«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարույթը հարուցել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը: Հիմա դատավոր Երիցյանը պետք է ներկայանա հանձնաժողով ու ներկայացնի իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ: Հետո հանձնաժողովը կորոշի՝ դատավորի հարցը ուղարկել ԲԴԽ, թե ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելիընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց տարբեր լրատվամիջոցներ հասցրել էին այն հրապարակել: Հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առաջ:
Քնար Մանուկյան