ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՑՈՂ ԿՈՂՄ ԼԻՆԻ. ՏԵՂԻՆ Է ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախկին նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

-Պարո՛ն Զաքարյան, մարտի 29-ին տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Ըստ Ձեզ` ի՞նչ կարելի է արձանագրել այդ հանդիպումից. Փաշինյանը համարել է դրական: Ի՞նչ տվեց երկու երկրների ղեկավարների հանդիպումը:
-Նախ` այն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին պաշտոնական շփումն էր արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը վերագործարկելու համար: Դատելով Փաշինյանի եւ Ալիեւի նախնական մեկնաբանություններից, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունից` ստարտային բանակցությունները, կարծես թե, գոհացրել են երկու կողմերին: Սակայն ընթացքում արվող հայտարարություններից երեւում է, որ բանակցությունների վերաբերյալ կողմերի պատկերացումները նորից սկսում են հեռանալ: Սա ադրբեջանական կողմի` տարիներ շարունակվող ապակառուցողականության դրսեւորման արդյունք կարող է դիտարկվել:
-Որքանո՞վ եք իրատեսական համարում ԼՂՀ-ի` բանակցային սեղանին վերադառնալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այդ հանդիպման գլխավոր «մեխը» դա էր: Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի հետ կապված:
-Այդ հանդիպման գլխավոր մեխը չէր կարող լինել միայն Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու հարցը, այլապես այդ հանդիպումը կա՛մ չէր լինի, կա՛մ կտեւեր մի քանի րոպե: Վստահ եմ, որ այլ հարցեր եւս քննարկվել են, մասնավորապես կարգավորման տարրերի եւ սկզբունքների վերաբերյալ: Իհարկե, մեր կողմի պնդումները, որ Արցախը եւս պետք է պաշտոնապես բանակցող կողմ լինի, տեղին է ու պարտադիր, սակայն մինչ այդ անհրաժեշտ են ուրվագծվող լուծումներ: Կարծում եմ, որ այդ հնարավոր լուծումների վերաբերյալ եւս քննարկումներ եղել են: Մտավախությունս այն է, որ Փաշինյանը չհայտնվի այնպիսի ծուղակում, որտեղից հետքայլը կորցնի միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը խաղաղ կարգավորման հարցում:
-ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ անվտանգության դիմաց» ձեւաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձեւաչափով: Ըստ Ձեզ` պե՞տք էր այս փուլում հանդես գալ նման հայտարարությամբ: Ի՞նչ հետեւանք կարող է այն ունենալ:
-Կոնֆլիկտների կարգավորման պատմության ընթացքում «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւ աշխարհում չի եղել եւ լինել չի կարող: Մեր պարագայում դա դասական ինքնասպանություն է: Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի պաշտպանության նախարարը: Հասկանալի է, որ նոր պատերազմի նախաձեռնողը մենք չենք լինելու: Նախկին բոլոր նախարարներն էլ ասել են, որ եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա պետք է պատրաստ լինի ընդունել մարտական գործողությունները իր ներկայիս տարածքներում: Սա պատերազմի օրենք է, եւ այն ոչ ոք չի չեղարկել: Բայց, իհարկե, մեր նպատակը դա չէ, մեր նպատակը շատ հստակ է. բանակցությունների միջոցով հասնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացմանն ու միջազգային ճանաչմանը: Իսկ խաղաղ կարգավորման ընթացքը պահպանելու համար շատ կարեւոր է 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչելը, այլապես ղարաբաղա-ադրբեջանական սահմանը միշտ մնալու է թեժացման վտանգի տակ:
-Ադրբեջանի ԱԳՆ-ն Դ. Տոնոյանի հայտարարությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական եւ նվաճողական քաղաքանություն»: Չե՞ք կարծում, որ այս հայտարարությունը վատ հետեւանքներ է ունենալու ԼՂՀ հարցի լուծման վրա:
-Նախ՝ այդտեղ նվաճողականության էլեմենտներ չեմ տեսնում: Ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը պետք է համաձայնեցված լիներ Փաշինյանի հետ: Եթե նույնիսկ չի համաձայնեցվել կամ արվել է ելույթի ընդհանուր կոնտեքստի մեջ, ապա կրկնում եմ` պաշտպանության նախարարի համար դա շատ նորմալ եւ հասկանալի հայտարարություն է: Ես շատ կոշտ կքննադատեի Դավիթ Տոնոյանին, եթե նա` որպես ՊՆ նախարար, խաղաղության եւ անվտանգության թվացյալ ապահովումը տեսներ տարածքների վերադարձի մեջ:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ԱՅՑԸ «ՖՈՏՈՍԵՍԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ՉԻ ԵՂԵԼ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով օրերս Արցախ իրենց խմբակցության այցին, վտահեցրեց, թե այն եղել է շատ ջերմ, ու այն տեղեկությունները, թե իրենց Արցախի իշխանությունները «գրկաբաց» չեն ընդունել, իրականության հետ կապ չունեն:

-Պարո՛ն Փամբուխչյան, օրերս «Իմ քայլը» խմբակցությունը գտնվում էր Արցախում, ու, կարծես թե, քաղաքական դաշտում տարակուսանք է առաջացել այցի հետ կապված: Ինչո՞ւ էր որոշվել Փաշինյան-Ալիեւ այցի օրը լինել Արցախում:
-Մեր խմբակցության այցն էր Արցախի Հանրապետություն, խորհրդարանական խմբակցության այցելություն էր, ծանոթություններ, շփումներ Արցախի պատգամավորների հետ, կառավարության անդամների հետ: Մեր նպատակը առաջիկա մեր անելիքների վերաբերյալ անելիքները գծելն է, թե ինչի շուրջ պետք է տարվեն մեր աշխատանքները, ինչպես նաեւ մեր համագործակցության վերաբերյալ հետագա քայլերի տեսլականի ներկայացումը: Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ մենք պետք է գնայինք Արցախի Հանրապետություն մեր գործընկերների հետ ծանոթանալու, մեր գործունեության վերաբերյալ զրուցելու համար: ԱԺ ամեն հանձնաժողով` իր պրոֆիլով, համագործակցության տարբեր համաձայնություններ է ձեռք բերել:
-Այսինքն` Ձեր այցելությունը որեւէ առնչություն չունե՞ր Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ:
-Մենք որեւէ արտառոց բան չենք արել, մենք այս հանդիպումը պլանավորել էինք շատ վաղուց, ուղղակի մեր հանդիպումը համընկավ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման օրվա հետ: Այստեղ որեւէ արտառոց բան չկա, ծանոթության այց էր Արցախ:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Արցախի իշխանությունները «գրկաբաց» չեն ընդունել Ձեր խմբակցությանը, անգամ նշվում է, որ իրենց համար եւս անհասկանալի է եղել այդ օրով Ձեր այցի նպատակը:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ եղել է շատ բարձր մակարդակի ու շատ ջերմ ընդունելություն, երեւի թե այդպիսի ջերմ ընդունելություն ես չէի տեսել, երբեւիցե չէի էլ պատկերացնի, կրկնում եմ, մենք արժանացել ենք շատ ջերմ ընդունելության: Այդ երկու-երեք օրերի ընթացքում ունեցել ենք շատ ջերմ շփումներ, ու յուրաքանչյուր պատգամավոր իր մեջ որոշում է կայացրել, որ մենք այսուհետ շատ հաճախ ենք Արցախ գնալու, հաճախ ենք ունենալու շփումներ թե՛ մեր կոլեգաների, թե՛ Արցախի բնակիչների հետ:
-Ընդդիմությունը նշում է, որ այս այցն արվել է հերթական «ֆոտոսեսիայի» համար, քանի որ բոլոր պատգամավորներն իրենց անձնական էջերում անընդմեջ լուսանկարներ են հրապարակել Արցախի տարբեր վայրերից, անգամ նախագահ Բակո Սահակյանի հետ ճաշից:
-Չի կարող նման բան լինել. ցանկացած այցով հանրությունը հետաքրքրվում է, բոլորն էլ ցանկանում են, որպեսզի լուսաբանվի, թե ինչ այց էր դա, որտեղ են եղել այցելությունները: Իսկ այդ լուսանկարները, լուսաբանումները եղել են միմիայն հանրությանը տեղեկացնելու, լուսաբանելու համար: Պետք էր, չէ,՞ հանրությունը տեղեկացված լիներ այդ այցի մասին, պետք էր հստակեցվեր, թե այցը որտեղ էր: Իսկ դիրքեր գնացել ենք, որպեսզի տեղում հասկանանք, թե ինչպես են պահվում սահմանները, ինչպիսի պատրաստվածություն ունեն մեր զինված ուժերը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿԲ-Ն ԿԳԱ
Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Կենտրոնական բանկի հաղորդումը ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձեւավորման վերաբերյալ: Համենայն դեպս, ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` այդպես է վերնագրված ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագիծը: Այն վերաբերում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի մշակմանը, որը, ըստ տարբեր տեղեկությունների, սկսելու է գործել 2025 թվականից ոչ ուշ։ Երեկ նախագծի մասին մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Կբեյանին, որը, սակայն, ասաց, թե պատգամավորների հետ հանդիպումն ընդհանուր է լինելու, այլ ոչ թե հենց այն թեմայով, որը ներկայացված է ԱԺ պաշտոնական կայքում։ Նա նշեց, թե հանդիպմանը մասնակցելու է ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը, եւ, ընդհանուր առմամբ, անդրադարձ է կատարվելու բանկային ոլորտի հարաբերություններին, ԵԱՏՄ շրջանակներում հարաբերություններին։ Այդ ամենը նաեւ կներկայացվի պրեզենտացիայի տեսքով։

 

 

ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայկ Այվազյանին տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ այդ պաշտոնում նշանակվել է Արթուր Ասոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Հայկ Այվազյանի` աշխատանքից ազատումը անակնկալ է եղել իր համար: Ըստ որոշ տեղեկությունների` բավական երկար ժամանակ է, ինչ Հ. Այվազյանի աշխատանքից դժգոհ են հայրենի իշխանությունները. տարբեր տեսչություններից բողոքներ են ստացել նրա աշխատանքի վերաբերյալ: Նշվում է, որ Այվազյանը որեւէ բան չի արել այս ժամանակահատվածում տեսչությունների աշխատանքի բարելավման համար։ Ավելին, Հ. Այվազյանը չի շփվել տեսչության ղեկավարների հետ, նրանց նայել է «վերեւից» ու վերջին ժամանակահատվածում ընդհանրապես տեսչական բարեփոխումների, նրանց գործունեությամբ չի էլ հետաքրքրվել, ինչի պատճառով էլ այժմ գրեթե բոլոր տեսչություններում անհասկանալի աշխատանքային իրավիճակներ են: Հավելենք նաեւ, որ Հայկ Այվազյանը ՀՀ ԳԽ առաջին գումարման վաղամեռիկ պատգամավոր, Ազգային hերոս Վիտյա Այվազյանի որդին է. այդ փաստը մեծ դերակատարում էր ունեցել նրա նշանակման հարցում: Ի դեպ, Արթուր Ասոյանը տեսչական բարեփոխումների փորձագետ է:

 

ԸՆԴԴԵՄ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ»
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության անվտանգությունն ապահոված «Սպեցնազ-Ռ» ՍՊԸ-ն դիմել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սպեցնազ-Ռ» ՍՊԸ-ն պահանջել է ստիպել «Սեքյուրիթի Դրիմի»-ին վճարել պայմանագրային պարտավորության խախտման համար տուգանքը: Նշենք, որ այդ տուգանքի չափը կազմում է 5 միլիոն դրամ:




Լրահոս