Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական համակարգի վիճակի մասին, հայտարարել էր. «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Այսինքն` հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին….:
Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան` այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին…:
Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը…:
Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք` մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների…»:
Այս հայտարարություններից հետո դատական համակարգում ակտիվ քննարկումներ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող դատավորները, ինչպես նաեւ մեկ տարի անց թոշակի մեկնող դատավորները քննարկել են, թե այսքան տարի աշխատելով դատական համակարգում` միթե արդարացի է իրենց վեթթինգի ենթարկելը: Ավելին` կարծիք են հայտնել այն մասին, թե շուրջ 10-20 տարի աշխատելով դատական համակարգում` արդա՞ր է, արդյոք, նոր քննություն անցնելը: Դատավորներից շատերը, որոնք շուրջ 10 տարվա եւ ավելի աշխատանքային փորձ ունեն, ներքին քննարկումների ժամանակ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել, գնալ, բայց պետք է իրենց խոստանան, որ թոշակ կստանան, իսկ եթե թոշակ չեն տալու, ապա ինչու պետք է ազատման դիմում գրեն եւ հեռանան:
Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը մյուս տարի թոշակի է գնում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանն այս տարի է թոշակի գնում, մյուս տարի թոշակի են գնում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը եւ Ռուբեն Ափինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել դատավորների հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք վերջիններս մասնակցել են այդ խոսակցությանը` ասելով, թե պատրաստ են դիմում գրել դուրս գալ, բայց իրենց թոշակ տան:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյան
-Պարո՛ն Ափինյան, Դուք նման խոսակցությունների մասնակցե՞լ եք, նման կարծիք հայտնե՞լ եք, որ պատրաստ եք դիմում գրել, գնալ, բայց թոշակ տան:
-Չէ, տենց խորհրդակցության մասնակից չեմ եղել, չեմ էլ իմանում` ինչ ասեմ:
-Իսկ կարո՞ղ է` ազատման դիմում գրեք, գնաք:
-Բա թոշակս ո՞վ տա, 65 լրանալուց են թոշակ տալիս, եթե գնամ, մնում եմ առանց թոշակի, 21 տարի աշխատել եմ:
-Եթե ասեն, որ գրեք, գնացեք, թոշակ կտանք, կհամաձայնե՞ք:
-Եթե նման առաջարկ լինի, պետք է օրենք փոխեն, որ դատավորները, որոնք 20 տարի եւ ավել աշխատել են եւ ցանկություն ունեն անցնել կենսաթոշակի, իրավունք ունեն գնալու կենսաթոշակի, առանց օրենքի հնարավոր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը հայտնեց. «Այդ դատավորների շարքին չեմ եղել եւ չեմ կարող լինել եւ ես մեկնում եմ թոշակի, բայց ես մեկնում եմ, ոչ թե գնում եմ այնպես, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, այլ հակառակը` ես շատ մտահոգված եմ գնում, մտահոգված իմ ընկերների համար»:
Քնար Մանուկյան