Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ իրենց հյուրընկալվելու հրավերը չմերժելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարբեր պետություններ այցերի ընթացքում արդեն լավ ավանդույթ են դարձել նման հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Նման հանդիպումները շատ կարևոր են։ Մենք հույս ունենք, որ ՀՀ-ն, նոր Հայաստանը շատ մեծ ձգողականություն ունի և պետք է ավելի մեծ ձգողականություն ունենա ողջ հայության համար։ Պետք է յուրաքանչյուր հայ հպարտ լինի Հայաստանի համար՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, և Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները այդ նպատակի համար են։ Պետք է այդ հպարտությունը ոգևորի, որ իրենց քայլն անեն ու իրենց ներդրումն ունենան հայրենիքի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում բուռն զարգացումներ են տեղի ունեցել, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման վրա։

«ՀՀ-ում անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բուռն իրադարձություններ, և այս ընթացքում մեր վստահությունը գնալով ավելի է մեծանում, որ մենք պետք է կարողանանք ու կարողանալու ենք լուծել մեր առջև դրված կարևորագույն խնդիրները։ Կարևորագույն խնդիրն է Հայաստանը դարձնել մրցունակ, ազդեցիկ, հեղինակավոր երկիր թե տարածաշրջանային, թե միջազգային առումով։ Եվ մենք իրար հետ քայլում ենք այդ ճանապարհով։ Մենք այս տարի եռամսյակի առումով ունենք մեծ հաջողությունները։ Ապրիլին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 9.2%։ ՀՀ-ում տնտեսական գործունեության ազատ դաշտ պետք է ձևավորվի, այդ գաղափարը ներդրել ենք ու կյանքի ենք կոչում։

Հեղափոխությունից հետո փոխվեց այն, որ մեզ հետաքրքիր չեն հեշտ լուծելի խնդիրները, պրիմիտիվ տնտեսական սխեմաները, մենք մեր առաջ ավելի լուրջ խնդիրներ պետք է դնենք։ Այդ լուրջ ու կարևորագույն խնդիրներից մեկը Հայաստանն ինովացիոն երկիր դարձնելն է, դարձնել երկիր, որը լուծում է խնդիրներ, որոնք համընդհանուր գնահատմամբ անհնարին են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ելույթի վերջում Փաշինյանը հույս հայտնեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց տաղանդը կծառայեցնեն հայրենիքի հզորացման գործին։

«Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ այն հեղինակությամբ, որ ունեք Ռուսաստանի Դաշնությունում։ Համոզված եմ, որ ձեր տաղանդը կծառայի ձեր հայրենիքի հետագա հզորացմանը, և հավատացնում եմ, որ այդ ճանապարհին չի կարող լինել խոչընդոտ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրն է, ձեր պետությունն է»,- ասաց նա։




Լրահոս