«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։ Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։
Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետևանքով։
Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։