Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում:
-Պարո՛ն Բաբայան, Արցախի պաշտպանության բանակում, կարծես թե, լայնամասշտաբ փոփոխություններ են կատարվում. դրա վկայությունն է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը թողնում է պաշտոնը եւ զորացրվում Զինված ուժերի շարքերից: Տեղյա՞կ եք, թե ինչու է Ս. Կարապետյանը նման որոշում կայացրել:
-Հայտարարություն տարածվել է: Հասկանո՞ւմ եք, կա սերնդափոխության խնդիր, կան տարբեր հարցեր, ու, ընդհանրապես, այն սպաները, հրամանատարները, առավել եւս` լեգենդար անձնավորությունները, եթե նույնիսկ իրենք թոշակի բերումով, տարիքի բերումով կամ այլ խնդիրներով դուրս են գալիս գործող բանակից, դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու հայրենիքի պաշտպանի իրենց ծառայությունը: Այսինքն` հարկ եղած դեպքում, բնական է, որ Արցախի բանակը ժողովրդական բանակ է, ու աշխարհազոր է, անհրաժեշտության դեպքում համալրվելու է գործող բանակի շարքերը: Հետեւաբար, ահա, այս տեսանկյունից պետք է այդ ամենը դիտարկել:
-Բայց տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի իշխանական շրջանակում խմորումներ են, առաջիկայում նման պաշտոնանկությունները շարունակվելու են: Կա՞ նման բան:
-Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են տեղի ունենում, ուրիշ որեւէ խմորում չկա Արցախում: Անհո՛գ եղեք, նման բաներ Արցախում չկա:
-Իսկ ինչպե՞ս են Արցախում վերաբերվում օրերս ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տարածքներ անվտանգության դիմաց» ձեւաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձեւաչափով:
-Այո, մենք համամիտ ենք, մենք դրա մասին ասում ենք տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի բան նորից շեշտել. երբ որ Ադրբեջանը խոսում է, որ գալու է Ստեփանակերտ, Շուշի եւ այլն (միշտ, կարծես թե, նման հայտարարություններ է անում), ես ասում եմ հետեւյալը. դրան երկու տարբերակ կա, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ երկու տարբերակը լինի: Նախ` նորմալ դիվանագիտական ճանաչումից հետո նրանք այստեղ ուղարկում են իրենց դիվանագիտական առաքելությունը կատարողին` դեսպան, չգիտեմ, այլ ինչ-որ պաշտոնյաներ, ասենք` հյուպատոսներ, կամ որպես ռազմագերիներ մասնակցեն մեր հաղթական շքերթին Վերածնունդի հրպարակում, այլ տարբերակ չկա: Հետեւաբար, սա` որպես համալրում պարոն Դավիթ Տոնոյանի ասածին:
-Բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն Դ. Տոնոյանի հայտարարության վերաբերյալ ասել է, թե սա «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական եւ նվաճողական քաղաքականություն»: Ավելին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է. ավարտվել է դրա միայն մի փուլը:
-Այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը` հասարակ քաղաքացիներին ծեծելով, ջարդելով, բռնության ենթարկելով, սա երեւի ագրեսիա չի, սա պարզապես իրենց բնորոշ պահելաձեւ է, դրա համար չեն որակում դա որպես ագրեսիա: Կարծում եմ, որ պետք է մեկ-մեկ հայելու մեջ նայել իրականությունը հասկանալու համար: Բոլորին էլ այդ իրականությունը հայտնի է, միայն նրանք չեն տեսնում դա: Իսկ իրենց հայտարարությունների հետ կապված` ես արդեն առաջարկեցի մեր տարբերակները:
-Պարո՛ն Բաբայան, ըստ շրջանառվող տեղեկությունների` Արցախի իշխանական հատվածում լարվածություն կա` նախագահի առաջիկա ընտրությունների հետ կապված: Նշվում է, որ այնքան թեժ իրավիճակ է, որ այն իր գագաթնակետին է հասնելու: Ի վերջո, ինչո՞ւ է նման լարվածություն ստեղծվել:
-Լարվածություն, որպես այդպիսին, չկա, բայց կա ինչ-որ չափով ակտիվություն տարբեր քաղաքական ուժերի, որը ինչ-որ տեղ բնորոշ է ժողովրդավարական պետություններին: Ճիշտ է, կարծես, թե մի քիչ շուտ է սկսել, բայց, կարծում եմ, դա էլ է պայմանական: Կարող եմ ասել, որ լինելու է մրցակցություն, իմ կանխատեսումներով` բավականին թեժ մրցակցություն: Պաշտոնական առաջադրումները կլինեն ժամանակին, երբ արդեն ընտրությունների մեկնարկը կտրվի` օրենքով սահմանված կարգով: Հիմա տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում, բայց, կարծում եմ, դա էլ է նորմալ: Պաշտոնական մեկնարկի ժամանակ մենք կարող ենք հստակ ասել` ինչ մասնակցություն է լինելու, ինչ իրավիճակ է: Անուններ եթե հնչում են, դեռեւս դա չի նշանակում, որ բոլոր թեկնածուներն առաջադրվում են: Ցույց կտա ժամանակը, հետեւաբար, պետք է սպասենք, մինչեւ կգա այդ ժամանակահատվածը, որի մասին էլ կխոսենք:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը որոշեց հրաժարական ներկայացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո: Մի՞թե այս այցը կարող էր նման «վերջաբան» ունենալ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԳԱՂՋ» ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՄՆԱԼ
Արդեն բավական երկար ժամանակ է` տարբեր աղբյուրներով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ն գլխավորող Սերժ Սարգսյանը առաջիկայում պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: Ավելին` նշվում է, թե ՀՀԿ-ում այս օրերին վերադասավորումներ են կատարվում, որի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա անձամբ Սերժ Սարգսյանը:
Գրեթե մեկ տարի է, ինչ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսակցություններ կան, որ սա Հանրապետական կուսակցության քաղաքական «ավարտը» չէ, քանի որ Ս. Սարգսյանը հրաժարականից հետո նպատակ ունի վերադառնալ քաղաքականություն ավելի ընդլայնված կազմով: Նշվում է նաեւ, որ Ս. Սարգսյանը այս ժամանակահատվածում անհամբեր սպասել է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն արձանագրի իր աշխատանքային ձախողումները, որից հետո իրենք վերադառնան իշխանության:
Այդ կարծիքին չեն, սակայն, այսօրվա իշխանության ներկայացուցիչները` համարելով այդ տեղեկությունները միֆ: Ըստ նրանց` այդ միֆը ստեղծում են նախկին իշխանականները հանրության «տրամադրությունները» ստուգելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի` քաղաքականություն վերադառնալը իրենց կողմից անհեռանկար քայլ կլինի, քանի որ, եթե անգամ այսօր հանրությունը ինչ-որ հարցերում դժգոհություն ունի իշխանություններից, դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը ընդունելու է նախկին իշխանություններին:
«Եթե անգամ ցանկություն կա, ապա պետք է ՀՀԿ-ում ընդգրկվեն քիչ թե շատ մաքուր քաղաքական անցյալ ունեցող քաղաքական ներկայացուցիչներ: Սերժ Սարգսյանը երբեք չի կարող վերադառնալ քաղաքականություն. հանրությունը մերժել է նրան ու նրա գործունեությունը»,-հայտարարել է Հ. Աղազարյանը: Իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ վերադարձ անցալ չի լինելու, քանի որ եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պարագայում հրաժարական ներկայացնի, ապա հանրությունը երբեք չի ընդունելու նախկին իշխանությունների` օլիգարխիկ մտածողության քաղաքականությունը:
Ի դեպ, երեկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ս. Սարգսյանը կրկին աչքի է ընկել իր «գաղջ», բայց մի փոքր ագրեսիվ տրամադրությամբ: Լրագրողների հարցերին չի ցանկացել պատասխանել` արձագանքելով միայն այն դիտարկմանը, թե, որոշ տեղեկությունների համաձայն, ապրիլյան քառօրյա պատերազմը պայմանավորված պատերազմ էր: Նա ասել է. «Հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊԱՐՏԱՃԱՆԱՉՆԵՐԸ
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում նիստերին պատգամավորների հաճախելիության մասին տվյալները: Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 22-ին տեղի ունեցած նիստից ոչ մի պատգամավոր չի բացակայել։ Նկատենք, որ սա մարդ ամսվա միակ նիստն է եղել. մեկ անգամ էլ նիստ էր եղել փետրվարին, որից կրկին բացակայողներ չեն եղել։ Ի դեպ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը թերբեռնվածների թվին է պատկանում, եւ այնքան շատ նախագծեր չկան քննարկվող, ինչպես, օրինակ, պետաիրավական կամ տնտեսական հարցերով հանձնաժողովներում, չնայած այն բանի, որ սա ԱԺ ամենաառանցքային հանձնաժողովներից է, որը նաեւ քաղաքական լուրջ նշանակություն ունի:
ՀՔԾ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում: ՀՔԾ-ն, սակայն, առաջարկը մերժել է, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքով հարցաքննության այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին վկայի կարգավիճակով կրկին հրավիրվել է հարցաքննության: Իսկ կգա նա հարցաքննության, թե ոչ, հայտնի չէ: Ամեն դեպքում, չի բացառվում` հարցաքննության ներկայանալուց հրաժարվելու պատճառով նրան բերման ենթարկելու եւ հետախուզում հայտարարելու կարիք լինի: Պողոսյանին առաջին անգամ հարցաքննության հրավիրելուց անցել է 12 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ դիմեց ՀՔԾ: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ Միհրան Պողոսյանը չի հայտնել, թե երբ կներկայանա հարցաքննության:
ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ ճանաչված «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին պատկանող, բայց գրավադրված գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակի: Հաջորդ աճուրդը կկայանա ապրիլի 26-ին: «Աշտարակ-Կաթ»-ի սնանկության գործով կառավարիչը վաճառքի է հանել ընկերության անշարժ, շարժական գույքը, նաեւ նախկին սեփականատիրոջը պատկանող բնակարանը: Անշարժ գույքի մեկնարկային արժեքը 373 մլն 856 հազար դրամ է: Մեզ հայտնի դարձավ, որ աճուրդի է հանվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում գրավադրված, Երեւանի Քոչինյան փողոցում գտնվող անշարժ գույքը, այդ հասցեում տեղակայված շարժական գույքը, ավտոմեքենաները եւ սարքավորումները: Ի դեպ, դրանց պահպանությունը ներկայումս իրականացվում է ընկերության կողմից: Բացի այս, վաճառվում են նաեւ Ճամբարակի «Հովիտ պանրագործարան»-ի տարածքում գտնվող թվով 142 անվանում հիմնական միջոցները, նաեւ պանրագործարանի գույքը, ավտոպահեստամասերը, կաթնամթերքի եւ պաղպաղակի արտադրման սարքավորումները: