Ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներից մի քանիսը հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Օպերայի անձնակազմի հիմնական պահանջն այն էր, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակի զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը: Մշակույթի նախարարությունն արդեն վարչապետին ներկայացրել է հիմնական խնդիրները, որոնցով հիմնավորել է Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում հայտարարել է՝ եթե ներկայացված փաստարկներից նույնիսկ մեկ կետը կեղծ լինի, ներկայացնողն անմիջապես կպատժվի՝ ազատվելով աշխատանքից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի եւ դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ:
Պարոն Ջավադյանը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, հաճելիորեն զարմացած է այն հանգամանքից, որ իրենց ընդունել է անձամբ Փաշինյանը: Նրա համոզմամբ՝ դա նշանակում է, որ վարչապետը կարեւորում է արվեստը. «Ասեմ, որ շատ կոնստրուկտիվ խոսակցություն էր: Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկներին, ապա դրանց մեջ կային աղաղակող անհամապատասխանություններ իրականությանը: Կողմնապահությունն ակնհայտ էր: Զարմանում եմ, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ամենեւին էլ մշակույթի գործիչների շահերը չի ներկայացնում: Տպավորություն է, որ նա մի խումբ մարդկանց շահերն է միայն ներկայացնում, իսկ կողմնապահությունը հարիր չէ պետական գործչին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ 92 միլիոն դրամի չարաշահումներն, օրինակ, որոնք վերագրում են Օրբելյանին, հաշվապահական սխալների արդյունքում կուտակված տույժեր են, որոնք գոյացել են 2014-2016թթ., երբ Օրբելյանը դեռեւս տնօրեն չէր: Պարոն Ջավադյանն ընդգծեց, որ Օրբելյանն ունի այնպիսի կապեր, որոնք օգտագործելով՝ կարողանում է ներդրումներ անել թատրոնում. իրականացնում է վերանորոգումներ, ձեռք է բերում թանկարժեք տեխնիկա: Նա հարցրեց, թե արդյոք պետությունը կտա այդ գումարը: Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարը հիշեցրեց՝ վերջին 25 տարվա ընթացքում օպերային թատրոնում բեմադրվել է 9 առաջնախաղ, իսկ միայն վերջին կես տարվա ընթացքում՝ 5 առաջնախաղ՝ մեկը՝ պետպատվերով, մյուսները՝ զուտ Օրբելյանի անձնական կապերի եւ ներդրումների շնորհիվ:
Իսկ տիկին Ղարիբյանը, նրա խոսքով, ներկա չի եղել թատրոնի ներկայացումներին: Փոխարենը հանդիսատեսի շրջանում նկատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին: Պարոն Ջավադյանի խոսքով՝ եթե Օրբելյանին տնօրենի պաշտոնում չվերականգնեն, իրենք խնդիրը կտեղափոխեն իրավական հարթություն, իսկ գործադուլ կանեն ծայրահեղ դեպքում:
Իսկ, ահա, դիրիժոր Զավեն Վարդանյանը, որը վերջին երեք տարվա ընթացքում աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեզ հետ զրույցում պնդեց՝ եթե կա օրենք, ուրեմն այն բոլորի համար է. «Հակոբ Ղազանչյանն ասում է՝ կան արվեստագետներ, որոնք օրենքից վեր են կանգնած: Չկա այդպիսի բան: Բոլորն օրենքի առաջ հավասար են: Նախորդ կառավարության օրոք որոշ օրենքներ վերաձեւելով՝ Օրբելյանին հնարավորություն տվեցին, որ նա առանց մրցույթի նշանակվի տնօրենի պաշտոնում: Հիմա նախարարությունը դիմել է կառավարությանը, որ այդ օրենքը վերանայվի: Իրականում Օրբելյանին կարելի է դատի տալ այն բանի համար, որ նա, իմանալով, որ իրեն նշանակում են օրենքի խախտումով, տվել է իր համաձայնությունը»,-ասաց նա:
Օրբելյանի կողմնակիցները հարցնում են՝ մաեստրոն ինչ մեղավոր է, որ իրեն օրենքի խախտումով նշանակել են տնօրենի պաշտոնին, ասում են՝ իրեն ասել են՝ արի՛, թատրոն ղեկավարի՛ր, ինքն էլ եկել է: «Բայց չէ՞ որ Օրբելյանը հրաշալի գիտեր, թե ինչ գնով են իրեն նշանակում այդ պաշտոնում: Նա նույնիսկ իշխանության վերին օղակների հետ բանակցում էր, որ ինքը լինի թատրոնի լիարժեք ղեկավարը, եւ այնպես ձեւեցին ամեն բան, որ Օրբելյանը ե՛ւ տնօրեն լինի, ե՛ւ գեղարվեստական ղեկավար»,-հակադարձեց դիրիժորը:
Նա շեշտեց, որ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները միմյանցից շատ տարբեր են. «Օրբելյանն ուզում է միահեծան լիդերություն, ուզում է՝ բոլոր պաշտոններն ինքը զբաղեցնի, որ կառավարելը հեշտ լինի: Իսկ եթե նոր տնօրեն գա, գուցե հակասություններ ծագեն: Նա պատրաստ չէ դրան, լավ է աշխատում, երբ իշխանությունն իր ձեռքերում է, վարվում է այնպես, ինչպես ուզում է, առանց այլ կարծիք լսելու: Ես առաջարկում եմ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում այլ մարդու նշանակել, տնօրենի պաշտոնում՝ այլ, նաեւ ստեղծել պրոդյուսերի պաշտոն եւ այն հանձնել պարոն Օրբելյանին, քանի որ այն, ինչ ինքն անում է իր կապերի շնորհիվ, հենց պրոդյուսերական աշխատանք է, ոչ գեղարվեստական»:
Շատ է քննարկվում նաեւ պարոն Օրբելյանի ռուսախոս լինելու փաստը: Ոմանք, սակայն, հիշեցնում են՝ Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը եւս ռուսախոս էին… «Մի՛ մոռացեք, որ նրանք ապրում էին Խորհրդային Միությունում: Օրբելյանն այս տարիների ընթացքում ջանք չթափեց, որ գեթ մեկ հայերեն նախադասություն սովորի. սա հարգանքի բացակայություն է մայրենի լեզվի նկատմամբ»,-եզրափակեց պարոն Վարդանյանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՆՁՆԱԿԱՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏ»
«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի շրջանակում շարունակում է զուտ կանացի թեմաներով զրուցել շոուբիզնեսի հայտնի կանանց հետ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է: Նա նշել է, թե ինչ պետք է անի տղամարդը կնոջը կողքին պահելու համար, խոսել է իր կանացի երազանքի մասին:
-Հասմի՛կ, շարունակե՛ք միտքը. «Կանանց միամսյակը պետք է, որպեսզի…»
-Ամեն դեպքում, տղամարդիկ պետք է հասկանան, որ կանանց հարկավոր է ուշադրության եւ ջերմության արժանացնել ոչ միայն միամսյակի շրջանակում, այլեւ դրանից դուրս, ամբողջ տարվա ընթացքում պետք է լինել նույնքան կնամեծար, որքան, ասենք, մարտի 8-ին:
-Ո՞րն է կնոջ ամենամեծ առավելությունը: Ո՞ր հատկություններն են նրան առանձնացնում տղամարդուց:
-Համբերությունն ու ինքն իրեն զոհաբերելու ունակությունը:
-Կնոջը կողքին պահելու համար տղամարդը պետք է…
-Հարգի նրա զգացմունքները, ցանկությունները, թույլ տա, որպեսզի կինն ինքնարտահայտվի, որպեսզի նա չկործանվի կենցաղում: Ըստ իս` կնոջը սպանում է հենց կենցաղը: Եթե կինը կենցաղից բացի դրսեւորվելու այլ տեղ ունի, չպետք է արգելք դառնալ նրա ճանապարհին:
-Ո՞րն է եղել ամուսնուց ստացած լավագույն նվերը:
-Տեսահոլովակի ֆինանսավորումը:
-Կանացի ի՞նչ երազանք ունեք այսօր:
-Ամենամեծ երազանքս՝ մայրանալը, կատարվել է, հիմա արդեն շատ եմ ուզում համատեղել անձնականը գործնականի հետ: Ստեղծագործական կյանքի համար նախատեսված անկյունը դատարկ է, եւ այն ոչ մի ուրիշ բանով հնարավոր չէ լցնել:
-Կնոջը երբեք չի կարելի ասել…
-«Դու տգեղ ես»:
-Կինը հեռանում է, երբ…
-Այնքան շատ են պատճառները… Բայց եթե ընդհանրական ձեւակերպում տամ, երբ չի սիրվում եւ չի հարգվում:
-Եվ վերջում՝ ի՞նչ եք մաղթում հայ կանանց եւ աղջիկներին:
-Մաղթում եմ, որ իրենք իրենց ավելի շատ սիրեն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ