Դատարանը մասնակի բավարարել է Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հունիսի 7-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշում է կայացրել մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը:

«Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը բավարարել մասնակի, արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը: Նրա իրավունքների խախտումը վերացնելու վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում»,- ասաց Դանիբեկյանը: Այսպիսով, գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց՝ դա թողնելով բուն գործը քննող դատավորին։

Գույքի վրա արգելանքը դրվել էր Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց հետո՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել էին դատախազին, բողոքը մերժվել էր, որից հետո նրանք դիմել են դատարան:

Ավելի վաղ` արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:




Լրահոս