկ չարձագանքեց կամ չպատճառաբանեց, չմեկնաբանեց թե ինչի համար չեկա. այս կարգի անտակտ վերաբերմունք: Սա նշում եմ նրա համար, որ հասկանալի լինի տարաձայնությունը:

Դիանա Գրիգորյանը եթերում ասում է, որ ինքը խնդիր չունի ու չի կասկածում, որ Արթուր Ասատրյանը մեծ հայորդի է, նվիրյալ եւ այլն, բայց ճիշտ չի եղել մեր համագործակցությունը: Այսինքն` եթե մենք հրավիրում ենք ու ինքը չի գալիս, դա ինչ է նշանակում: Մեզ բազմաթիվ ծնողներ են դիմել, որ մանկապարտեզ հաճախող իրենց երեխաները չեն կարողանում օգտվել սանհանգույցից, որովհետեւ պայմաններ չկան, խնդրում են փոխենք այն ամբողջությամբ, մենք դիմում են իրենց, ասում ենք, պատրաստ են նվիրել 60-70 հատ նվիրենք ու արդեն տեղում պայմանավորվենք հիմնանորոգման համար: Մեզ պատասխանում են, թե, գիտեք, մեզ պետք չի ձեր 60-70 հատ սանհանգույցներն ու լվացարանները, մենք դա կանենք, սակայն մինչեւ այսօր որեւէ բան այնտեղ չի փոխվել: Մեզ պատասխանում են նաեւ, թե եթե հանձն եք առնում այս մանկապարտեզները հիմնանորոգելու, նոր կհանդիպենք ու կխոսենք:

Դրանից հետո էլ դիմել ենք Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառման կազմակերպման համար, լինելու էր ջազ, ներկայացրել էինք բոլոր մանրամասները, ինքը պատասխանում է` էստրադային է, բայց շեշտեմ, որ եկեղեցին դեմ չի եղել, մենք ունեցել են իրենց նախնական համաձայնությունը: Ջազը էստրադա չի, ու մենք շատ լավ գիտակցում ենք Սուրբ Հարության տոնը ամեն ինչով. ի տարբերություն քաղաքապետի` մենք ամբողջ կյանքում եղել ենք հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ, ոչ թե մեկ կրուասանը փոխել ենք Աստծո հետ, որը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, մերժել են նաեւ հունիսի 1-ին մեր կազմակերպած միջոցառման ժամանակ հարակից տարածքում գործող բասեինների շահագործումը, քանի որ տեղեկացել են, որ այն կազմակերպել է մեր հիմնադրամը:

-Փաստորեն, ըստ Ձեզ, քաղաքապետը «բլոկադա» է անում Ձեր հիմնադրամի բոլոր աշխատանքնե՞րը:

-Իմ ներկայացրած փաստերը դա են վկայում: Մեր քաղաքն այսօր կորել է աղբի մեջ, մեր քաղաքում ասֆալտապատում չեն իրականացնում, նույնիսկ քաղաքում հումորի են վերածել այդ ամենը, ասում են` քաղաքապետը զապչաստի խանութների հետ փայ է մտել, չի ասֆալտում, որ շատ ավտոմասեր ծախվի: Սա է մեր իրականությունը. գոնե քաղաքապետն իր գործով զբաղվի, մի հատ էլ ուզում է սեւացնի մարդկանց կատարած աշխատանքները: Ինքն իրեն հարց տվե՞լ է, թե ինչի իր կազմակերպած համերգին այդքան մարդ չկա, ինչքան մեր միջոցառումներին. մենակ հունիսի 1-ին 7-8 հազար մարդ է ներկա եղել:

Քաղաքապետը հասկացել է, որ Արթուր Ասատրյանին շատ են սիրում քաղաքում, փորձում է իրեն սեւացնի, բայց ես շեշտում եմ` մենք չունենք քաղաքական որեւիցե շահ, նպատակ, սպասելիք: Մենք նույն քաղաքական թիմի մեջ ունենք բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ. միայն այն բանի համար, որ այսօր այդ քաղաքը ազատագրվել է, մենք չենք կարող որեւիցե սխալ քայլ անել պարոն վարչապետի հանդեպ: Ինչ կատարվում է, դա կատարվում է Դիանա Գասպարյանի ու իր դասատուների գործելաոճի արդյունքում: Սա մի բան է վկայում. սա տհաս քաղաքական գործչի քաղաքական խանդն է: Ինքը սահմանափակ մտածելակերպով քաղաքական գործիչ է:

-Պարո՛ն Սերգոյան, վերջին ժամանակներս տեղեկություններ էր շրջանառվում, որ Դիանա Գասպարյանի հետ ունեցած լարված փոխհարաբերության պատճառով Արթուր Ասատրյանը նպատակ ունի դադարեցնելու հիմնադրամի աշխատանքները. կա՞ իրականում նման բան:

-Նման հարցի չեմ ցանկանում պատասխանել: Ես բաց արդեն դիմեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսի արդեն ինքը հետեւի Դիանա Գասպարյանի վարած քաղաքականությանը. մեր նպատակը բարի է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս