ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ` ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից խորհրդարանին է ուղարկվել կառույցի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը: Փաստաթուղթն, ի դեպ, բավական ծավալուն է ստացվել. այն բաղկացած է 10 գլուխներից եւ 134 էջից։ Թերեւս առանձին ուշադրության են արժանի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը եւ այնտեղ արձանագրված ցուցանիշները։

Ըստ այդ հաղորդման` 2018 թվականին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի զգալի աճ։ Մասնավորապես, 2018 թվականին կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով, անցյալ տարի գրանցվել է 481 նման դեպք։ Որպես համեմատություն` նշենք, որ 2007 թվականին արձանագրվել էր այդպիսի ընդամենը 7 դեպք։ Աճել են նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը, եւ եթե 2017 թվականին այդպիսի 150 դեպք էր գրանցվել, ապա նախորդ տարի 240-ն է եղել։ Կրկին համեմատության համար նշենք, որ 2007 թվականին եղել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու ընդամենը 26 դեպք։
Հարկ է նկատել, որ արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը նախորդ տարիներին կատարված եւ 2018 թվականին բացահայտվածներն են: Այսինքն՝ աճել է ոչ թե կոռուպցիան, այլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այդ հանգամանքն ընդգծված է նաեւ դատախազության հաղորդման մեջ: Դատախազությունը փաստում է, որ սա վկայում է ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման եւ բացահայտման մասին, մի փաստ, որը բազմիցս շեշտել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացված թվերն ինքնին խոսուն են. 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը, որը եղել է 500։ Եվ դրանցից 1469-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ այս թիվն էլ 3,6 անգամ ավելի է 2017 թվականի ցուցանիշից: Տեղեկանում ենք, որ հարուցված քրեական գործերի մեծ մասի՝ 988-ի համար առիթ են հանդիսացել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները։
Բացի այդ, 2018 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, որը 60 տոկոսով ավելին է 2017 թվականին հետապնդման ենթարկված անձանց թվից։ Եվ եթե 2017 թվականին քրեական հետապնդման ենթարկված անձանցից միայն 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018 թվականին՝ 470-ը։
Սակայն հետաքրքիր միտում է նկատվում այն առումով, որ, չնայած ավելացել է քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը, որպես խափանման միջոց կալանքը կիրառվել է ավելի քիչ մարդկանց նկատմամբ: Օրինակ` եթե 2017 թվականին կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 112 անձի նկատմամբ, ապա 2018 թվականին՝ 84 անձի նկատմամբ, 33 անձի նկատմամբ էլ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 32 տոկոսով։ Դատախազությունն իր հաղորդման մեջ նկատում է, որ նման միտումներն առաջին հերթին պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու քաղաքականության հետ։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, մոտ 3 անգամ ավելի են եղել կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը, եւ 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը։ Իսկ, օրինակ, փողերի լվացման դեպքի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, եւ սա այն դեպքում, երբ 2017 թվականին այդ հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել։
2018 թվականի ընթացքում 960 անձ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հետապնդման է ենթարկվել, եւ նրանցից 470-ը եղել են պաշտոնյաներ։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, եւ նրանցից միայն 292-ն են եղել պաշտոնյաներ։
2018 թվականի ընթացքում ամենաշատը քրեական հետապնդման են ենթարկվել Զինված ուժերի տարբեր պաշտոնյաներ։ Քրեական հետապնդման ենթարկված անձանց շրջանակն ունի հետեւյալ տեսքը.
Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ,
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,
ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք՝ 14 անձ, որոնց թվում են եղել վարչության պետ եւ պետի տեղակալներ,
Զինված ուժեր՝ 135 անձ, այդ թվում՝ զորամասի հրամանատարներ,
ԱՆ քրեակատարողական վարչության 15 աշխատակից, այդ թվում՝ ՔԿՀ-ի պետ, պետի տեղակալ՝ 3 անձ, ՔԿՀ-ի բաժանմունքի պետ։
Առավել մեծ թիվ են կազմում նաեւ սոցիալական ապահովության ոլորտում եւ տեղական ինքնակառավարման ոլորտում քրեական հետապնդման ենթարկված անձինք: Սոցիալական ոլորտում մեղադրյալի աթոռին հայտնվել է 56, ՏԻՄ ոլորտում՝ 73 հոգի։
2018թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի միայն նախապատրաստված եւ ավարտված 100 նյութերով եւ քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 629 մլն դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը (361 մլն 445 հազար դրամ)։ 2018թ. պատճառված վնասից վերականգնվել է 3 մլրդ 932 մլն 873 հազար դրամը, որը 2017թ. ցուցանիշը գերազանցում է 15 անգամ։
Ամփոփելով արդյունքները` դատախազությունը ընդգծել է, թե իրավապահ մարմիններն աննախադեպ արդյունքներ են արձանագրել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում` ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման եւ վերականգնման ուղղություններով։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔՆԵՐ
Այս տարվա մարտի 9-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ կասեցրել է 2015թ.-ի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: Պատճառն այն էր, որ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ի որոշումը բողոքարկվել է Գլխավոր դատախազությունում: Տեղեկությունը փորձեցինք պարզել դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործի վարույթը կասեցնելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ բողոքներ են ստացվել ՀՀ դատախազություն. այս պահին դրանք քննարկման փուլում են:

 

 

ՄԱՐՏԻ 1
Ապրիլի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը: Օրինագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուցման է ենթակա 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը: Եվ այդ առումով ԱԺ իրավական փորձաքննության վարչությունը կարծիք է հայտնել, թե անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հանգամանքը պետք է որոշվի անհատապես կոնկրետ գործի դատավարական քննության շրջանակներում՝ նկատի ունենալով ՀՀ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքի նորմերը:

 

 

ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեկ Գյուղատնտեսության նախարարությունը շտապեց պարզաբանել, որ նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը մկնասպան թունանյութերի ձեռքբերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ չի ստեղծել եւ չի հովանավորում «Հրաշք այգի» ընկերությանը: Ըստ ԳՆ-ի` մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գեւորգյանի` նախարարի պաշտոնում նշանակումը: Այնուամենայնիվ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Գյուղատնտեսության նախարարության կողմից պետական գնումների ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: Ի դեպ, նշենք, որ վարույթի ընթացքում հանգամանորեն կուսումնասիրվեն բարձրացված բոլոր խնդիրները, որից հետո ՏՄՊՊՀ-ը կհրապարակի իր որոշումը: Սպասենք: Տեղեկացնենք, որ ԳՆ-ն մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի»-ի հետ, սակայն ընկերությունը նոյեմբերի 30-ին դիմել է դատարան` ընդդեմ ԳՆ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում: Այսինքն` պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել, եւ պետության կողմից այդ նպատակով որեւէ վճարում չի իրականացվել: Եւ այս տարի ԳՆ-ն նոր մրցույթ է հայտարարել:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ն. Փաշինյանը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման մասին: Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Նրանք կարեւորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը եւ վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Կրեմլի հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել աջակցել կարգավորման առանցքային կողմերի լուծման որոնումներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված:

 

 

ԼԱՅՉԱԿԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին, Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նա ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում: «Մենք շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին եւ ղեկավարների` հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաեւ մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասվում է Լայչակի հայտարարությունում: «Հանդիպումն անցել է դրական եւ կառուցողական մթնոլորտում եւ հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում»,-ասված է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

 

 

ՄԵԴԱԼ ՍՏԱՑԱԾԸ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ Արդեն հայտնի է, թե որ դատավորին են մակագրել բողոքի քննությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը։ Նրա խոսքով` բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Նախկինում մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ռ. Բարսեղյանը համարվում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի «մարդը»։ Նա` որպես բանվորուհի, երիտասարդ տարիներին աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում։ Իրավաբանական իր գործունեությունը սկսել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավոր։ 2007թ. Ռ. Բարսեղյանը ՀՀ այն ժամանակ նախագահ Ռ. Քոչարյանից ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ:




Լրահոս