ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած եւ հետաքրքիր օրեր: Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի եւ այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Ժ. Սէֆիլյանը հայտնել է. «Հնարավորինս լայն ձեւաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական եւ ակտիվ մասնակցությունը»: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները բեռնատարով կոտրեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքի դարպասները` ներխուժելով ներս: Իրավիճակն այդ ժամանակ շատ էր «թեժացել», ինչի պատճառով էլ Արցախի իշխանությունները հորդորում էին այլեւս Արցախ չգնալ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներից պարզել, թե ինչպես են վերաբերվում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի` Արցախ գնալու հայտարարությանը ու արդյոք այս անգամ պատրաստ են ընդունել նրանց:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
-Տիկի՛ն Մխիթարյան, ինչպե՞ս են Արցախի իշխանությունները վերաբերվում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են Միասնության ավտոերթ անցկացնել Արցախում:
-Անկեղծ ասած, ես բոլորվին տեղյակ չեմ, Ձեր ասելով իմացա, ես չգիտեմ` ինչ նպատակ ունեն, ինչի համար են գալիս, դրա մասին որեւէ տեղեկություն չունեմ, ուստի չեմ կարող ասել: Անկեղծ ասած, եթե իրենք հաշվի չեն նստում Արցախի իշխանությունների կարծիքի հետ, մտավորականության կարծիքի հետ, իրենք միշտ էլ գալիս են, իրենք ինչպես ցանկանում են, այդպես էլ անում են առանց կարծիք հաշվի առնելու: Իսկ դուք երեւի շատ լավ գիտեք, որ սա առաջին անգամ չէ, որ գալու են, նախորդ ամիսներին էլ իրենք միշտ եկել են: Ես չեմ կարծում, որ իրենց այցը կարող է ինչ-որ վճռական նշանակություն ունենալ մեր երկրի քաղաքական իրադարձությունների համար: Ես կրկնում եմ, որ անգամ տեղյակ չեմ իրենց հայտարարության վերաբերյալ, թե ում են իրենք ինչ-որ կոչեր անում, ում են հորդորում. ես որեւէ բան չեմ կարող ասել:
-Տեսակետ կա, որ այս երթը կարող է կրկին լարվածություն առաջացնել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության շրջանում, քանի որ նման միջադեպ մեկ անգամ արդեն եղել է: Դուք նման մտավախություն չունե՞ք:
-Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի առիթ կարող է լինել, որեւէ լարվածություն չի լինելու: Ես կարծում եմ, որ ուղղակի այցելություն է Արցախ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Արցախում լինելու, մենք որեւէ բան չենք կարող ասել:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՎԻԼԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ


-Պարո՛ն Սաֆարյան, որքանո՞վ եք ճիշտ համարում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ իրենք կրկին պատրաստվում են Արցախում Միասնության ավտոերթ անել:
-Ես բացասական եմ վերաբերվում ավտոերթ անցկացնելուն: Ես Ժիրայր Սէֆիլյանին շատ լավ գիտեմ, 1992 թվականից անձամբ ճանաչում եմ, այստեղ հարցը Ժիրայր Սէֆիլյան անձին չի վերաբերում, բացարձակ, ուղղակի անհասկանալի է նման ավտոերթ կազմակերպելու իմաստը: Այս պահին Արցախում պետք չեն լարվածություններ, ուշադրության շեղում եւ այլն: Թող թողեն գոնե մեկ տարի հանգիստ մնանք. ավտոերթ էլ անեն, շքերթ էլ կանեն ու չգիտեմ էլ ինչ: Այսօր Ղարաբաղում որեւէ ցնցումներ պետք չեն, այս իրավիճակում նման բաներ պետք չի անել:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի նման լարվածություն չլինի, կանխարգելիչ որեւէ բան արվելո՞ւ է:
-Ոչ, ուղղակի ես համարում եմ, որ այդ ամենը ավելորդ լարվածություն է Արցախի համար: Արցախի նախագահի ընտրության ժամկետից շուտ մրցավազքը եւս համարում եմ լարվածություն ստեղծելու որոշակի միտում: Դեռ մեկ տարի ժամանակ կա, պետք չի ժամանակից շուտ լարվածություն ստեղծել Ղարաբաղում, սա իմ կարծիքն է: Կրկնում եմ, որ մենք որեւէ բան չենք էլ ձեռնարկելու, ինչ-որ քայլերի դիմելու հարց չկա, ուղղակի դեմ եմ ավելորդ լարվածությանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԵՐԿԱԿԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՉԿԱ. ԼՈՒԾՈՒՄԸ ՏՐՎԱԾ Է

Երեկ կառավարության նիստին արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է լինի մեկ արտաքին քաղաքանություն:

«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը մշակում եւ վարում է կառավարությունը, եւ պետական բոլոր մարմինները իրենց բոլոր արտաքին քաղաքական շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ, եւ նաեւ մեր գործուղված պաշտոնյաները պետք է իրականացնեն իրենց անսակարկելի գործառույթը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Փաշինյանի մտքի բովանդակությունն այն է, որ արտաքին քաղաքականություն իրացնող, սահմանադրորեն լիազորություն իրացնող այդ մարմինները, ինչպիսիք են վարչապետը, կառավարությունը, Ազգային ժողովը, ԱԳՆ-ն, արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներում սնվեն մեկ աղբյուրից: Սրա հիմքում այն է, որ բոլոր այն մարդիկ, պաշտոնյաները, որոնք իրենց գործունեության մեջ առնչվում են արտաքին քաղաքականության հետ կամ զբաղվում են դրանով, պետք է մեկ պաշտոնական տեսանկյունի շրջանակներից հանդես գան: Խոսքը համակարգման մասին է»:
Ըստ Շիրակ Թորոսյանի` արտաքին քաղաքականությունում տարատեսակ շփումներ կան, որոնք պետք է համակարգել. «Բոլորը պետք է առաջնորդվեն պաշտոնական տեսակետով խնդիրը համակարգելու մեջ»: Իսկ հարցին, թե, ըստ շրջանառվող տեղեկությունների, Ն. Փաշինյանի հորդորը վերաբերում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, քանի որ, կարծես թե, նա առաձին արտաքին քաղաքականություն է իրականացնում, վերջինս ասաց. «Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ՀՀ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը իրացնում, համակարգում է ՀՀ կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Դա Սահմանադրությամբ է, ու որեւէ երկակիություն այստեղ չկա»:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՉԿԱՆ
Երեկ Բունդեսթագում քննարկվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը։ Հետաքրքիր է, որ Բունդեսթագից այդ քննարկմանը հրավիրել էին ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե Գերմանիա է մեկնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։ Սակայն հետաքրքիր է, որ թե՛ Ազգային ժողովից, թե՛ կառավարությունից պատվիրակություն չի մեկնել Գերմանիա, hամենայն դեպս, երկու գերատեսչությունների պաշտոնական կայքերի՝ գործուղումներ մեկնելու բաժնում Գերմանիա այցի մասին ոչինչ գրված չէ։ Բացի այդ, մեզ հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը եւս հաստատեց, որ ԱԺ-ից պատվիրակություն չի մեկնել՝ ընդգծելով, թե այդ աշխատանքներն այնտեղ համակարգելու է Գերմանիայում ՀՀ դեսպանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց. «Սա այն հարցն է, որտեղ տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա իշխանություններն են: Այն ուժն եմ ներկայացնում, որի հաջողության պատմությունն է այս համաձայնագրի ստորագրումը։ Աժիոտաժը հասկանալի է, բայց առաջարկում եմ անառողջ մասի վրա ուշադրություն չդարձնել, թե ինչու եմ նիստին ես, բայց ներկա չեն գործող պատգամավորներից որեւէ մեկը։ Սա այս պահին շատ երկրորդական է»։ Հավելենք, որ իշխանական տարբեր շրջանակներ, ամեն դեպքում, սա տարօրինակ չեն համարում՝ նշելով, թե նախկին վավերացումների ժամանակ էլ չեն եղել, նամանավանդ որ ԱԺ պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, վերջերս է վերադարձել Գերմանիայից։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

 

 

ՉԻ ԳՆԱԼՈՒ
Ապրիլի 7-ին Արցախում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման արարողությունը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Վերջերս անընդհատ տեղեկատվություն էր շրջանառվում, թե արարողությանը ներկա է գտնվելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ պատճառով միգուցե նույնիսկ հետագձվի ԵԿՄ համագումարը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետն Արցախ չի մեկնելու, այլ մասնակցելու է հենց ԵԿՄ համագումարին։ Եվ ավելին` մեր տեղեկություններով` ԵԿՄ համագումարն այդ օրը նախատեսելն ամենեւին էլ պատահական չէ։ Իսկ Արցախ պատվիրակություն կմեկնի Հայաստանից, որի կազմում կլինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երեւանում կայանալիք ԵԿՄ համագումարին:




Լրահոս