ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության մասին հաշվետվությունը բավականին ծավալուն է ստացվել՝ 134 էջ, այնինչ 2017թ. հաղորդումը 119 էջ էր, 2016թ. հաղորդումը՝ 68 էջ: Այս տարի ներկայացված փաստաթղթում առանձնահատուկ տեղ է գրավում կոռուպցիայի դեմ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ., նախորդ տարվա համեմատ, մոտ 3 անգամ ավելի են եղել կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը, եւ 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը։ Ընդ որում` արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը կատարվել է նախորդ տարիներին, բայց բացահայտվել 2018թ.` թավշյա հեղափոխությունից հետո: Այսինքն՝ աճել է ոչ թե կոռուպցիան, այլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Ըստ դատախազության` 2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հետապնդման է ենթարկվել 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնյաներ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ 2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի միայն նախապատրաստված եւ ավարտված 100 նյութերով եւ քննված եւ ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 629 մլն դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը (361 մլն 445 հազար դրամ)։ 2018 թվականին պատճառված վնասից վերականգնվել է 3 մլրդ 932 մլն 873 հազար դրամը, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 15 անգամ։ Համաձայնեք, բավականին խոսուն թվեր են: Ու մնում է՝ իշխանությունները պահպանեն «բարձր տեմպերը»:
Չնայած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչեւ այժմ այն որեւէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին` դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու։ Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որեւէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրկված չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն։ Ընդ որում` խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն եւ պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար։ Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու։
Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Վերջինս, ի դեպ, այդ պաշտոնին նշանակվել է թավշյա հեղափոխությունից հետո. մի հանգամանք, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսպիսով անզիջում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում` ի տարբերություն նախկին իշխանությունների, որոնք ամեն կերպ փորձում էին ծածկադմփոց անել նման դեպքերը՝ փրկելու համար իրենց կադրերին: Փաշինյանի իշխանությունն, ընդհակառակը, չի փորձում քողարկել կատարվածը, եթե անգամ պատմության կիզակետում իրենց կադրն է: Այս բացահայտումը, սակայն, ուշագրավ է մեկ այլ առումով. կաշառք վերցնելու համար ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը, եւ սա այն դեպքում, երբ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մասին` ակտիվորեն հարձակվելով բժիշկների վրա, պարբերաբար նրանց մեղադրելով այդ արարքի համար: Ու քանի որ կատարվածի բացահայտման մեջ դեր է խաղացել նաեւ բժիշկը, կարելի է ենթադրել՝ սա բժշկական հանրույթի պատասխանն էր նախարարին, որ կոռուպցիոներներին փնտրի առաջին հերթին իր թիմում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի կտրուկ նվազման թեմային: Այս առումով սոսկալի պատկեր է բացահայտել ՀՀ հաշվեքննիչ պալատը ՀՀ բնապահպանության նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում առանց արտահանման լիցենզիայի Հայաստանից արտահանվել է 350 տոննա խեցգետին, բայց միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա: Այսինքն՝ արտահանվել է ավելի շատ խեցգետին, քան թույլատրված էր որսալ: Իսկ Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս: Սրանք փաստեր են, որոնք պետք է ուշադրության արժանանան նաեւ իրավապահների կողմից` համապատասխան քրեական գործերի տեսքով:
ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ
Հանրային ուշադրությունը վերջին երկու օրերի հանգամանքների բերումով բեւեռվել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ: Շաբաթներ առաջ ապամոնտաժվեցին թատրոնին հարակից սրճարաններից մի քանիսը, այժմ էլ «ապամոնտաժումը», բառիս բուն իմաստով, թափանցել է օպերայի շենքից ներս՝ հասնելով դրա տնօրենին: Մասնավորապես, մշակույթի նախարարի պաշտոնակատար Ն. Ղարիբյանի որոշմամբ` Կ. Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, սակայն շարունակելու է գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնում իր աշխատանքը: Այսինքն՝ կրճատվել է նրա զբաղեցրած պաշտոններից ընդամենը մեկը: Մշակույթի նախարարն իր որոշման հիմքում վկայակոչել է մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր, որոնց խախտմամբ էլ իրավասու մարմինը Օրբելյանին նշանակել է այդ պաշտոնին. դրանք են, մասնավորապես, «Լեզվի մասին» (Օրբելյանը ռուսախոս է), «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքները։ Ստացվում է, որ աշխարհահռչակ արվեստագետի անձի շուրջ այս տհաճ աժիոտաժի մեղավորը նրան օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակողներն են, որոնք էլ պետք է կիսեն այս ամենի իրավական-բարոյական պատասխանատվությունը: Թատերական (ոչ միայն) համայնքը սվիններով ընդունեց Ղարիբյանի որոշումը, ինքը՝ Օրբելյանն էլ հայտարարեց, որ իրեն «նշանակել է պետությունը», եւ կողմ է, որ իր հարցը որոշի թատրոնի կոլեկտիվը, ոչ թե Մշակույթի նախարարությունը։ Օրբելյանի ազատմանն ընդդիմացողներն էլ երկու հիմնական հակափաստարկներ են բերում. առաջին` մաեստրոն ազատվել է նախկին իշխանության կողմից նշանակված լինելու պատճառով, երկրորդ՝ Օրբելյանն անփոխարինելի է, նրա օրոք թատրոնը վերջապես սկսեց շնչել, հետեւապես նրա հեռացումը տնօրենի պաշտոնից թատրոնը կհասցնի շնչարգելության: Բնավ չենք կասկածում մաեստրոյի բազմաշնորհությանն ու չենք նսեմացնում նրա վաստակը օպերայի վերջին մեկ-երկու տարիների կյանքում, սակայն նաեւ համաձայն չենք բերվող հակափաստարկներին, քանի որ դրանք դեմ են օրենքի առաջ անխտիր բոլորի հավասար լինելու սկզբունքին: Արդյոք որեւէ արվեստագետ կամ այլ գործիչ, որքան էլ վաստակավոր կամ անփոխարինելի լինի, կամ պատրաստ, ասենք, ՀՀ օպերայի թատրոնին «Լա Սկալայի» կամ «Լոնդոնյան Կոլիզեում»-ի հռչակը բերելու, կարո՞ղ է վեր դասվել օրենքից: Մինչ հեղափոխական ՀՀ-ում եթե անգամ արտոնյալ, իրենց օրենքից դուրս հայտարարած պաշտոնյաներ կամ կոլեկտիվներ կային, ապա նույն բարքերը նոր Հայաստանում հանդուրժելու նախադեպեր այլեւս չպետք է լինեն, եւ, ի վերջո, եթե մարդն անփոխարինելի է, ապա օրենքները միշտ էլ ենթակա են փոփոխման: