Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված ուժային եռամարտի աշխարհի առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին:
Շնորհավորելով գավառցի երիտասարդ մարզիկին՝ նախագահը դրվատել ու քաջալերել է նրան արձանագրած հաջողության համար: Նախագահի խոսքով՝ Գևորգն ապացուցում է, որ կամքն ու հաստատակամությունը կարող են հաղթել ցանկացած դժվարության ու հաղթանակ պարգևել:
Գևորգ Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի և այն աջակցության համար, առանց որի ինքը չէր կարող մասնակցել աշխարհի առաջնությանն ու հաջողության հասնել: Նա նաեւ ասել է, որ լի է նոր հաղթանակներ տոնելու վճռականությամբ և առաջիկայում պատրաստվում է մասնակցել Վրաստանում կայանալիք առաջնությանը:
Շարժողական խնդիրներ ունեցող Գևորգ Աֆրիկյանը հաղթել էր նաև անցյալ տարի նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որից հետո հյուրընկալվել էր Հայաստանի նախագահի նստավայրում:
Ի նշան երախտագիտության՝ այսօրվա հանդիպմանը Գևորգ Աֆրիկյանը, նրա մարզիչ Դավիթ Ասոյանը և ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր և հուշանվեր են հանձնել նախագահ Սարգսյանին: «Սա ընդամենը սկիզբն է: Վստահ եմ, որ դու ուրիշ բարձունքներ էլ ես նվաճելու և ոչ միայն սպորտում»,-ասել է Հանրապետության նախագահը:
Գևորգ Աֆրիկյանի համար ավելի հարմար տեղաշարժ ապահովելու նպատակով նախագահ Սարգսյանն իր աջակցության շրջանակում նրան է նվիրել կվադրոցիկլ տեսակի փոխադրամիջոց և մարզասարք, որի վրա կկարողանան իրենց ցուցանիշները բարելավել ոչ միայն Գևորգը, այլև նրա հետ մարզվող մյուս պատանի ու երիտասարդ մարզիկները:
Հանրապետության նախագահը խոստացել է նաև առաջիկայում այցելել մարզիկին և տեսնել, թե ինչպես ու ինչ պայմաններում է նա մարզվում: