«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գերմանաբնակ երգիչ Հայկ Կասպարովն է: Նա անդրադարձել է Գերմանիայում իր ապրելակերպին, Հայաստանի հետ կապված ծրագրերին եւ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին: Հայկը խոստովանել է, որ Հայաստան հաճախակի այցելելու գլխավոր պատճառներից մեկն էլ հենց սիրելին է, որի հետ պատրաստվում է մինչեւ տարեվերջ օրինականացնել հարաբերությունները:
-Հա՛յկ, այս տարի հասցրել եք արդեն նոր տեսահոլովակներ թողարկել, կարծես թե բուռն ստեղծագործական կյանքով եք ապրում, էլի ի՞նչ նորություններ կլինեն:
-Այո՛, շուտով էլի հանդիսատեսի դատին կհանձնեմ նոր երգ եւ տեսահոլովակ, բացի այդ՝ իմ հեղինակային երգը, որը կոչվում է «Հայից սիրուն չկա»: Համագործակցել եմ հոլանդաբնակ հայ դիջեյ Արտակի հետ:
-Արդեն վեց տարի է՝ բնակվում եք Գերմանիայում: Հայաստան վերադառնալու, այստեղ մշտական բնակություն հաստատելու ծրագրեր ունե՞ք, թե՞ Ձեր ապագան արդեն այդ երկրում եք պատկերացնում:
-Հայաստանը շատ եմ սիրում եւ հաճախ եմ լինում իմ հայրենիքում: Վերադառնալու մասին մտածում եմ, պարզապես պետք է դրան հոգեպես պատրաստ լինեմ, նոր հետո տեղափոխվեմ: Անկեղծ ասած, արդեն սովորել եմ Գերմանիայի կյանքին, ապրելակերպին, այստեղ ունեմ իմ հանդիսատեսը, կայուն լսարանը, ընկերներ: Մասնակցում եմ ոչ միայն համերգների, այլեւ կոորպորատիվների: Ինձ այստեղ լավ եմ զգում, ինչը շատ կարեւոր է, միայն կարոտն է, որ հանգիստ չի տալիս: Հայաստան վերադառնալուց հետո ինձ համար բավական դժվար կլինի, քանի որ այդտեղ չունեմ այնքան լսարան, որքան այստեղ:
-Ձեր հարազատները Հայաստանու՞մ են:
-Այո, ընտանիքս Հայաստանում է ապրում:
-Հայաստանյան շոու-բիզնեսին հետեւու՞մ եք, ի՞նչ տպավորություններ ունեք:
-Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ հետեւում: Նախ՝ ժամանակս բավական սուղ է, երկրորդ՝ հիմա մեր շոու-բիզնեսում շատ պասիվ վիճակ է, այս տարվա ընթացքում ոչ մի յուրահատուկ բան չեմ տեսել: Ունենք երգիչներ, որոնց մասին անգամ չեմ էլ լսել: Անշուշտ, նրանց թվում կան տաղանդավոր մարդիկ, ինչի համար շատ ուրախ եմ: Հիմա մեծ մասն աշխատում է թողարկել կոմերցիոն երգեր: Ես էլ բացառություն չեմ: Եթե ուզում ես գումար վաստակել, պետք է հետեւես կոմերցիային: Նախկինում որեւէ երգ թողարկելուց առաջ հաշվի էի առնում, որ այն նախ ինձ դուր գար, հետո՝ հանդիսատեսին, իսկ հիմա փորձում եմ ոսկե միջինը գտնել:
-Երկրպագուներին կհետաքրքրի՝ ամուսնալուծությունից հետո Ձեր կյանքում կին հայտնվե՞լ է, եթե այո՝ արդյո՞ք նա հայ է: Կրկին ամուսնանալու պլաններ ունե՞ք:
-Ամուսնանալու պլաններ, իհարկե, կան: Ունեմ ընտրյալ, որը Հայաստանից է, ու Հայաստան գալուս գլխավոր պատճառներից մեկն էլ ինքն է: Փակագծերը շատ չեմ բացի, միայն կասեմ, որ եթե ամեն բան լավ ընթանա, մինչեւ տարեվերջ կօրինականացնենք մեր հարաբերությունները:
-Այսինքն՝ նա պատրա՞ստ է գալ Գերմանիա:
-Ճիշտն ասած՝ բանակցությունների մեջ ենք: Նա չի ցանկանում գալ Գերմանիա, բայց եթե ես որոշել եմ ու եկել եմ, ինձ թվում է՝ շատ սիրելու դեպքում ինքն էլ կգա: Ես դեմ չեմ, որ ինքն այստեղ՝ Գերմանիայում, իր սիրելի գործով զբաղվի, հատկապես, որ այդ գործը համընկնում է նաեւ իմ գործի հետ:
-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ հետեւո՞ւմ եք արդյոք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ի՞նչ հույսեր եք կապում ապագայի հետ:
-Այստեղ ամեն օր հետեւում եմ լուրերին, մինչեւ չեմ կարդում, չեմ քնում: Անկեղծ ասած, երբ վերջին անգամ գալիս էի Հայաստան, սպասում էի, որ մեծ փոփոխություններ եղած կլինեն: Ցավոք, դեռ դրանք տեսանելի չէին: Բայց հուսով եմ, որ ամեն բան լավ է լինելու: Հավատ ունեմ մեր վարչապետի նկատմամբ: Երազում եմ, որ սփյուռքահայերն ու անգամ օտարերկրացիները ցանկություն հայտնեն Հայաստանում մշտական ապրելու: Հուսով եմ, որ շուտով ինքս էլ կտեղափոխվեմ հայրենիք, կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով: Հանգամանքների բերումով հայտնվել եմ այս երկրում, բայց ես իմպուլսիվ անձնավորություն եմ, ու հնարավոր է՝ մեկ վայրկյանում որոշեմ վերադառնալ:
Աննա Բաբաջանյան