ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպումը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ առաջինն էր, տեւել է ավելի քան 3 ժամ: Սկզբում Փաշինյանն ու Ալիեւն առանձնազրույց են ունեցել, հետո նրանց են միացել համանախագահները:
Այս հանդիպման վերաբերյալ կողմերի հիմնական գնահատականը կարծես նույնն էր` «դրական», «կառուցողական»:
Հանդիպման արդյունքների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ ՄԽ համանագահները, ու համադրելով այն Փաշինյանի խոսքերի հետ` կարելի է ընդհանուր եզրակացություններ անել բանակցությունների մանրամասների վերաբերյալ: «Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման եւ բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարեւորությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով: Հղում կատարելով Դուշանբեում տեղի ունեցած իրենց զրույցին՝ ղեկավարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` ամրապնդելու հրադադարը եւ բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը։ Նրանք նաեւ համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ մարդասիրական ոլորտում»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Կարո՞ղ ենք արդյոք մենք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայունություն, կարո՞ղ ենք արդյոք այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, սահմանամերձ համայնքներում լինի խաղաղություն, որ մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ առանց մտածելու, թե դիմացի դիպուկահարները իրենց հանկարծ կվնասեն: Կարո՞ղ ենք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք մենք հիմա քննարկել, օրինակ` կան 2 կողմերում 2 երկրների բնակիչներ, որոնք կարող են հանգիստ ապրել»:
Այլ կերպ ասած` հակամարտության կարգավորմանը հասնելու որպես առաջին քայլ` շեշտվել է վստահության մթնոլորտի հաստատումը, ինչն առաջին հերթին նշանակում է սահմանին պահպանել հրադադարը` միաժամանակ հնարավորություն տալով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ապրել հանգիստ կյանքով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաեւ 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»: Իսկ մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվեց, ինչ-որ անհասկանալի բառեր ասաց ու անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն տեւական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է:

 

 

 

Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը: Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, որ չպետք է մասնակցեն նիստին: Արդեն ժամեր անց նրանք ԱԺ նիստին մասնակցելու հրահանգ ստացան։ Ավելին` երեկ Արցախ մեկնել պատրաստվող պատգամավորների խմբին ճանապարհի կեսից ետ են կանչել քվորում ապահովելու համար: Առավոտյան գրանցվածներին էլ չէին հասցրել զգուշացնել չգրանցվել եւ չմտնել դահլիճ։ Ինչեւէ, երկրորդ փորձից քվորում ապահովելն ու նիստն անցկացնելը հաջողվեց։ Իսկ հիմա իշխող ուժի պատգամավորները յուրովի են մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը` ըստ այդմ փորձելով ապացուցել, թե փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին կարող է առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու։

 

 

 

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է: Հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ: Թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից, եւ Ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում: «Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար»,- պարզաբանեցին հիմնադրամից: Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, ու նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

 

 

 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում է շնորհվել Ռուբեն Շուգարյանին ու Լեւոն Խաչատրյանին: Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին էլ, նախագահի հրամանագրով, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում էր շնորհվել Արմեն Բայբուրդյանին:
Իրականում այս երեք դիվանագետների դեպքում արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումը վերականգնվել է, ոչ թե նոր շնորհվել: Շուգարյանը, Խաչատրյանն ու Բայբուրդյանը ՀՀ այն դեսպաններն էին, որ ԱԳՆ մի քանի այլ աշխատակիցների հետ 2008թ. կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների օրերին հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից` նախազգուշացնելով նման քայլերի վտանգավոր հետեւանքները: Հաջորդ պահին հետեւեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը՝ երեք դեսպաններին աշխատանքից ազատելու, նրանց արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումից զրկելու մասին: ԱԳ այն ժամանակ նախարար Վարդան Օսկանյանի հրամանով էլ աշխատանքից ազատվեցին հայտարարության տակ ստորագրած ԱԳՆ աշխատակիցները:
Թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ նոր իշխանությունները, որպես գաղափարական համերաշխության դրսեւորում, կվերականգնեն դեսպանների կոչումը` միաժամանակ աշխատանքի վերականգնելով քաղաքական հալածանքի զոհ դարձած տասը դիվանագետներին: Բայց ԱԳՆ-ն տեւական ժամանակ հապաղում էր այդ քայլին գնալ, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ամեն կերպ փորձում էր խուսափողական պատասխաններ տալ: Ու միայն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա նոյեմբերի 1-ին հայտարարեց արդարության վերականգնման ուղղությամբ քայլեր անելու մասին (մինչ այդ թեման անընդհատ բարձրաձայնել էր մամուլը՝ հատկապես «Ժողովուրդ» օրաթերթը), սառույցը տեղից շարժվեց: Նոյեմբերին վարչապետը հայտարարել էր. «Այդ կապակցությամբ ես արդեն հանձնարարական եմ տվել արտգործնախարարին, եւ արդեն այդ մարդկանցից Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս։ Արտգործնախարարն, իմ հանձնարարությամբ, զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, այն վերականգնվի»։ Փաստորեն, երեք դիվանագետի կոչում վերականգնվել է, Շուգարյանն ու Խաչատրյանը նշանակվել են ԱԳ նախարարի խորհրդական: Աշխատանքից ազատված դիվանագետներից Վլադիմիր Կարապետյանն էլ այսօր ՀՀ վարչապետի խոսնակն է: Բայց մյուսների դեպքում խնդիրը դեռ մնում է չլուծված:




Լրահոս