Հովիկ Աբրահամյանի եղբայրը վարձակալել է ջրամբարի տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պաշտոնյաները տարիներ շարունակ օգտվել են պետության սեփականություն հանդիսացող Հեր-հերի ջրամբարից` դրա դիմաց գրոշներ վճարելով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի` «Ջրառ» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում մի քանի անհամապատասխանություններ է բացահայտվել: Անհամապատասխանություն` մեղմ ասած:

Այսպես` ըստ հաշվեքննիչ պալատի` բացակայել է ջրի ծավալների իրական հաշվառումը: Օրինակ` 2013 թվականին 500 հազար եվրո արժեքով ձեռքբերված չափիչ սարքերը սահմանված վայրերում անհասականալի պատճառներով տեղադրված չեն եղել: Պարզվում է` «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության` չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գրին Էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին վարձակալությամբ է տրվել Վերնաշենի պոմպակայանը` ամսական 220 հազար դրամով: Բայց ընկերությունն իրեն տրված պոմպակայանը գրավադրել է` ստանալով համապատասխան վարկային գիծ:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Գրին էներջի կոնցեռն» ընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, հիմնադիրն է Գրիգոր Առաքելյանը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գրիգոր Առաքելյանը «Մինա-մայա» ՍՊԸ-ում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է ընկերության կողմից շահագործվող երկու ՀԷԿ-երի բաժնեմասը: Խոսքը «Մինա մայա» ընկերությանը պատկանող, Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» եւ «Եղեգնաձոր փհէկ-1» ՓՀԷԿ-երի մասին է:

Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերությանը Հեր-հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 20 հազար դրամով ձկնաբուծության նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը Հենրիկ Աբրահամյանն է: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Հենրիկ Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է: Նշենք, որ «Յագուար կենդանիների աշխարհ» ընկերությունը զբաղվել է հազվադեպ եւ անհետացման եզրին կանգնած վայրի կենդանիների պաշտպանության, էկոտուրիզմի եւ որստուրիզմի կազմակերպմամբ եւ այլ գործունեությամբ: Ի դեպ, ընկերության ծրագրերի մեջ ժամանակին նախատեսվում էր մտցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու վայրի կենդանիների պահպանությունը:

Ընկերությունն իբր զբաղվելու էր բեզուարյան այծի, մուֆլոնի պաշտպանությամբ: Բայց արի ու տես, որ ընկերությունը բիզնես է արել` ձկներ է աճեցրել: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ ե՛ւ «Ջրառ» ՓԲԸ-ից, ե՛ւ «Յագուար կենդանիների աշխարհ կոնցեռն» ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Անգամ փորձեցին կապ հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ. այս դեպքում եւս մեր հեռախոսազանգերն անպատասխան էին:

Բացի այս, Հեր-հեր ջրամբարից 2 ՀԷԿ-երի համար էներգետիկ նպատակով 2017 թվականին եւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բաց է թողնվել 40.5 մլն խմ ջուր, որի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է ընդամենը 3 մլն դրամ (մատակարարված ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 մլն դրամ):

Հաշվեքննիչ պալատը ռիսկային է համարել գարնան նախապատրաստական աշխատանքների մասով 2017 թվականին եւ 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարված ծախսերը` շուրջ 460 մլն դրամի չափով, որից 233 մլն դրամը` կանխիկ: Պարզվել է, որ այդ աշխատանքների իրականացումը փաստաթղթերով հիմնավորված չէ: Գնումների գործընթաց չի իրականացվել: Աշխատանքների արժեքներն էականորեն բարձր են եղել: Օրինակ` հաստիքային աշխատողին վճարվել է ամսական 80 հազար դրամ, իսկ նմանատիպ աշխատանք կատարողի հետ կնքվում է պայմանագիր` 27 օրվա համար 917 հազար դրամի չափով: «Զիլ» մակնիշի մեքենաների շուկայական արժեքը կազմել է մոտ 2.5 մլն դրամ, մինչդեռ դրանք վարձակալվել են (30-42 օրվա համար) միջինը 1.2 մլն դրամով, «Կամազ» մակնիշի մեքենաները` 1.5 մլն դրամով: ՋՕԸ-ների կողմից նմանատիպ ռիսկային կերպով ծախսվել է 1.7 մլրդ դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՋՕԸ-երի կողմից չեն պահպանվել «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացված ոռոգման ջրի տրամադրման պլան-ժամանակացույցները, ինչն ազդեցություն է ունեցել Սեւանա լճից բաց թողնվող ջրի, Մխչյանի եւ Ռանչպարի դոտացիոն պոմպային կայաններով մղվող ջրի ծավալների, հետեւաբար ծախսված էլեկտրաէներգիայի ծավալների վրա:

Ավելին` ըստ պալատի` մշակված չի եղել ջրի կառավարման-պլանավորման արդյունավետ համակարգ: Մինչդեռ պլանավորումը պետք է իրականացնել սկսած գյուղացիների ջրապահանջարկից, մինչեւ Սեւանա լճից ջրի բացթողումը: Այսինքն` ՋՕԸ-երի տեղեկատվական միասնական էլեկտրոնային համակարգի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել, ինչի արդյունքում ջրի կառավարման գործընթացի համար սահմանված արդյունավետությունը չի պահպանվել:

Իսկ ահա Արփա-Սեւան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի եւ նորմաների անհամապատասխանություններով, որի արդյունքում նախահաշվային արժեքը բարձր է հաշվարկվել 1.6 մլրդ դրամի չափով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս