Պետերբուրգի համաժողովը և Զախարովայի սխալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին կայացավ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նման հեղինակավոր համաժողովին մեր երկրի մասնակցությունը բավական կարևոր է, առավել ևս եթե հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները սահմանել են տնտեսական հեղափոխության իրականացման խնդիր:

Թերևս պատահական չէ, որ վարչապետը մի շարք հետաքրքիր հանդիպումներ ունեցավ օտարերկրյա տարբեր գործարարների հետ, ովքեր հետաքրքրություն հայտնեցին նաև գործունեություն ծավալել Հայաստանում:
Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի մասնակցությունը պանելային քննարկման Ռուսատանի, Չինաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի առաջնորդների, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ վկայում է մեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման մասին:

Իր ելույթում Ն. Փաշինյանն ընդգծեց Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումները, որոնք անշուշտ բավական կարևոր են գործարար և ներդրումային միջավայրի համար: Ելույթներին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հանդես եկավ բավական համարձակ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայաստանի միջնորդությունը Եվրասիական միության և Եվրամիության միջև համագործակցության հաստատման համար:

Չնայած Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանի մասնակցության արդյունավետությանը, այնուամենայնիվ չհաջողվեց խուսափել միջադեպից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառմանը, ով որոշել էր ցիտել ՀՀ վարչապետի արտահայտած մտքերից մեկը, սակայն կոնտեքստից դուրս. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»: ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարի այս անհասկանալի մեջբերումը հակասական ընկալումների առիթ է դարձել, իսկ գրառման մեկնաբանություններում այն հիմնականում բացասական բնույթի արձագանքների է արժանացել:

Որոշ հայ օգտատերեր Զախարովայից անգամ փորձել են ճշտել այդ գրառման իմաստը և նպատակը, ինչին ի պատասխան՝ վերջինս նշել է, որ դա դարձել է իր սիրելի արտահայտությունը և որևէ սարկազմ չկա: Չնայած արդարացումներին, Զախարովան տվյալ դեպքում այդքան էլ համոզիչ չէ, և ճիշտ կլիներ՝ առավել լուրջ հիմնավորումներ ներկայացնի հայկական կողմին, այդ թվում՝ պաշտոնական խողովակներով:

Եթե Զախարովան դա արել է միտումնավոր և ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի վարչապետին ծաղրելու նպատակով՝ ապա նա պետք է խստագույնս պատժվի այդ լկտի պահվածքի համար: Իսկ եթե նա ՀՀ վարչապետի միտքը կոնտեքստից դուրս ներկայացրել է ոչ միտումնավոր՝ առանց պատկերացնելու հնարավոր թյուրըմբռնումները, ապա դա խոսում է նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և ցածր կոմպետենտության մասին, ինչը մտածելու առիթ պետք է տա գերտերության հավակնություններ ունեցող ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ամեն դեպքում պետք է փաստել, որ ՀՀ վարչապետի մասնակցությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին բավական կարևոր էր և արդյունավետ, և Զախարովայի սխալը չպետք է ստվերի այդ արդյունքները:




Լրահոս