ԳՇ ՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018թ. օգոստոսի 17-ին, ՀՀ ՊՆ հրամանով, ժամկետային զինծառայողներին թույլատրվել է բջջային հեռախոսներից օգտվել: Միաժամանակ, ՊՆ-ն սահմանել է հեռախոսից օգտվելու կարգը:

Ըստ այդմ, զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման եւ ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: «Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման եւ ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային եւ ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:
«Մի՛ հրապարակեք լուսանկարներ, որոնցում երեւում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ եւ այլն:
Ռազմական գործողությունների ժամանակ անջատե՛ք բջջային հեռախոսը»,- մասնավորապես նշված է հրամանում:
Ըստ էության, նախարարի այս որոշումը ոգեշնչեց շատ զինվորների ծնողների, սակայն բանակում հեռախոս պահելու գործընթացը նախարարությունում նոր որոշում կայացնելու պատճառ է դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշում է կայացրել, որ սպաները եւս կարող են հեռախոս ունենալ, բայց ոչ սմարտֆոն: Նման հեռախոսներ ունենալն արգելված է նաեւ սպաներին:
ԳՇ պետի այս որոշումը Պաշտպանության նախարարությունում ներքին տարաձայնության ու ոչ հաճելի խոսակցությունների պատճառ է դարձել: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանը խոսակցություն է ունեցել ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ` ասելով, որ նա այդ որոշմամբ մտել է մարդկանց եւ, հատկապես, սպաների անձնական կյանք, ինչի իրավունքը չուներ: Ըստ նախարարի` սպան կարող է ունենալ այն, ինչ օրենքով սահմանված է. հրահանգել նրան, թե ինչ հեռախոս ունենա կամ ինչ մեքենան վարի, ենթադրում է միջամտություն սպայի անձնական կյանքին` ընդհուպ մինչեւ վերջինիս իրավունքների ոտնահարում, մի հանգամանք, որը նախարարն անթույլատրելի է համարել: Ըստ էության, այս որոշումը սպաներին զայրացրել է, եւ վերջիններս, խնդրի հետ կապված, ոչ թե դիմել են ԳՇ պետին, այլ դիմել են նախարար Դավիթ Տոնոյանին, որն էլ լուրջ խոսակցություն է ունեցել Արտակ Դավթյանի հետ:
Չի բացառվում, սակայն, որ Տոնոյանի զայրույթը կապված լինի այլ հանգամանքի հետ: ԳՇ պետը որոշումներն ընդունել է առանց նախարարին տեղյակ պահելու, առանց նրա հետ քննարկելու: Այսինքն` նախարարությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ ԳՇ պետը որոշում է կայացնում առանց նախարարին տեղյակ պահելու կամ համապատասխան քննարկման: Սխալված չենք լինի, եթե հայտնենք, որ նախարարի ու ԳՇ պետի ջրերը մեկ առվով չեն հոսում, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ունի մեկ հսկայական լրատվական վարչություն, սակայն Գլխավոր շտաբը նաեւ իր հերթին է տեղեկատվական բաժին բացել: ԳՇ պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվել էինք, թե արդյոք սա միմյանց իրենց կատարած աշխատանքը ցույց տալու դրսեւորում է, թե այլ նպատակ է հետապնդում: Վերջինս հայտնեց. «Դա ուրիշ խնդիր է. տեղեկատվական բաժինը լրիվ այլ գործառույթ ունի եւ այլ աշխատանքներ է իրականացնում»:
Ինչեւէ, իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը հայտնեց. «ՀՀ պաշտպանության նախարարության այն որոշումները, որոնք ուղղված են ԶՈւ-երի մարտունակության ու կարգապահության բարձրացմանը, մեկնաբանության չեն ենթարկվում, եւ հորդորում եմ արհեստական ու չհիմնավորված բաներ չգրել նախարարի ու ԳՇ պետի հարաբերությունների մասին»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐԴՅՈՔ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱ՞Ն ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեում քննիչների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց ներկայացվեց քննիչների համար ստեղծված ուղեցույցը, որի ստեղծման ակունքներում կանգնած է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հանդիպման ավարտից հետո լրագրողները զրուցեցին Գեւորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով, թե կոնկրետ ում նախաձեռնությունն է եղել, որ ինքը ներգրավվի այդ ուղեցույցի ստեղծման աշխատանքներում: Ի պատասխան` Գեւորգ Կոստանյանը հայտնեց. «Նախաձեռնությունը հենց ՀՀ քննչական կոմիտեի նախագահինն էր, որ կազմենք նման փաստաթուղթ: Իսկ ինչ վեաբերում է իրավապահների հետ համագործակցմանը, բազմիցս հայտնել եմ, որ ես միշտ, իմ բոլոր պաշտոնների բերումով, երկրի համար եւ պետության համար եմ իմ ծառայությունները մատուցել` անկախ նրանցից` ինչ կարգավիճակում կլինեմ, եւ հիմա էլ եմ ասում` անկախ որեւէ կարգավիճակից` մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իր ներածին չափով իր երկրի համար ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կլինեն երկրի բարօրության համար»:
Ավելին` լրագրողներից ոմանք հետաքրքրվեցին, որ նա, բիզնես ու պաշտոն չունենալով, որքան պետք է նման ծառայություններ մատուցի. ի վերջո, նրան պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան` Կոստանյանը վստահեցրեց, որ հայրենիքի համար իրականացվող ծառայությունը կատարում է անշահախնդրորեն, իսկ պաշտոնի առաջարկ ստանալու հարցին հրաժարվեց պատասխանել:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը փոփոխելու հարցի շուրջ ստեղծված իրավիճակին` Գեւորգ Կոստանյանը ձեռնպահ մնաց առանձին գործերին վերաբերող գնահատական տալ, սակայն հայտարարեց, որ առաջիկայում կստեղծի մի ֆորմատ եւ կհայտնի իր դիրքորոշումը` բոլոր քրեական գործերի վերաբերյալ` ինչպես հայտնի հնչեղություն ունեցող, այնպես էլ դեռեւս հանրային հնչեղություն չունեցող: Դատելով իրավիճակից` Գեւորգ Կոստանյանը առաջիկայում հնչեղություն ստացած կամ դեռեւս չստացած գործերի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա: Սակայն նկատենք` դեռեւս 2016 թվականին, երբ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հեռացավ, պատճառաբանել էր, որ առողջական խնդիրներ ունի, սակայն դատելով իրավիճակից` խնդիրը միանգամայն այլ է եղել, քանի որ, ինչպես նա նշեց. «Վստահ եմ` բոլորդ գիտեք, որ այսօր քննվող բազմաթիվ քրեական գործեր` կոռուպցիոն բնույթի, դրանք հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ընթացքում, ես ուղղակի չհասցրեցի դրանք ավարտին հասցնել, հրաժարական տվեցի»:

 

 

ԲԻԶՆԵՍԸ ԽԼԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակ է ստացել` գործարարից բիզնես խլելու վերաբերյալ:
«Վերջին շրջանում հաճախ են բացահայտվում նախկին պաշտոնյաների կողմից բիզնեսների նկատմամբ «տանիք լինելու», բիզնեսը խլելու դեպքերը: Ընդ որում, բացահայտումները պայմանավորված են իրավիճակի փոփոխությամբ, որի շրջանակներում բիզնեսի ազատականացումը դարձել է կարեւորագույն խնդիրներից մեկը` նպատակ հետապնդելով բացառել իշխանության մարմինների ու պաշտոնյաների հովանավորչությունը: Մասնավորապես, 2013թ. հայաստանյան ընկերություններից մեկի` «Մարաթուկ-Թրեվլ» ընկերության ջանքերով Հայաստանի օդային փոխադրումների բնագավառ մուտք գործեց Արաբական Միացյալ Էմիրությունների «ԷՅՐ Արաբիա» ավիաընկերությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն կար ավիափոխադրող դեպի ԱՄԷ` ի դեմս «Ֆլայ Դուբայ» ընկերության, բազմաթիվ ջանքեր, ժամանակ եւ ներդում էր անհրաժեշտ նոր ավիափոխադրողին հայաստանյան շուկայում կայանալու համար: Ի պատիվ «Մարաթուկ» ընկերության` «էՅՐ Արաբիա»-ն դարձավ վստահելի գործընկեր եւ իր տեղը գրավեց Հայաստանի ավիափոխադրման ոլորտում: Բնականաբար, դա աննկատ չէր կարող մնալ որոշ պաշտոնյաների աչքից, եւ սկսվեց բիզնեսը Մարաթուկից խլելու գործընթացը: Հայտնվեց ԱՄԷ-ում ապրող ոմն գործարար` Սիրակ Մուրադյան անունով, որն այդ պահին Հայաստանում լուրջ պաշտոն եւ հեղինակություն ունեցող անձանց օգնությամբ արդեն 2014թ. հունվարից դարձավ «ԷՅՐ Արաբիա»-ի ներկայացուցիչը Հայաստանում: Բիզնեսը ստեղծած ավիափոխադրողին Հայաստան բերած ընկերությունը կորցրեց իր ներդրումները եւ նաեւ հնարավոր ակնկալիքները: Ընդ որում, հովանավորչությունը, ըստ շրջանառվող լուրերի, կապվում է նախկին պաշտոնյաների` ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավարի, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի անունների հետ: Ըստ նույն աղբյուրի` գործընթացի ակտիվ մասնակից է եղել նախկին դատախազ Սամվել Սինանյանը, որը պաշտոնաթողությունից հետո զբաղվել է տուրիստական գործունեությամբ: Հենց Սինանյանն է դեր խաղացել, որ իր բիզնես գործընկերը դուրս մղվի շուկայից, եւ նա, նախկինում ունենալով պաշտոնական դիրք, կարողացել է գործը հաջողությամբ գլուխ բերել: Ըստ էության, այս հանգամանքը չպետք է վրիպի իրավապահ մարմինների ուշադրությունից»,- գրել է մեր նամակագիրը:
Մեր ստացած նամակի բովանդակության այս հատվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ խնդրեց Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանից, որը կտրուկ հերքեց. «Նման բան գոյություն չունի: Այն գրողը հոգեկան հիվանդ է: Սամվել Սինանյանի հետ խնդիր ունեն, թող իր հետ լուծեն»: Իսկ մյուս կողմերից, այդ թվում եւ` «Մարաթուկ» ընկերությունից, պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:




Լրահոս