Վարդան Հարությունյանի գործով կա երկու կասկածյալ. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք:

Ավելի ուշ ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքն է ծեծել Վարդանին:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»,- մասնավորապես գրել է նա։

Գեղամ Մանուկյանի` Ոստիկանություն ներկայանալուց հետո մի խումբ ՀՅԴ-ականներ եւս ներկայացան ոստիկանություն ասելով, որ իրենք են ծեծել Վարդան Հարությունյանին: Սա վերածվեց «Ես եմ ծեծել» ակցիայի:

ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ գործը արդեն ուղարկվել է քննչական կոմիտե:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի հետ.

«Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվնախապատրաստվող նյութերով ոստիկանության բաժժին էին ներկայացել ՀՅԴ 14 անդամներ եւ մեկկ անդամ էլ կրկին նույն կուսակցությունից հեռախոսազանգով հայտնել էր, որ Հարությունյանին ինքն է ծեծի ենթարկել:

Սակայն արդեն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր քննչական գործողությունները, եւ դրա արդյունքում այս պահին Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հորուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ ներգարվվել է որպես կասկածյալ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ուզում եմ նշել, որ որպես կասկածյալ ներգրավված անձանցից որեւէ մեկը ՀՅԴ-ի անդամ չէ»,- ArmLur.am -ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Հարցրինք` կեղծ մատնության հոդվածով գործ հարուցվել է:

«Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվումեն բոլոր քայլերը` վերջինիս ծեծի ենթարկելու անձանց շրջանակը հստակեցնելու, եւ քրեական գործում ներգրավված անձանցից յուրաքանչյուր գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,- ArmLur.am-ին ասացին քննչական կոմիտեից:

Լուսինե Մինասյան




Լրահոս