ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով` Շիրակի մարզում տնակների հաշվառման աշխատանքային խումբ է ձեւավորվել: Նպատակը աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների, փաստագրման արդյունքների հավաքագրումը եւ դրանց հիման վրա համապատասխան առաջարկների փաթեթի մշակումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվառման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի հունիսի 30-ին:

Հաշվառման այս փուլում հաճախակի են հանդիպումներն ու քննարկումները: Տնակների հաշվառման գործընթացի վերաբերյալ վերջին հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Վերջինս խիստ հրահանգներ է տվել հստակեցնել, թե որ օղակներում են դանդաղում ոչ հիմնական շինությունների փաստագրման աշատանքները: «Հստակ է ծրագիրը` ինչ պետք է արվի, ճանապարհային քարտեզն արդեն մշակված է: Վարչապետի հանձնարարականով` մենք ժամանակին կկատարենք: Ճշգրիտ ինֆորմացիան անհրաժեշտ կներկայացվի քննարկման»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Աշխատանքային խումբն առաջին նիստն անցկացրել է դեռ փետրվարի 12-ին, եւ որոշում է կայացվել մեկ ամիս ժամանակ տալ տվյալները հավաքագրելու համար։ Արդեն Քաղաքաշինական կոմիտեին ներկայացվել է, որ երկու մարզում հաշվառվել է 6 հազար 338 ժամանակավոր կացարան: Միայն Գյումրիում 3 հազար 499 ժամանակավոր կացարան կա, դրանցից 2 հազար 804-ը բնակելի տնակներ են։
Աշխատանքային խումբն անօթեւանության խնդրի լուծման 2 առաջարկ է քննարկելու, որոնք ներկայացրել են «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը։ Ըստ «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի` խնդիրը լուծում չի ստանա, մինչեւ օրենսդրական փոխոխություններ չկատարվեն: Նրա պնդմամբ` սխալը եղել է ի սկզբանե, դա է պատճառը, որ Գյումրիում դեռ անօթեւաններ կան. «Կառավարության՝ 1999թ. կայացրած 432 որոշումը, որով բնակարանների տրամադրման ու աղետի գոտու վերականգնման ծրագիրն է իրականացվել, պետք է փոխվի: Որքան հասկանում եմ, ուզում են հենց այդ որոշմամբ շարունակել գործընթացը: Դա անհնար բան է, որովհետեւ որոշման պատճառով է, որ որքան կորցրել են բնակարաններ, այնքան պետք է փոխհատուցվեին: Բացի դրանից բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքները միայն կարող էին փոխհատուցվել: Այսինքն` այդ ամենը կապված է 432 որոշման հետ, այսպես ասած` այդ որոշման մեղքով է: Պետք է փոխենք այդ որոշումն ու փոխհատուցման ու բնակապահովման այլ ծրագիր մտածենք»,-ասել է «Շիրակ» ՀԿ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը:
Ծնունդով գյումրեցի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարության 1999թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշման համաձայն` բնակարաններ կորցրած ընտանիքներին փոխհատուցումը եղել է համապատասխան ընթացակարգով: Յուրաքանչյուրը ստացել է այնքան սենյակներով բնակարաններ, որքան կորցրել է, իսկ ընտանիքները տարիների ընթացքում մեծացել են: Պետությունը, սակայն, այդ հանգամանքը ընդհանրապես հաշվի չի առել՝ ավարտված համարելով Գյումրիում բնակապահովման ծրագիրը, փաստ բերելով այն, որ կառուցվել է այնքան բնակարան, որքան կործանվել է: Վահան Թումասյանի առաջարկն էլ հենց այդ կետի փոփոխության հետ է կապված:
Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը հաշվառել են ժամանակավոր կացարանները: Հաշվառումը վերաբերում է ոչ միայն բնակեցված, այլեւ ժամանակավոր դատարկ կացարաններին: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի պնդմամբ` մարզում 3 հազար 515 ժամանակավոր կացարան է հաշվառվել. «Ժամանակավոր կացարանում բնակվող 5 ընտանիք հաշվառվել է Արթիկում, 654-ն էլ գյուղական տարբեր բնակավայրերում է հաշվառվել, 2 հազար 858 ժամանակավոր կացարան հաշվառվել է Գյումրիում: 3 հազար 515 ժամանակավոր կացարան է առկա ամբողջ մարզում: Պետք է առաջարկներ ներկայացվի, թե այս 3 հազար 515 ընտանիքի համար ինչ ծրագրեր են իրականացվելու: Կա՛մ պետք է բնակարանային փոխհատուցում կատարվի, կա՛մ էլ պետք է նրանց ժամանակավոր կացարանները հանվեն, բայց փոխհատուցում չպետք է ստանան, որովհետեւ ժամանակին փոխհատուցվել են: 30 տարի լավ չենք արել, հիմա փորձելու ենք ավելի լավ անել եւ մաքրել քաղաքը տնակներից»,-ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Գյումրու քաղաքապետարնն էլ իր հերթին է հաշվառում իրականացնում: Այդ նպատակի համար ներքին հանձնաժողով է ձեւավորվել:
Հիշեցնենք` երկրաշարժի 30-րդ տարելիցին Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մանրամասն ուսումնասիրել ու ներկայացնել ստույգ ինֆորմացիա տնակների ու անօթեւանության խնդրի վերաբերյալ:
Վերջին զարգացումները գյումրեցի անօթեւանների մեջ նոր հույս են արթնացրել: Քաղաքային անօթեւանությունից զատ փորձ է արվելու լուծել նաեւ գյուղական անօթեւանությունը, ինչը Շիրակի մարզում կարեւորագույն խնդիրների ցանկում է: Ջաջուռ, Շիրակ, Ջրաձոր. այն գյուղերի ցանկն է, որտեղ դեռ կան երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներ: Եթե քաղաքային բնակավայրերում իրականացվել են բնակարանաշինական ծրագրեր, գյուղերում որեւէ ծրագիր չի իրականացվել: Տարեցտարի տրամադրվել են բնակարանների գնման վկայականներ, որով խնդիրը անգամ մասամբ չի լուծվել:
Այժմ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Շիրակի մարզում անօթեւանների ստույգ պատկերն ունենալուց հետո կսկսվի խնդրի լուծման ծրագրի մշակումը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս