Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:
ՀՀ վարչապետը չի մանրամասնել, թե ով է իր բարեկամը: Իրավապահ կառույցները եւս որեւէ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Փաշինյանի եղբորորդուն՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին, սակայն նա էլ ասաց, թե չգիտի՝ ում մասին է խոսքը: «Որեւիցէ տեղեկություն չունեմ: Ցանկացած մարդ, էական չէ, թե ում բարեկամն է, եթե կատարում է արարք, պետք է պատժվի: Դա քննարկման ենթակա չէ, մանավանդ եթե այդ մերձավոր ազգականները չեն հասկանում փոփոխության իմաստը. դա իրենց խնդիրն է: Ինձ համար նորություն է այնքանով, որքանով յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց Սիփան Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Դատական համակարգի աշխատակիցները փաստի առաջ են կանգնել: Օրենքով սահմանված կարգով` դատական համակարգին բյուջեից գումար է փոխանցվել աշխատակիցներին պարգեւավճար տալու համար, սակայն այն չեն կարող ըստ նպատակի օգտագործել: Պատճառն այն է, որ այդ գումարը բաշխելու ընթացակարգ չկա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը չի հերքել այդ լուրերը` ասելով. «1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին` ողջ անձնակազմին, պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տողով առանձին: Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որեւէ մեկը այդ տողից որեւէ դրամ պարգեւատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել եւ սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը»: Իսկ փաստաթուղթը, ըստ Փոլադյանի, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը` հանձին ՀՀ ֆինանսների նախարարության:
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ավելացել է արտերկրից Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների չափը: Եթե 2018թ. առաջին երկու ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումները կազմել են 221 մլն 199 հազար դոլար, ապա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ գումարն ավելացել է` կազմելով 259 մլն 329 հազար դոլար: Բայց ավելի ուշագրավ են ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները, որոնք, պարզվում է, այս տարի եւս ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե նախորդ տարի կապիտալի արտահոսքը կազմել է 173 մլն 526 հազար դոլար, ապա այս տարի այդ թիվը հասել է 194 մլն 538 հազար դոլարի: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կապիտալը ՀՀ-ից շարունակում է դուրս տարվել, բայց եթե այդ գումարները համեմատենք նախորդ տարիներին կապիտալի արտահոսքի ծավալների հետ, միանգամայն այլ պատկեր կունենանք. գումարների արտահոսքի տեմպերն էապես նվազել են:
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ ժամանակակից աշխարհում մարդու վարքագիծը տարատեսակ մանիպուլյացիաներով կառավարելը արդյունավետ մեթոդներից է, որն իրականացվում է ԶԼՄ-ների եւ, մասնավորապես, սոցկայքերի միջոցով: Քաղաքական վերլուծաբան, ժամանակակից աշխարհի պահանջված մտածողներից Նոամ Չոմսկին, օրինակ, նշում է, որ առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ իրենց դիրքերը պահպանելու համար փորձում են կառավարել իշխանություններից դժգոհ քաղաքացիներին, եւ գործի են դրվում ոչ թե կոպիտ մեթոդներ, օրինակ՝ բռնությունները, այլ քաղաքակիրթ մեթոդներ՝ քարոզչամեքենան: Չոմսկին նույնիսկ հասարակությունը մանիպուլացնելու 10 մեթոդ է առանձնացնում, մասնավորապես՝ շեղել ուշադրությունը կարեւոր հարցերից՝ մեջտեղ բերելով երկրորդական հարցեր, հանրության համար ոչ ձեռնտու որեւէ օրենք ընդունելիս կիրառել աստիճանական, օրեցօր, տարեցտարի ներդնման մեթոդը եւ այլն: Նախկին իշխանությունն, օրինակ, չէր խորշում մանիպուլյատիվ զինանոցից լիուլի օգտվելուց, որի ամենավառ դրսեւորումը, թերեւս, սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելն էր: Վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին նախկին նախագահի հայտնի խոստումը, ապա դրա դրժումը, կարծում ենք, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ: Սոցկայքերի ու ԶԼՄ-ների միջոցով հասարակական կարծիքը մանիպուլացնելու «որոշ հանցավոր շրջանակների» խնդրին է երեկ անդրադարձել վարչապետ Փաշինյանն ու մասնավորապես ցուցում տվել ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Այս հայտարարությունը վայրկյաններ անց ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում էր. ոմանք սա ազատ խոսքը լռեցնելուն ուղղված կոչ որակեցին, ոմանք ողջունեցին, ոմանք հենց Փաշինյանին ու կառավարությանը մեղադրեցին քանիցս մանիպուլյացիաների դիմելու, «ճոխ խոստումները» չկատարելու համար, ոմանք էլ տարակուսեցին՝ ինչ է մանիպուլյացիան եւ ինչպես է այն որոշվելու: Մինչ ԱԱԾ-ն կզբաղվի իրեն տրված ցուցումով, նշենք, որ մանիպուլյացիաների դեմ պայքարի արդյունավետ գործիքներից է, առաջին հերթին, հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, հատկապես` այնպիսի երկրում, որը պատերազմական իրավիճակում է, եւ որի քաղաքացիները քարոզչական տարբեր դիվերսիոն հնարքների, այսպես կոչված, հավաքագրումների եւ այլ հանցավոր արարքների կատարման թիրախ կարող են դառնալ: Ահա այստեղ է, որ ԱԱԾ-ն պետք է գերկենտրոնացնի իր ռեսուրսը, քանի որ պարտավոր է քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունից զատ նաեւ ինֆորմացիոն անվտանգությունը երաշխավորել: