«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի արտիստուհի, մի շարք ֆիլմերից հայտնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը: Այս օրերին հեռուստադիտողը նրան տեսնում է «Շահմարի առեղծվածը» բազմասերիանոց ֆիլմում: Նարինեն խոսել է իր նախասիրությունների, սովորությունների մասին, անդրադարձել է ե՛ւ գործնական, ե՛ւ անձնական կյանքին առնչվող թեմաների:
-Նարինե՛, շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, որպեսզի ժամանակ վատնեք…»
-Անիմաստ գործողությունների, վեճերի համար:
-Ըստ Ձեզ՝ իսկապես կա՞ն անփոխարինելի մարդիկ:
-Այո, կան:
-Ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Չեմ ուզում պատկերացնել… Թող «հեփփի էնդ» լինի, այսինքն՝ աշխարհի վերջը չգա:
-Ո՞ւմ խորհուրդն է Ձեզ համար անչափ կարեւոր:
-Մայրիկիս, ամուսնուս, քրոջս:
-Ի՞նչ տիպի մարդիկ են սովորաբար Ձեզ ձանձրացնում:
-Աննպատակ, ձգտումներ, հետաքրքրություններ չունեցող մարդիկ, այնպիսիք, որոնք իրենք իրենց վրա չեն աշխատում:
-Բնութագրե՛ք հայաստանյան ներքին քաղաքական կյանքը մեկ բառով:
-Խառը (ծիծաղում է):
-Ձեր ո՞ր որոշումն եք դժվարությամբ կայացրել:
-Չէի ասի դժվարությամբ, բայց բեկումնային է եղել ամուսնության վերաբերյալ որոշումս:
-Աշխատանքը մարդուն տրված է, որպեսզի…
-Նա զարգանա:
-Ձեր ոլորտում կա՞ մի երեւույթ, որի հետ այդպես էլ չհաշտվեցիք:
-Այո. այն, ինչ հրամցվում է ժողովրդին որպես արվեստ, հեռուստատեսային արտադրանք, ինձ չի բավարարում իր որակով: Ճաշակի անկում է զգացվում:
-Սիրո մեջ ինչպիսի՞ն եք:
-Հավատարիմ:
-Ո՞վ է Ձեր սիրելի կոմպոզիտորը:
-Շուբերտը:
-Մարդ, որի հետ հանդիպումը ճակատագրական է եղել:
-Ամուսինս:
-Ի՞նչը կամ ո՞վ կարող է Ձեզ հունից հանել:
-Այն, որ ինչ-որ բան չեմ հասցնում, ինչ-որ բան իմ պլանավորածով չի ընթանում: Ամեն դեպքում, փորձում եմ ինքս ինձ կառավարել, այդ պատճառով չնյարդայնանալ, չլարվել:
-Արդարությունը հաղթանակում է, երբ…
-Այն մարդիկ, որոնք սխալ են, այնքան ուժ են ունենում, որ խոստովանում են այդ մասին, ընդունում են իրենց սխալները: Արդարությունը հաղթում է, երբ սերն է հաղթում:
-Մարդիկ ավելի թեթեւ կապրեն, եթե հասկանան, որ…
-Հարկավոր է ապրել սեփական կյանքով, առօրյայով, ոչ թե ուրիշների, երբ դադարեն համեմատության մեջ դնել իրենց մյուսների հետ:
-Ի՞նչը կփրկի աշխարհը. գեղեցկությո՞ւնն է դա:
-Ինչու՞ ոչ, գեղեցկությունը նույնպես, բայց նաեւ սերը, հարգանքը, լավատեսությունը:
-Այսօր հայ թատրոնին ի՞նչ է պակասում:
-Պակասում են նոր լուծումները, գաղափարները, պիեսները, պակասում է նոր դրաման, որը կհետաքրքրի այսօրվա հանդիսատեսին: Մեր թատրոններն ունեն լուսային, ձայնային հնարավորությունների պակաս: Մարդիկ սովորել են կլիպային մտածողությանը եւ թատրոնում էլ սրընթաց գործողություններ են ուզում՝ հետաքրքիր վիզուալ լուծումներով:
-Հայաստանն ինչի՞ կարիք ունի:
-Շատ բաների, բայց եթե հակիրճ ասեմ, մեծ թափի: Մեր երկրում մարդիկ կարող են տիտանական աշխատանք անել, բայց դա այնքան մեծ արդյունք չունենա, որքան կարող էր ունենալ մեկ այլ` ավելի զարգացած երկրում: Մեր մասշտաբները փոքր են, ուստի մեզ մեծ թափ, ուժ է պետք աշխատանքի լծվելու եւ ցանկալի արդյունքի հասնելու համար:
-Ամուր ընտանիք կառուցելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Սիրող եւ գիտակից ամուսիններ:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Սիրելի կոմպոզիտորի մասին հարցն էր հոգեհարազատ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»
«Ես ապրում եմ Հայաստանում եւ որեւէ տեղ վերադառնալու խնդիր չունեմ: Դրանք ասեկոսեներ են, որոնք իմ անվան շուրջ հյուսելով՝ շոու անելու փորձ է արվում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման կերպ արձագանքեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը վերջերս տարածում գտած այն լուրերին, թե մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից Կոնստանտին Օրբելյանին` օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու գործում իր մատն էլ է խառը, քանի որ, ըստ որոշ խոսակցությունների, Դուրգարյանը թատրոն մեծ պաշտոնով վերադառնալու ակնկալիք ունի:
Չցանկանալով օպերային թատրոնում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ անձնավորված կարծիք հայտնել` պարոն Դուրգարյանը նկատեց. «Աշխարհում մոդելը վաղուց հորինված է: Հայաստանում կա համակարգի խնդիր: Խորհրդային տարիներին թատրոնները փոքրիկ թագավորություններ էին հիշեցնում, բայց հիմա աշխարհում այս սիստեմը փոխվում է, գեղարվեստական ղեկավարը գեղարվեստական ղեկավար է, տնօրենը՝ տնօրեն: Մեզ մոտ էլ սառույցը հալվում է: Կներեք, բայց օրենքի առջեւ բոլորը հավասար են»:
Պարոն Դուրգարյանը դիտարկում արեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող է արդյոք լինել միաժամանակ երկրի նախագահ, վարչապետ եւ Ազգային ժողովի նախագահ. «Իհարկե ոչ, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս: Իսկ ՀՀ քաղաքացին որոշել է օրենքով ապրել, այդ պատճառով էլ ընտրել է այս իշխանությանը»:
Անդրադառնալով Օրբելյանին` տնօրենի պաշտոնից ազատելու դեմ օպերային թատրոնի արտիստների կողմից կազմակերպված բողոքի ակցիային` պարոն Դուրգարյանն ընդգծեց. «Ընդհանրապես, արտիստի, երաժիշտի համար պետք է միեւնույն լինի՝ ով է իր տնօրենը. ամեն մեկն իր անմիջական ղեկավարն ունի: Բայց Հայաստանում արտիստն ունի վախ, մտածում է՝ բա որ գա տնօրեն, որն իրեն չի սիրի եւ այլն, իսկ դա նշանակում է, որ արտիստը պաշտպանված չէ: Ո՞վ պետք է պաշտպանի նրան. արտիստական արհմիությունը. բայց այդպիսի բան Հայաստանում առհասարակ չի գործում: Ուստի արտիստին չես կարող մեղադրել: Բացի այդ՝ նա իրավունք ունի իր կարծիքն արտահայտել»:
Օրբելյանի պաշտպանները շատ են խոսում այն մասին, որ Նազենի Ղարիբյանը հազվադեպ է լինում օպերային թատրոնում, ներկա չի լինում ներկայացումների պրեմիերաներին: «Դրա մասին մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` անհանգստանային այն բանի համար, որ ներկայացումներին ներկա չեն լինում թատերագետներ եւ քննադատներ, որովհետեւ պարզապես չունենք այդպիսի մասնագետներ, թե չէ նախարարության ներկայացուցչի՝ ներկայացմանը ներկա լինել-չլինելը շատ բան չի փոխում: Ամբողջ աշխարհում քննադատների տեսակետի հետ են հաշվի նստում»,-եզրափակեց պարոն Դուրգարյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀԱՅՏՆԻ Է
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ապրիլի 7-ից 10-ը կկայանա ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմը հետեւյալն է. Վաղինակ Մաթեւոսյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ), Վարուժան Կաջոյան(74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյան (125 կգ):
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԹԻՄ
Հոլանդական «Վիլլեմ II-ի» գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ուղարկվել է երկրորդ թիմ: «Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ եւ այդ պատճառով չկա «Հերակլեսի» դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Սիտարդի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- մարզչի խոսքը մեջբերում է թիմի պաշտոնական կայքը:
ՀԱՅՏՆԻ Է
«Բանանց» ֆուտբոլային ակումբն ամփոփել է ակումբի անվանափոխության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցած ավելի քան 2500 ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է «Ուրարտու» տարբերակը, որը հավաքել է ձայների 39.5%-ը:
«ԱՐՍԵՆԱԼ»-Ը ՀԱՂԹԵՑ
Անգլիայի առաջնության հերթական տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում ընդունել էր «Նյուքասլ Յունայթեդին»: Տանտերերը 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Ռաֆա Բենիտեսի սաների դսրպասը: Գոլերի հեղինակ դարձան Ռեմսին եւ Լակազետը: «Զինագործներն» այս հաղթանակից հետո վաստակեցին 63 միավոր եւ ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում: «Նյուքասլն» 35 միավորով 14-րդն է: Հավելենք, որ լոնդոնցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման ավարտից 6 րոպե առաջ:
ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է
UFC-ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Twitter-ի տիրույթում պատասխանել է իր ոխերիմ մրցակից Քոնոր Մաքգրեգորի խոսքերին: Վերջինս նշել էր, որ Հաբիբից խլել են բոլոր փողերը, եւ նա ընդամենը փոքրիկ առնետ է: Հաբիբը գրել է. «Փողերը միշտ էլ կգան ու կգնան, իսկ պատիվդ, որը այն երեկո թողեցիր օկտագոնում, այլեւս երբեք չի վերադառնա: Համակերպվի՛ր եւ ապրի՛ր ստորացած: Արդեն ավարտել ես կարիերադ MMA-ում եւ նոր կարիերա՞ ես սկսել Twitter-ում»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ