Ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում անդրադարձել է Արտակ Զեյնալյանի հնարավոր հրաժարականին:

Երեկ երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարճատեւ նիստ անցկացրեց։ Նկատենք, որ այն տեղի ունեցավ երեկոյան ժամի եւ հենց խմբակցությունում, որտեղ վերջերս պատգամավորներն ավելի են գերադասում քննարկումներ ունենալ՝ փակ ֆորմատով, անցանկալի արտահոսքերից խուսափելու համար։ Սակայն հետաքրքիր է, որ խմբակցության նիստին ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել, դեռ ավելին` շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, որ այդպիսի նիստ է լինելու, եւ արդեն շենքում չեն էլ եղել, սակայն խմբակցությունից էլ վստահեցրել են, թե ընթացիկ քննարկումներ են, եւ կարող են նաեւ չմասնակցել։

Խմբակցության քննարկումներն ընթանում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե որեւէ առանձնահատուկ բան չկա, եւ ընթացիկ քննարկումներ են։ Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում փոփոխություններ են սպասվում գործադիրում, եւ երեկ պատգամավորները նաեւ այդ հարցին են անդրադարձել։ Բանն այն է, որ մամուլը տեւական ժամանակ գրում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հնարավոր պաշտոնանկության մասին, եւ այդ խոսակցությունները չեն դադարում նաեւ նախարարության ներսում։ Անձամբ Զեյնալյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խուսափել էր խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին, իսկ օրերս էլ լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, թե կառավարությունը գոհ է իր աշխատանքից։ Սակայն նաեւ իշխանական պատգամավորներն են մասնավոր զրույցներում դժգոհում Զեյնալյանի գործունեությունից եւ ոլորտի վիճակից՝ ասելով, թե գործ չի արվում։

Եվ հիմա իշխանության ներսում ակտիվորեն խոսվում է Զեյնալյանի պաշտոնանկության մասին, իսկ որպես նրան ամենահավանական փոխարինող նշվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունը։ Բացի նրանից` այլ անուններ եւս կան, սակայն նա ամենահավանականն է համարվում։ Նա նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանիքի քավորն է։ Հավելենք, որ երեկ իշխանական խմբակցության ՔՊ-ական պատգամավորները հավաքվել էին նաեւ գրասենյակում՝ մասնակցելու կուսակցության վարչության անդամի քարոզարշավին։

ՆՅՈՒԹԸ՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ




Լրահոս