ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:
ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:

Վալերիյ Օսիպյանը կարգադրեց օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Խոսվեց նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:

Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:




Լրահոս