ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործընթացը դեռ ավարտված չէ. ինչպիսին է կառավարության նոր կառուցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ից ՀՀ կառավարությունն այլեւս նոր կառուցվածք ունի։ Ըստ այդմ, կան նոր նախարարություններ, որոնք ստեղծվել են օպտիմալացման արդյունքում։ Նոր ստեղծված, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` վերակազմավորված նախարարություններն են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Երեկ արդեն վարչապետը նշանակումներ է կատարել, եւ այդ միավորված նախարարություններն արդեն ունեն փոխնախարարներ։ Սակայն այս գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ յուրաքանչյուր ճյուղ պետք է ունենա երկու փոխնախարար, սակայն երեկվա նշանակումներով դեռ այդ պատկերն ամբողջական չէ։ Երեկվա նշանակումների մեջ նաեւ, որպես այդպիսին, փոփոխություն չենք կարող արձանագրել, քանի որ պաշտոններ են ստացել նախկինում արդեն իսկ համակարգում եղած մարդիկ։

Օրինակ` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ նշանակված Բագրատ Բադալյանը մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը` 2014-2015 թվականներին, աշխատել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, իսկ 2015-2018թթ. «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է եղել: Իսկ, ահա, 2018-ից մինչեւ 2019 թվականի տվյալները կենսագրության մեջ բացակայում են։

Նույն նախարարությունում մյուս տեղակալ նշանակված Հակոբ Վարդանյանը 2018 թվականին, այսինքն` թավշյա հեղափոխությունից հետո արդեն իսկ նշանակվել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Ստացվում է՝ նախարարությունների օպտիմալացումից հետո նա չիկորցրելիր պաշտոնը։ Իսկ, ահա, մինչ թավշյա հեղափոխությունը նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԲԷՑ-ում. կառույց, որտեղ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։

Մյուս փոխնախարար Լիլիա Շուշանյանը կառավարության հին կադրերից է եւ 2014 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավարը,երեկ էլ նշանակվել է նախարարի տեղակալ։

Էկոնոմիկայի նախարարությունում երկու փոխնախարար է նշանակվել, մեկը՝ Արտակ Քամալյանը` գյուղատնտեսության գծով, իսկ Ավագ Ավանեսյանը` Էկոնոմիկայի։ Վերջինս 2012 թվականից կրկին տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում։
Իսկ, ահա, Արտակ Քամալյանը գյուղատնտեսության փոխնախարար էր նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո, իսկ 2012-2018 թվականները «Պարիտի Կապիտալ» ԲԲԸ-ում եղել է գլխավոր տնօրենի տեղակալ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռեւս մեկ փոխնախարար ունի՝ Գեղամ Վարդանյանը։ Նա եւս հեղափոխությունից հետո է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ նշանակվել, իսկմինչ այդ վաճառքի գծով տնօրեն է եղել մասնավոր ընկերությունում։ Մեկ փոխնախարար ունի նաեւ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Իրինա Ղափլանյանը։ Հետաքրքիր է, որ նրա կենսագրության մեջ 2017 թվականից հետոորեւէ տվյալ առկա չէ, իսկմինչ այդ եղած տվյալներից եւ կրթությունից տեղեկանում ենք, որ նա ավելի մասնագիտացված է քաղաքագիտության ոլորտում, եւ այդ առումով տարօրինակ է նրա նշանակումը Շրջակա միջավայրի նախարարությունում։

Իսկ Արեւիկ Անափիոսյանն էլ, Արայիկ Խզմալյանն ու Գրիշա Թամրազյանն էլ նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ։ Արեւիկ Անափիոսյանը մինչ այս դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, Գրիշա Թամրազյանը եղել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր, իսկ Արայիկ Խզմալյանն էլ մշակույթի գծով փոխնախարարն է, մինչ այդ եղել է Հայաստանի զբոսաշրջության հիմնադրամի տնօրենը։

Նոր նշանակումները դեռեւս այսքանն են, սակայն ինչպես նշեցինք, գործընթացը դեռ չի ավարտվել, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն,եւ արդեն հստակ կլինի, թե որքանով է թարմանալու կառավարության կազմը։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս