ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՆԽՆԱ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ ԽԵՑԳԵՏԻՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը մի շարք թերություններ է հայտնաբերել Բնապահպանության նախարարությունում: Ընդ որում` այդ թերությունների հետեւանքները, սխալված չենք լինի, եթե ասենք, գրեթե անվերականգնելի են, կամ շատ երկար ժամանակ կպահանջի վերականգնումը:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` 2017 թվականի դրությամբ ՀՀ 10 մարզերում գործել են 178 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից 160-ը` Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Ի դեպ, ելնելով ՀՀ կառավարության` 2014 թվականի սեպտեմբերի 18-ի Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության եւ երաշտի մասին որոշումից` առավել ռիսկային են համարվել նշված ավազանային կառավարման տարածքներում գործող ձկնաբուծարանները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տարածքներում տեղակայված 25 ձկնաբուծական տնտեսությունների համար ջրային ռեսուրս են հանդիսանում խորքային հորերը: Միայն ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների ընթացքում կազմվել են 28 ջրաչափական եւ 4 կապարակնքման ակտեր: Արդյունքում պարզվել է, որ 28 ձկնաբուծարաններից 2-ի կողմից շահագործվող հորերը չեն գործում, 4-ը չունեն ջրօգտագործման թույլտվություն, 20-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը սահմանվածից ավելի է, 4-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը ջրօգտագործման թույլտվության սահմաններում է, իսկ 4-ի մոտ հորերի փականների կապարակնիքները բացակայել են:
Ի դեպ, ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվություններով սահմանված տարեկան ջրի ծավալը կազմում է 104 մլն 999 հազար խորանարդ մետր, փաստացի օգտագործվող ջրի տարեկան ծավալը թույլտվություններով սահմանվածից ավելի է 79 մլն 663 հազար խորանարդ մետրով, իսկ ապօրինի օգտագործվող ջրի տարեկան ծավալը 8 մլն 789 հազար խորանարդ մետր է:
Ջրօգտագործման թույլտվություն չունեցող կամ սահմանված չափաքանակից ավելի ջուր օգտագործող դիտարկված ձկնաբուծարանները ՀՀ բյուջե չեն վճարել շուրջ 325 մլն 350 հազար 605 դրամ բնօգտագործման վճար: Նշենք, որ ձկնատնտեսական նպատակներով օգտագործվող մակերեւութային եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի 1 խորանարդ մետրի համար սահմանված բնօգտագործման վճարը կազմում է մեկ դրամ:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ առանց արտահանման լիցենզիայի 2017-2018 թվականների ընթացքում արտահանվել է 350 տոննա խեցգետին, որից միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր, իսկ ՊԵԿ-ի կողմից չի արգելվել անօրինական արտահանումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խեցգետին արտահանել է 7 կազմակերպություն, բայց դրանցից միայն 4-ն են նախարարության հետ կնքել «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր եւ ստացել 104 տոննա խեցգետնի որսի թույլտվություն: Ըստ Հաշվեքննիչ պալատի` այդ կազմակերպությունները 2017-2018 թվականներին ՀՀ տարածքից արտահանել են շուրջ 245 տոննա ավելի շատ խեցգետին, քան նրանց օրինական ձեռքբերումները տվյալ ժամանակահատվածում: Գործընթացը չի վերահսկվել Բնապահպանության նախարարության կողմից, քանի որ արտահանման վրա վերահսկողության գործառույթ չունի:
Նախարարությունը 2017-2018 թվականների ընթացքում ընդամենը երկու կազմակերպությունների տրամադրել է 3.4 տոննա ընդհանուր քաշով ներմուծման թույլտվություն: Բայց, մյուս կողմից, պալատը ՊԵԿ-ից տեղեկություն է ստացել այն մասին, որ թվով 21 ընկերությունների կողմից ներմուծվել է 45.5 տոննա խեցգետին: Ստացվում է, որ առանց լիցենզիայի եւ լիազոր մարմնի գիտության ՀՀ է ներմուծվել 42.1 տոննա ընդհանուր քաշով կենդանի խեցգետին: Իսկ, ահա, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի` (դարձյալ պալատին տրված տեղեկության համաձայն) Հայաստան 2017-2018թթ.-ի ընթացքում ներմուծվել է 28.3 տոննա խեցգետին: Ստացվում է, որ առանց ՍԱՏՄ հսկողության ՀՀ է ներմուծվել 17.2 տոննա խեցգետին: Թե ինչ ճանապարհով եւ ինչպես, հայտնի չէ:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի զգալի նվազմանը: Այս խնդիրն արձանագրել է նաեւ Հաշվեքնիչ պալատը: Ըստ այդմ` Սեւանա լճում խեցգետնի անխնա որսի հետեւանքով 2017-2018-ին արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ պակասել է. 2017-ին այն կազմել է 42 տոննա, իսկ 2018-ի 9 ամիսների ընթացքում` 3 տոննա, որը 2015-ի համեմատ պակաս է շուրջ 900 անգամ: Սա, համաձայնեք, խիստ մտահոգիչ է:
Պարզվում է` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2017-ի փետրվարի 14-ի, մարտի 10-ի եւ մայիսի 4-ի ահազանգող գրություններով խնդրել է բնապահպանության նախարարին արգելել խեցգետնի որսը Սեւանա լճում, խեցգետնի պոպուլյացիայի վրա անդառնալի հետեւանքներից խուսափելու համար: Բայց, ինչպես տեսնում եք, ունենք այն, ինչ ունենք: Այսօր Սեւանա լճում խեցգետին չկա կամ շատ քիչ քանակությամբ կա, հետեւաբար, ներքին շուկայում վաճառքի խեցգետին չկա: Միայն Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամաբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս, իսկ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա կամ շուրջ 37 անգամ ավելի, քան օրինական որսը: Հուսանք` Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության այս արդյունքները չեն մնա միայն թղթի վրա, այլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:
Չմոռանանք նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների հետքերով, ներկայացրել է նաեւ իր առարկություններն ու բացատրությունները: ԲՆ-ն հայտարարում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որ բոլոր արտահանող ընկերություններին պարտադիր է տրամադրել արտահանման լիցենզիա: Ըստ ԲՆ-ի` 2017-2018 թվականների ընթացքում ՀՀ տարածքից խեցգետնի քանակի ավելի շատ արտահանելը, քան տվյալ ժամանակահատվածում նրանց կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված քանակությունը, ԲՆ-ի կողմից գործընթացի անվերահսկելիության արդյունք չէ, քանի որ նախարարությունը օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանման մեկանգամյա լիցենզիաներ տրամադրում է դիմումատուների հայտերի հիման վրա: Պարզվում է` ՀՀ-ից խեցգետնի ապօրինի արտահանման գործընթացի վրա Բնապահպանության նախարարությունը վերահսկման գործառույթ չունի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան փաստով: Հասմիկը խնամքին ուներ 2 տղա` մեկը` 5 տարեկան, մյուսը` 9 ամսական: Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, որը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարել` ասելով, որ ցավազրկող է: Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժքրոջը հայտնել է, որ վատ է զգում իրեն, ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահացել է: «Մենք գիտենք, որ Հասմիկին հետ չենք բերի, սակայն պահանջում ենք, որպեսզի կատարվի օբյեկտիվ նախաքննություն, ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն, որպեսզի ոչ մի ընտանիք էդ սեւ սուգը չզգա, ոնց որ մենք ենք հիմա զգում: Մենք չենք վստահում Գավառի հիվանդանոցի բժիշկներին, դրա համար էլ Հասմիկի դին տեղափոխել ենք Երեւան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի»,-ասում են Հասմիկի հարազատները:

 

 

ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ըստ նախնական տվյալների, նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` պարզվել է, որ «Երեւանի պետական թեթեւ արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել եւ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Ոստիկանության լրատվության վարչության տեղեկացմամբ՝ նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար 3.904.000 եւ 2.000.000, իսկ ընդհանուր` շուրջ 5.905.000 դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են: Դեպքի առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության:




Լրահոս