Այսօր ԱԺ- ամբիոնից ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ ոստիկանները քաղաքացուն բռնել են, ծեծելով մտցրել մեքենան և բաց թողել:
Մինչ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալը հանցագործության մասին հաղորդում է տվել և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին է դիմել Դավիթ Խաժակյանը: Ըստ էության Դավիթ Խաժակյանի և Գևորգ Գորգիսյանի հայտարարությունները նույն դեպքի մասին էին: Ուստի ArmLur.am լրատվականը դիմեց Ոստիկանություն հասկանալու համար, թե կոնկրետ ինչ ծեծի մասին է խոսքը, որ բաժնում են նման կերպ վարվել քաղաքացու հետ, ի պատասխան ոստիկանությունից ներկայացրին հետևյալ պարզաբանումը.
Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։
Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ,որը նրան առաջարկել է հաղորդում տալ ոստիկանություն, ինչի հիման վրա էլ , ոստիկանության պետի հանձնարարությամբ հիշյալ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։