ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին իշխանությունների հիմնած բիզնեսը կվերանա՞ Սևանա լճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին կառավարությունների կողմից պարբերաբար արտոնություններ ստացած «Սեւանի իշխան», ՙՍեւան ակվա՚ ընկերությունների ցանցավանդակները հնարավոր է հանվեն Սեւանա լճից: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

ArmLur.am-ը մշտապես բարձրաձայնել է, որ «Սեւան Ակվա» եւ «Սեւանի Իշխան» ընկերությունների գործունեությունը լուրջ վտանգներ է առաջացնում լճի համար: Սա լուրջ խնդիր են համարում նաեւ մասնագետները`ներկայիս իշխանություններից պահանջելով լճից մեկ օր շուտ հանել ցանցավանդակները: Նրանց խոսքերով, Սեւանա լճում ֆոսֆորի քանակությունը լճում սլացիկ բարձրանում է:

««Սեւանի իշխան» ընկերության մասով մենք ինքներս մտահոգությունններ ունենք, որովհետեւ այդ կերը, որը տրամադրվում է, ունի ֆոսֆորի պարունակություն: Իսկ մեր մոնիթորինգի տվյալներով, ֆոսֆորի պարունակությունը Սեւանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից, ներառյալ ՙՍեւանի իշխան՚ -ը, հետազոտություններ ունենք, այս պահին անում ենք այստեղ: Նաեւ`գերմանական ինստիտուտ է ուսումնասրություն կատարել եւ հաշվետվությունը, որ նրանք մեզ ներկայացրել են, պարզվել է, որ «Սեւանի իշխան»-ի ցանցավանդակների տարածքում ֆոսֆորի կոնցետրացիաներն ավելի բարձր են, քան այլ տարածքներում:

Եթե ցանցային տնտեսություններից առաջացող ֆոսֆորային կերից մնացորդ ֆոսֆորային կոնցենտրացիաները վնաս են հասցնում Սեւանա լճի էկոհամակարգին, այո, ես չեմ բացառում, որ դրանք կարող է հեռացվեն: Ոչ միայն դա, այլ մի քանի աղբյուր կա, օրինակ ռեստորանային տնտեսությունները, որոնցից նույնպես ֆոսֆորի մեծ արտահոսք է տեղի ունենում՚,- բարձրաձայնեց նախարարը:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, կառավարությունը ստեղծեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը՚: 2014 թվականին ստեղծվեց «Սեւանի իշխան» ընկերությունը: Իսկ ահա մեկ տարի անց` 2015 թվականի նոյեմբերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հիմնվեց «Սեւան ակվա» ընկերությունը:

Նկատենք, որ հիմնադրամի կողմից ստեղծված երկու ընկերություններն էլ ունեն նույն գործառույթները: Եւ նախկին կառավարությունների կողմից այս ընկերություններին տրամադրվում էին հարկային արտոնություններ, ազատվում էին ներմուծվող սարքավորումների մաքսատուրքերից: Անգամ ընկերությանը անհատույց օգտագործման հողամասեր էր տրամադրվել: Միայն 2017 թվականին այս ընկերություններին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ էր տրամադրվել:

Բայց չնայած սրան` ընկերությունները իրենց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս իրականություն չեն դարձրել:

Ավելին, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր, նախագահի տեղակալը` Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանը: Եւ հենց այս պատճառով է, որ վերջին մի քանի տարիներին ընկերությունները տարվա մեջ մի քանի անգամ կառավորության կողմից արտոնություններ էին ստանում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս