ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին. այս օրերին նոր բունտ է հասունանում: Պատճառն այն է, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասն ապրիլի 1-ից անցել է բնական գազի՝ կիլոգրամով վաճառքի, ինչի հետեւանքով ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը զգալի թանկացել է:
Նշենք, որ բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով: Ըստ կառավարության` այս փոփոխության արդյունքում վաճառողները չեն կարողանա խաբել սպառողներին: Ի դեպ, այս որոշումն ընդունելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Այս նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել ապրիլի 1-ից:
Այս խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հարկային պարտավորություններ չեն առաջանա: Նախագիծը քննարկելիս Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ այս փոփոխությունը չարաշահումները կանխելու նպատակ է հետապնդում, եւ գները չեն փոփոխվի: Իսկ տնտեսվարողները, որոնք կբարձրացնեն գազի գինը կամ կակնարկեն այդ մասին, կխոստովանեն, որ ստեղծման օրից սպառողներին խաբել են:
Նշենք, որ սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման ժամանակ համապատասխան գործակցի միջոցով այն վերածվում է խորանարդ մետրի: Մասնագետների պնդմամբ` եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով, բարձր ջերմաստիճանի դեպքում այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով:
Ըստ Ֆինանսների նախարարության` այս նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 հազար սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է:
Բայց արի ու տես, որ վարորդները արդեն երեք օր է` բողոքում են գազի գնի բարձրացումից: Վարորդները համոզված են, որ այս փոփոխությունների հետեւանքով գազալցակայաններում վարորդներին, միեւնույնն է, կխաբեն, այս անգամ՝ ավելի շատ:
Մասնագետների խոսքերով` գազի 1 խմ-ը միջինը մոտավորապես 700 գրամ է կշռում: Բնականաբար, 1 խմ-ն ու 1 կգ-ը տարբեր արժեքներ են ունենալու: Ստացվում է, որ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ-ը: Այսինքն` Հայաստանում արդեն երեք օր է, ինչ սեղմված բնական գազը վաճառվում է 1 տոննան 34 հազար դրամ գնով` նախկինում գործող 1000 խմ-ն` 25 հազար դրամի փոխարեն: Այս փոփոխությունների հետեւանքն այն է, որ եթե նախկինում մեկ խորանարդ մետրը վաճառվում էր 210-220 դրամով, ապա հիմա այն կվաճառվի 300-310 դրամով: Այսինքն` վարորդներ կան, որոնք մեքենան գազով լիցքավորելու համար վճարում էին 3500 դրամ, հիմա դրա համար վճարում են 4000 դրամ: Վարորդներ էլ կան, որոնք նախկին 5300-5500 դրամի փոխարեն այժմ վճարում են 6400 դրամ: Եւ չի բացառվում, որ առաջիկայում մի շարք վարորդներ բողոքի մեծ ալիք բարձրացնեն, քանի որ վստահ են՝ միեւնույն է, գազալցակայաններում իրենց խաբում են հաշվարկների մեջ:
Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ բողոքի ալիք պետք է բարձրացնել ոչ թե կառավարության քայլերի, այլ գազալցակայաններում խաբեությունների դեմ: Ի վերջո, կառավարությունը վարորդների շահերը պաշտպանելու նպատակով է որոշել նման քայլի գնալ, ուստի պետք է պատժիչ կոշտ գործողությունների դիմի վարորդներին խաբելու, թերակշռելու դեպքում: Բայց, մյուս կողմից, հասկանալի է, որ որոշ շրջանակներ կփորձեն ուղղորդել վարորդների բողոքը` նրանց էլ համոզելով, թե բոլոր խնդիրների մեղավորը իշխանություններն են, այլ ոչ թե նախկինից արմատացած արատավոր բարքերը:
Նշենք, որ այս փոփոխությունները գազալցակայանների համար ֆինանսական դժվարություններ չեն առաջացրել, այսինքն` լրացուցիչ ներդրումների կարիք չկա, քանի որ այն սարքերը, որոնք տեղադրված են գազալցակայաններում, տեխնիկական հնարավորություն ունեն գազը կշռելու:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՈՒՐ ՊԱՅՔԱՐ ԹՈՓ 5 ԼԻԳԱՆԵՐՈՒՄ
Եվրոպական թոփ 5 առաջնությունները արդեն թեւակոխել են եզրափակիչ հատված: Մնում է առաջնությունների ամենապատասխանատու հատվածը, որտեղ ամեն մի միավորը կարող է ճակատագրական դառնալ:
ԱՊԼ
Անգլիայի Պրեմիեր Լիգայում չեմպիոնական պայքարը հասել է գագաթնակետին. «Ման.Սիթի՞», թե՞ «Լիվերպուլ»: Նրանց միմյանցից բաժանում է ընդամենը 2 միավոր, սակայն մանչեստրյան ակումբը մեկ խաղ ունի պահեստում: Անգլիայի բարձունքին հասնելու պայքարը կշարունակվի լիգայի մինչեւ վերջին «շունչը»:
Թեժ է նաեւ Չեմպիոնների Լիգայի գոտու համար պայքարը: «Տոտենհեմ» (61 միավոր), «Մանչեստեր Յունայթեդ» (61), «Չելսի» (60), «Արսենալ» (63): Այս 4-ից 2-ին բախտ կվիճակվի լինել լավագույն քառյակում:
Լա Լիգա
Իսպանիայում «Բարսելոնան» շատ հարմար տեղավորվել է 1-ին հորիզոնականում առաջնության ավարտից 9 տուր առաջ մոտակա հետապնդող «Ատլետիկոյին» գերազանցելով 10-ը միավորով: Այստեղ թեժ է 4-րդ տեղի համար պայքարը: Այս պահին այդտեղ է գտնվում «Խետաֆեն», որը 9-րդ հորիզոնականում ընթացող «Բետիսից» առաջ է ընդամենը 6 միավորով: «Ալավեսը» (44), «Վալենսիան» (43), «Սեւիլիան» (43) եւ «Բիլբաոն» (40), իհարկե, «ծանր օրեր են» խոստանում դեռւես 4-րդ հորիզոնականը պաշտպանող «Խետաֆեին»:
Սերիա Ա
«Յուվենտուսը» 15 միավորի առավելություն ունի «Նապոլիից», եւ պարզից էլ պարզ է, որ հռչակվելու է Իտալիայի չեմպիոն:
Չ/Լ-ի ուղեգրի համար պայքարը հետաքրքիր է ստացվում: Թիմերի դասավորությունը շատ խիտ է, եւ հնարավոր է նույնիսկ 9-րդ հորիզոնականում գտնվող «Սամպդորիան»(45) կարողանա հայտնվել լավագույն քառյակում: Այս պահին 4-րդ հորիզոնականում է «Միլանը»` 51 միավորով: «Լացիոն» (48), «Ատալանտան» (48), «Ռոման» (47) եւ «Տորինոն» (45) նույնպես պայքարի մեջ են:
Բունդեսլիգա
Գերմանիայում այս տարի հրաշալի մրցաշրջան է ընթանում: Վերջին տարիներին սովոր էինք տեսնել «Բավարիային» «Արծաթե սկուտեղը» նվաճելիս: Այս անգամ նրանց մարտահրավեր են նետել «Դորտմունդի» տղաները, որոնք առաջնության ավարտից 7 տուր առաջ 2 միավորի առավելություն ունեն բավարացիներից: Չեմպիոնական պայքարում վճռորոշ կլինի ապրիլի 6-ին կայանալիք գերմանական «կլասիկոն», որը կտա շատ հարցերի պատասխաններ:
Ինչ վերաբերում է Չ/Լ գոտուն, 4-րդ հորիզոնականում է «Այնտրախտը» (49)` 2 միավորով առաջ անցնելով «Մյունխենգլադբախից»: 3-րդ տեղում է «Լեյպցիգը», որն իր ակտիվում ունի 52 միավոր:
Լիգա 1
ՊՍժ-ն «Լիլից» առաջ է 20 միավորով: Ֆրանսիայում չեմպիոնը պարզ է: Այստեղ ինտրիգը շատ փոքր է նաեւ Չ/Լ գոտում: Ֆրանսիայում Չ/Լ-ում խաղալու իրավունք ստանում են առաջին 2 թիմերը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թիմը մասնակցում է որակավորման փուլին:
3-րդ տեղում «Լիոնն» է, որն իրեն նախորդող «Մարսելից» առաջ է 8 միավորով, սակայն 2-րդ տեղում գտնվող «Լիլից» հետ է ընդամենը 4 միավորով:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊՐՈՌԵԿՏՈՐ
ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշանակվել է «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Մենուա Սողոմոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է միջազգային քաղաքականության եւ միջազգային անվտանգության տեսություններն ու արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացներն ու պայմանները:
4 ՏՈՒԺԱԾ
Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ: Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բկ, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության: