ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարան է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որը բաղկացած է 700 էջից։ Այնտեղ ծավալուն անդրադարձ կա նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին՝ թավշյա հեղափոխությանը, Երեւանի ավագանու եւ ԱԺ-ի արտահերթ ընտրություններին, մարտի 1-ի քրեական գործով աղմկահարույց բացահայտումներին ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելուն:
ՄԻՊ-ի զեկույցում նշվում է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին արձանագրված ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն է ունեցել, իր կամքի ազատ իրացման շնորհիվ, ապահովել հիմնարար փոփոխություններ, որոնք անմիջականորեն առնչվում են մեզանից յուրաքանչյուրին: Տարին հարուստ էր ընտրական գործընթացներով, որոնք առաջընթաց արձանագրեցին երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում: «Քաղաքացիների վստահությունն էլ հենց իշխանության հիմքն է՝ լինելով պետության ամրության հիմնարար գրավականը: Բոլորիս խնդիրն է համատեղ ջանքերով նպաստել այդ վստահության ամրապնդմանն ու ամրության պահպանմանը»,- մեջբերված է ՄԻՊ-ի զեկույցից:
Զեկույցի մեջ ծավալուն անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի ընթացքին: Ընդ որում, ՄԻՊ-ը նախորդ տարիներին բավարարվել է ընդամենը արձանագրելով, որ մարտի 1-ի դեպքերը չեն բացահայտվել:
Այս անգամ ՄԻՊ-ն իր զեկույցում ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում հանրային նման հետաքրքրություն ունեցող գործերի քննության վերաբերյալ հանրությանը չեն տրամադրվել բավարար տեղեկություններ՝ չնայած դրա հանրային մեծ պահանջին: ՄԻՊ-ը նշել է, որ 2018 թվականի տարեկան հաղորդման պատրաստման շրջանակում համապատասխան հարցումներ են արվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՄԻՊ-ին պատասխանել են տարբեր դրվագներով քրեական գործեր հարուցելու եւ մեկ վարույթում քննելու մասին:
Այնուհետեւ զեկույցում մանրամասը նշված է, թե այս գործերով ովքեր են հանդիսանում մեղադրյալներ, եւ ինչ զարգացումներ են առկա։ Բացի այդ, նշվում է, որ կրկին հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ: Որպես վկա հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են թվով 85 առգրավումներ, կատարվել են 40- ից ավելի խուզարկություններ, նշանակվել է թվով 23 փորձաքննություն, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 146 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք:
«Պաշտպանը ցուցաբերում է մշտական հետեւողականություն, որպեսզի այս գործընթացն իրականացվի մարդու իրավունքների առաջնայնության եւ իրավունքի գերակայության սկզբունքի խստիվ պահպանմամբ: Քննարկվող քրեական գործերի քննությունը հանրային հետաքրքրության ակնհայտ նոր ալիք բարձրացրեց նաեւ այն պատճառով, որ դրա շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեց եւ հետագայում կալանավորվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանրային քննարկումներն առավել ակտիվացան այն բանից հետո, երբ հրապարակվեցին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսային խոսակցությունների գաղտանալսումները, որոնց առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես ներկայացրեց իր հրապարակային դիրքորոշումները: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելեց նրան ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուսումնասիրվեցին պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր: Պաշտպանի կողմից Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանության առնչությամբ նախաձեռնված քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է եղել եւ համագործակցել է նաեւ նրա փաստաբանների հետ», – ասված է զեկույցում:
Այնուհետեւ Արման Թաթոյանը մանրամասը ներկայացրել է իր եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մանրամասները։ «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից: Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում հանրապետության երկրորդ նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր։ Մասնավորապես, այդ հարցերի թվում քննարկման առարկա են դարձվել քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը», – մանրամասնել է պաշտպանը:
Այնուհետեւ նշվում է, որ Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց ինտերնետ համացանցի հասանելիության համակարգիչ կամ համարժեք էլէկտրոնային միջոց ունենալու թույլտվություն։ Հետաքրքիր է, որ ընտանիքի հետ կապի հետ կապված նշվում է, որ մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը մասնակի վերացվել է, եւ պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի: ՀՔԾ-ից ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ վերացրել են Քոչարյանի թոշակի վրա դրված կալանքը:
«Ձեռնպահ մնալով քրեական վարույթի ընթացիկ գործով որեւէ գնահատական տալուց՝ Մարդու իրավունքների պաշտպանն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային բարձր հետաքրքրություն ունեցող քրեական գործեր քննելիս պետությունը ստանձնում է առավել պատասխանատվություն հետեւողականորեն երաշխավորելու քրեորեն հետապնդելի արարքում մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը… Ավելին` քրեական արդարադատության համակարգը կրում է քրեական վարույթին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ հանրությանը տրամադրելու եւ այդկերպ հաշվետու քննություն ապահովելու պարտադիր բեռը: Սա իր հերթին կոչված է երաշխավորելու հանրության վստահությունն առ այն, որ քրեական կոնկրետ վարույթն իրականացվում է իրավունքի գերակայության մշտական պահպանմամբ»,- մարտի 1-ի գործերի թեման եզրափակել է ՄԻՊ-ը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԻՇԵՑԻՆ
Երեկ ՀՅԴ-ականները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Բանն այն է, որ ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը: Ու ՀՅԴ-ականները պահանջում էին վերսկսել քրեական գործի վարույթը` միաժամանակ սպառնալով վրաններ խփել ու նստացույց սկսել դատախազության մոտ: Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի. «Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ, չնայած գործի վարույթի կասեցմանը, այս պահին եւս որոշակի գործողություններ են ընթանում: Մենք էլ մի քանի նոր հանգամանքներ ներկայացրինք, Արթուր Դավթյանն էլ խոստացավ անմիջական հսկողության ներքո պահել գործի ընթացքը»:
Հատկանշական է փաստը, որ Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել 2013թ., երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր: Այս կուսակցությունը սպանությունը բացահայտելու պահանջով ցույցեր արել է հենց ընդդիմադիր ժամանակ: Արդեն 2016թ. ՀՅԴ-ն նաեւ կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ, կիսել քաղաքական պատասխանատվություն, bայց այդ ողջ ընթացքում իշխանության մեջ գտնվելով հանդերձ` ՀՅԴ-ն նման ակցիաներ չի արել եւ պահանջներ այն ժամանակվա իշխանություններին չի ներկայացրել` չհաշված մի քանի հարցազրույցները: Ու, թերեւս, խոսուն է փաստը, որ ՀՅԴ-ում կրկին ընդդիմադիր վիճակում են հիշել կուսակից ընկերոջ սպանությունը:
ՏԵՂԱԿԱԼՆԵՐՆ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մեղրիի զորամասում տեղի ունեցած հայտնի միջադեպի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս գործի շրջանակներում աշխատանքից ազատել են Մեղրիի զորամասի գնդի, ինչպես նաեւ գումարտակի հրամանատարի բոլոր տեղակալներին: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին` այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, քննություն է ընթանում: Մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դեռես մեղադրյալներ չկան:
ՍՊԱՍԵԼՈՎ
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ. հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ հնարավոր է` այս շաբաթվա վերջ կամ սկիզբ տեղի ունենա հոգաբարձուների խորհրդի երկար սպասված նիստը: Հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց. «Ես միայն տեղյակ եմ, որ այդ ամենը շատ արագ ձեւով հիմա կազմակերպվում է: Մեզ խոստացել են, որ կա՛մ այս շաբաթվա վերջ կանցկացնեն նիստը, կա՛մ հաջորդ շաբաթվա սկիզբ, տեսնենք: Միայն դրանից հետո մենք կունենանք ղեկավար»: Նշենք, որ հիմա մարզային գրասենյակները սպասողական վիճակում են: Արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի եւ մարզային կենտրոնների աշխատողները աշխատավարձեր չեն ստացել:
ԵԿՄ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ` ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Երեկ «Երկրապահ» կամավորականների միությունում տեղի է ունեցել արտահերթ նիստ, որին մասնակցել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միայելյանը: ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի խոսքով` հրավիրել են արտահերթ նիստ` ԵԿՄ նախագահի ընտրության օրակարգով, ինչը նշանակում է, որ ապրիլի 7-ին տեղի կունենա ԵԿՄ արտահերթ համագումարը, որի ժամանակ էլ ընտրվելու է ԵԿՄ նախագահ: Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք` ԵԿՄ փոխնախագահների, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարների, վարչության անդամների, ինչպես նաեւ «Երկրապահի» ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այլ հրամանատարների մասնակցությամբ: Նրանք միաձայն ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել են «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ԽՈՍԵԼ ԵՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է իր գնահատականը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 29-ին Վիեննայում անցկացրած հանդիպման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի ակտիվացման կարեւորությունը: «Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում եւս աջակցություն ցուցաբերելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եղանակներ փնտրելուն, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց է կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, որի ընթացքում կողմերը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքները: