Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, վերակազմակերպված Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը ծնվել է Երեւանում, սակայն ծագումով լոռեցի է. ծնողները Լոռուց են: Հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, տնտեսագետ է, մայրը՝ Մարինե Աղաջանյանը, մանկավարժ: Ամուրի է, ունի երկու եղբայր՝ Արտակն ու Արմանը: Եղբայրներից ավագն ինքն է, այս տարի սեպտեմբերի 2-ին նախարարը կբոլորի իր 40-ամյակը: Հարությունյան եղբայրները արեւելագետ են, սակայն աշխատում են ոչ մասնագիտության՝ մեկը գովազդի ոլորտում է աշխատում, մյուսը՝ ժամագործության:
Դպրոցահասակ տարիքում՝ 7-8 տարեկանում, Հարությունյանը հաճախ է եղել Լոռիում եւ այս ինքնատիպ տեղանքը մեծ ազդեցություն է ունեցել նրա դաստիարակության հարցում: Դպրոցական տարիքում սպորտով է զբաղվել՝ լող, թեթեւ ատլետիկա, շախմատ: Ծանոթ-բարեկամները ապագա նախարարին կնքել են «պրոֆեսոր» մականունով եւ կանխատեսել՝ հաստատ պաշտոնյա է դառնալու: Փաստորեն, չեն սխալվել: Երեւանի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1996-2003թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում: Արաբագիտության մագիստրոս է: Մեկ տարի` 1998-1999 թթ, Հարությունյանը սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում, իսկ 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։
Գիտական 6 հոդվածի հեղինակ Հարությունյանը 2007-ից դասախոսում է մայր բուհում՝ Արեւելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: Նկատենք, որ Հարությունյանի դասախոսական աշխատանքը համընկել է ակտիվ քաղաքական պրոցեսների շրջանին, եւ այդ ընթացքում բուհի ղեկավարության կողմից նրա գործունեությունը խոչընդոտելու փորձեր են արվել: Բանը հասել է նաեւ աշխատանքից հեռացնելու սպառնալիքին, սակայն Հարությունյանն անդրդվելի է մնացել:
Ի դեպ, մեր շարքի հերոսը նաեւ հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունի, աշխատել սկսել է վաղ տարիքից, ուսանելու տարիներին նույնպես եւ շատ լավ գիտի աշխատանքի գինը. առեւտրով է զբաղվել, բանվորություն արել, ռեպետիտոր աշխատել՝ պատմություն ու արաբերեն պարապել ուսանողների հետ: Ֆինանսական կայունություն է ձեռք բերել մինչեւ նախարար դառնալը եւ կարծում է, որ պետական պաշտոնյաների արդյունավետ աշխատանքի համար կարեւոր է բարձր վարձատրությունը, որպեսզի չինովնիկները մտազբաղ չլինեն ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու խնդրով: Այս ուղղությամբ, ըստ նրա, ապագայում պետք է քայլեր ձեռնարկվեն:
Սկանդալների մեջ
Ա. Հարությունյանի պաշտոնամուտը նշանավորվեց սկանդալային մի շարք բացահայտում-հայտարարություններով: Պարզվեց՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հիմնադրամին՝ «Երիտասարդական հիմնադրամին» ՀՀ բուհերն իրենց միջոցներից տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ են փոխանցել, պարզվեց նաեւ, որ հիմնադրամի տնօրենն ինքն իր հետ 326 մլն դրամի գործարք է կնքել, եւ այդ առթիվ քրեական գործ հարուցվեց: Հաջորդ սկանդալը ծագեց «էլիտար» դպրոցների, մասնավորապես «Այբ»-ի շուրջ:
Նախարարը մասնավորապես անդրադառնալով կառավարության կողմից ֆինանսավորվող մի շարք ուսումնական նախագծերի` նշեց, թե «էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր-մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։ Չուշացավ ակնարկված դպրոցի մամուլի ծառայության արձագանքը՝ «նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետեւանքով, քանի որ «Այբ» դպրոցը որեւէ ձեւաչափով երբեւէ պետական ֆինանսավորում չի ստացել»։ ԿԳ նախարարն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Նշենք, որ «Այբ»-ԿԳՆ խուլ դիմակայությունը դեռ չի հանգուցալուծվել: Անցյալ տարեվերջին հրապարակվեց Արարատյան բակալավրիատի ծրագրի վերաբերյալ ԿԳՆ-ի ստուգումներին առնչվող զեկույցը, որում մատնանշվում են բազմաթիվ թերություններ, ֆինանսական որոշ կասկածելի գործարքներ։
Ուսումնասիրության վերջնական զեկույցը, սակայն, որը պետք է հրապարակվեր «Այբ» կրթական հիմնադրամին տրամադրելուց եւ վերջինիս կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո, անհասկանալի պատճառներով ձգձգվում է: Հիշարժան էր նաեւ երեւանյան դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցության ընթացքում արձանագրված միջադեպը, որը օրեր շարունակ ֆեյսբուքյան քննարկումների հիթն էր: Խոսելով դպրոցում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի մասին` նախարարը դա պայմանավորեց բարձր որակավորում ունեցող կադրերի պակասով: Թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բողոքեց, որ օտար լեզուների դասավանդումը սկսվում է երրորդ դասարանից եւ առաջարկեց օտար լեզուների խորացված ուսուցման փորձնական ծրագիր ներդնել։ Նա ասաց, որ ինքը օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց է ավարտել, ինչի շնորհիվ լավ է տիրապետում անգլերենին։
Նախարարը կասկածեց, որ տնօրենն իր ասածը կարող է անգլերեն կրկնել, սակայն տիկինը հակաճառեց՝ իր դիրքորոշումն անգլերեն շարադրելով: Կրթության նախարարը չհանձնվեց ու մեղադրեց տնօրենին, թե ընթացքում նոր տեքստ է հորինում։ Սա վերջնականապես հունից հանեց տնօրենին, եւ նա սկսեց էլ ավելի բարձր խոսել անգլերեն։ Ելույթը մինչեւ վերջ լսելուց հետո Հարությունյանն անգլերեն շնորհակալություն հայտնեց, բայց տնօրենի գիտելիքների ցածր մակարդակի վերաբերյալ կարծիքը չփոխեց։ Ըստ նրա՝ տնօրենի ելույթը ցույց տվեց, որ այս կամ այն առարկայի խորացված ուսուցմամբ դպրոցներն առանձնապես արդյունավետ չեն։
Հեղինե Մանուկյան