Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանի հետ:
-Պարո՛ն Մեխակյան, ո՞րն էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակահարմարությունը հենց այս փուլում:
-Հենց այս փուլում շատ նպատակահարմար էր: Բանն այն է, որ մենք պետք է օր առաջ հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին տանք հստակ լուծումներ:
-Որպես տնտեսագետ` ի՞նչ կարծիք ունեք, արդյոք սա՞ էր լավագույն տարբերակը քայլեր անելու, լուծումներ ստանալու:
-Իհարկե ոչ: Սրանով ընդամենը առաջնային խնդիրներն են լուծվում, բայց մենք՝ մեր հանձնաժողովի անդամներով, համոզված ենք, որ Հարկային օրենսգիրքը դեռ գլոբալ փոփոխությունների կարիք ունի, եւ առաջիկայում մենք աշխատելու ենք այս ուղղությամբ:
-Կառավարությունը հռչակել է տնտեսական հեղափոխություն: Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ աճ կա տնտեսության մեջ: Մենք հիմա կարո՞ղ ենք վստահ ասել, որ Հայաստանը ներդրումներ անելու առումով գրավիչ երկիր է:
-Իհարկե, դատելով նաեւ պարոն Փաշինյանի խոսքից` նախ` նկատենք, որ հարկային հավաքագրումներն արդեն այս տարվա եռամսյակի դրությամբ գերակատարվել են շուրջ 10 միլիարդ դրամից ավելի, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, արդեն 700 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են ներկայացվել, որոնք այս պահին կառավարությունում քննարկման տարբեր փուլերում են գտնվում: Եւ, իհարկե, կարող ենք ասել, որ տնտեսական հեղափոխությունը արդեն իսկ սկսված է, եւ դրան զուգահեռ պետք են հարկային գլոբալ բարեփոխումներ, ավելի պարզեցված, ավելի հստակ Հարկային օրենսգիրք:
-Հասարակության մեջ էլ կարծիքներ շատ են հնչում, որ տնտեսական հեղափոխությունը, ըստ էության, կհաջողվի այն ժամանակ, երբ մարդկանց սառնարաններում իրավիճակ փոխվի: Եթե շարժվենք այս տեմպերով, քանի՞ տարի հետո ժողովուրդը իր մաշկի վրա կզգա տնտեսական հեղափոխության արդյունքները:
-Գիտեք, Ձեր տված հարցը իրենից շատ սուբյեկտիվ պատասխաններ է ենթադրում, որովհետեւ յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել տնտեսական հեղափոխություն ասվածը: Պետության ամբողջ մտահոգությունը ուղղված է սոցիալական վիճակի բարելավմանը:
-Ինչքա՞ն ժամանակ հետո արդյունք կունենանք:
-Կարծում եմ՝ առաջիկա տարիներին արդեն տարբերությունը ակնհայտ կլինի: Խորհրդարանում կառավարության ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույցի ժամանակ մի հսկայական մաս տրամադրված էր գյուղատնտեսության ոլորտին, եւ այստեղ բավականին լուրջ քայլեր են արվել աջակցելու մեր գյուղացիներին, գյուղացիական տնտեսություններին տարբեր սուբսիդավորման միջոցներով:
-Հարկային օրենսգրքի հետ կապված խմբակցությունում իրարամերժ կարծիքներ կա՞ն: Իշխող խմբակցությունը որքանո՞վ է համագործակցում մյուս երկու խմբակցությունների հետ այս թեմայի շուրջ:
-Հարկային օրենսգիրքը դեռ նոր է եկել Ազգային ժողով, եւ քննարկումները դեռ առջեւում են: Չէի ասի, թե կարծիքները իրարամերժ են: Կասեի՝ ավելի ճիշտ տեղի են ունենում բուռն քննարկումներ, կան տարբեր կարծիքներ, եւ այդ կարծիքների, բանավեճերի արդյունքում մենք կգտնենք լավագույն լուծումները, իհարկե, ոչ միայն խմբակցությունում, այլ նաեւ մյուս երկու խմբակցությունների եւ հատկապես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
-Մասնավոր զրույցների ժամանա՞կ էլ այլ խմբակցությունների հետ չեն քննարկվել այս հարցերը:
-Ես դեռ առիթ չեմ ունեցել: Խմբակցության մյուս անդամների հետ միգուցե եղել են առիթներ խոսելու այդ մասին:
-Խոսում եք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորության մասին, ինչպես նաեւ նշեցիք` քննարկումները դեռ առջեւում են, այնուամենայնիվ, ո՞րն է այն առանցքը, որը պետք է փոփոխության ենթարկվի, ինչի՞ վրա պետք է դրվի շեշտը:
-Այստեղ երեւի հիմնական խնդրահարույցը պետտուրքի վերաբերյալ հարցն է, այսպես ասած, 60 անգամ թանկացումները, գրավատների, փոխանակման կետերի պետտուրքերի մասին է խոսքը: Ասեմ իհարկե, որ կառավարությունը իր հիմնավորումներն ունի: Մենք հաշվի կառնենք այդ հիմնավորումները, իսկ դրանից առաջ մենք նաեւ այդ ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ ենք հանդիպումներ ունեցել իրենց մտահոգությունները լսելու համար:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզպետարանում նույն օրը երկու աշխատակից է ազատվել աշխատանքից: Նրանցից մեկը Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանն է: Վերջինս վարչությունը ղեկավարում էր արդեն 5 ամիս, պաշտոնում նշանակվել էր նախորդ տարի` թավշյա հեղափոխությունից հետո, երբ մարզպետ նշանակվեց ՔՊ անդամ Կարեն Սարուխանյանը: Ասել է թե` Հասմիկ Պետրոսյանը Կարեն Սարուխանյանի կադրերից էր: Աշխատանքից ազատման մասին որոշումը անակնկալ է եղել Հասմիկ Պետրոսյանի համար:
«Քաղծառայության հանձնաժողովը 5 ամիս անց, չգիտեմ` ինչպես, հայտնաբերել է, որ խնդիրներ կան իմ փաստաթղթային փաթեթի հետ: 5 ամիս առաջ, երբ ուղարկվել է այդ փաթեթը, նույն հանձնաժողովը հավանություն է տվել: Քաղծառայության հանձնաժողովից մեկնաբանում են, որ իմ տվյալները չեն համապատասխանում չափորոշիչներին: Նոյեմբերին այդ փաթեթն ուղարկված է եղել. չեմ հասկանում` 5 ամսվա ընթացքում ինչ է փոխվել: Խոսքը վերաբերում է մասնագիտական ստաժին եւ ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժին: Պիտի լինի առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ եւ առնվազն 1 տարվա ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժ: Ես ունեմ 5 տարվա մասնագիտական եւ 5 տարվա ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժ: Իմը պահանջվող չափորոշիչներից էլ ավել է, ու պարզվում է` դրա համար չեմ համապատասխանում»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը:
Շիրակի մարզպետի համար Քաղծառայության հանձնաժողովի կողմից կատարված միջնորդությունը եւս անակնկալ է եղել: Վերջինս Հասմիկ Պետրոսյանի աշխատանքից գոհ էր, սակայն որոշում չկայացնել չէր կարող: «Մենք միջնորդություն ենք ստացել: Այդ պաշտոնում տիկին Պետրոսյանի հետ աշխատանքը շատ գոհացուցիչ էր: Ինձ համար այդ միջնորդությունը անակնկալ էր, բայց այլ ելք չկար, ու ես ստորագրեցի որոշման տակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը: Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր դեռ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի օրոք: Տիգրան Պետրոսյանի նշանակումից հետո Կարեն Սարուխանյանը իր նշանակած կադրերի համար այլընտրանք գտել էր. օգնականներից Էմմա Պալյանին իր հետ Ազգային ժողով էր տարել, իսկ Սերգեյ Տոնոյանը` որպես մարզպետի օգնական, դեռ աշխատում էր: Այժմ վերջինս ազատվել է պաշտոնից` համաձայն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրամանի: Նշենք, որ Սերգեյ Տոնոյանի պաշտոնը հայեցողական էր:
Այն հարցին, թե սպասվում են նոր կրճատումներ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանեց, թե տվյալ որոշումն էլ իր համար անակնկալ էր, եւ չի կարող հստակ պատասխանել` արդյոք նոր կրճատումներ սպասվում են, թե ոչ:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի
ԲԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ
Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակված են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար աշխատողների կենսագրությունները: «Ժողովուրդ» օրաթերթը նրանց կենսագրականներն ուսումնասիրելով` պարզեց` շատերը ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայություն չեն անցել, այնինչ սահմանամերձ մարզի բնակիչների դեպքում այդպես չպետք է լիներ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2019թ. մարտի 12-ին Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել Արբակ Գրիգորյանը։ 1983թ. Երեւանում ծնված Արբակ Գրիգորյանը միջնակարգ դպրոցն ավարտել է Եկատիրինբուրգում, սովորել է Ուրալյան պետական բժշկական ակադեմիայում, ավարտելուց հետո աշխատել տեղի բժշկական հիմնարկություններում, 2016թ. Ռուսաստանից վերադարձել է Հայաստան։
Մարզպետի օգնական Էմին Գեւորգյանը ծնվել է 1996թ. Դիլիջան քաղաքում։ Նա 2018թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սկսել աշխատանքային գործունեությունը։ 2019թ. փետրվարի 20-ին, Տավուշի մարզպետի որոշմամբ, նա նշանակվել է մարզպետի օգնական։
Տավուշի մարզպետի մյուս օգնականը` Մերուժան Հարությունյանը, ծնվել է 1973թ. Իջեւան քաղաքում, 1995թ.-ին ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Մ. Հարությունյանը չի ծառայել ՀՀ ծառայել զինված ուժերում, նա` որպես ուսուցիչ, 1995-2000 թվականներին աշխատել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշենի միջնակարգ դպրոցում։
Բանակում չի ծառայել նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը։ Նա Տավուշի մարզպետարանում աշխատանքի է անցել ավելի վաղ՝ 2010 թվականից։ Նա` որպես պատմության ուսուցիչ, 1997-2000 թվականներին աշխատել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքարի դպրոցում։ Այդ տարիներին սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուսուցիչ աշխատելու դեպքում ազատվում էին ժամկետային զինվորական ծառայությունից։
Տավուշի մարզը 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարզի ավելի քան 4 տասնյակ բնակավայրեր սահմանակից են այդ երկրին։ Արդա՞ր է արդյոք, որ Տավուշի մարզպետարանի ղեկավար աշխատողները չեն ծառայել Հայաստանի բանակում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ