ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՐԿԻՆ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստին Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ։ Նշանակումը կատարվել է` համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի։ Եվ այս նշանակումով նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը համարվում է ավարտված։

«Հանրային խորհրդի» փոփոխված օրենքի համաձայն` Հանրային խորհրդի 45 անդամների կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ. առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը` վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝ ընտրվելով ՀԽ հանձնաժողովների նախագահներ, վերջին 15 անդամներին ընտրում են ՀԽ նախորդ 30 անդամները։ Այնուհետեւ վարչապետը Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմից կառավարության հաստատմանն է ներկայացնում խորհրդի նախագահի թեկնածու, որից հետո խորհրդի ձեւավորման գործընթացը համարվում է ավարտված։
Հիշեցնենք, որ նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը մեկնարկել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, երբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել էին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները։ Կառավարության կողմից նշանակված ՀԽ անդամներն են՝
Վազգեն Մանուկյան,
Արմեն Տեր-Տաճատյան՝ փաստաբան,
Անահիտ Աղոյան՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ, ժողովրդավարության, առաջնորդության, գենդերային հարցերի փորձագետ,
Կառլոս Ղազարյան՝ գեներալ, 1990-91 թթ. ՀՀ ներքին գործերի նախարար,
Հովհաննես Հովհաննիսյան՝ ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու,
Գագիկ Գինոսյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
Աշոտ Հակոբյան՝ «Հզոր հանրություն» զարգացման հիմնադրամի տնօրեն,
Հովիկ Մուսայելյան` «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն,
Բաբկեն Պիպոյան` «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ,
Հարություն Մեսրոբյան` կառավարման փորձագետ,
Յուրի Ջավադյան՝ «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն,
Արկադի Տեր-Թադեւոսյան՝ գեներալ, ռազմական գործիչ,
Հրանտ Տեր-Աբրահամյան՝ հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան,
Ստյոպա Սաֆարյան՝ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր
Արամ Սաֆարյան՝ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր։
Նշենք, որ ընդամենը վերջերս՝ մարտի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հանրային խորհրդի անդամներին՝ հենց Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, եւ անդրադարձ էր կատարվել նաեւ մարտի 1-ի դեպքերին։ Նա նույնիսկ ներողություն էր խնդրել Մանուկյանից՝ նրան կոչելով նախկին իշխանությունների օրոք «ընտրակեղծիքների զոհ»:
Վազգեն Մանուկյանի նշանակումն ու Հանրային խորհրդի հանդեպ այսպիսի վերաբերմունքն ուշագրավ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես էին դեռեւս նախորդ տարի ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատում Հանրային խորհրդի գոյությունը, իսկ, օրինակ, Նաիրա Զոհրաբյանն էլ այն անվանում էր մեռելածին կառույց։ Բայց, դե, Վազգեն Մանուկյանը, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը կրծքով պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, նախորդ տարվա ապրիլի 23-ին՝ Սարգսյանի հրաժարականի օրը, կոնյակով շնորհավորել էր, ասել է թե՝ անցել էր «սպիտակների կողմը»:
Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կատարել է օրենքի պահանջը, եւ այս առումով այսօրվա կառավարությունը պատասխանատվություն չի կրում։ «Հանրային խորհրդի մասին» օրենքն ընդունվեց Սերժ Սարգսյանի նախագահության վերջին շրջանում, սակայն նույնիսկ օրենսդրական կարգավորումը բովանդակություն չհաղորդեց այս մարմնին։
Թերեւս անցած տասը տարիները ցույց տվեցին, որ այս կառույցն անօգուտ է։ Չենք հիշում որեւէ նշանակալի իրադարձություն, որի հետ կապված` երկրի նախագահը, կառավարությունը կամ խորհրդարանը հաշվի նստած լինեն Հանրային խորհրդի առաջարկությունների, դիտողությունների հետ։ Ընդ որում, այս կառույցն ի սկզբանե պետք է երկխոսության հարթակ լիներ իշխանությունների եւ հասարակության միջեւ, սակայն ՀԽ-ն՝ իր կառուցվածքով ու բովանդակությամբ, չի կարող երկխոսության արդյունավետ հարթակ լինել, եթե նույնիսկ այժմ այդ կառույցի կազմը մասամբ կամ էականորեն թարմացված է։ Եվ այսքանից հետո տարակուսելի է, թե ինչու կրկին Վազգեն Մանուկյանը ընտրվեց Հանրային խորհրդի նախագահ։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց նրանից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ
Դեռեւս օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այսօր խորհրդարան պետք է գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հանդիպում ունենա խմբակցության հետ։ Հանդիպման նպատակը Վիեննա կատարած այցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր նախատեսված հանդիպումը հետաձգվել է, եւ պատճառները մի քանիսն են։ Նախ` իշխանական խմբակցության մի քանի պատգամավորներ գործուղման են, այդ թվում եւ` Լիլիթ Մակունցը: Բացի այդ, այսօր վարչապետը վաղ առավոտից լինելու է Շիրակի մարզում եւ վերադառնալու է միայն ուշ երեկոյան։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը:

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը եւ աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ: Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից: Եւ հիմա Աֆրիկյանը դատարանից պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները` վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում:

 

 

ԿՈՏՐԱԾ ՆՍՏԱՐԱՆՈՎ
Երեւանի քաղաքապետարանին, կարծես թե, չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մի մասն արդեն, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Հանրապետության Հրապարակի եւ Մ. Սարյանի արձանի մոտակայքում գտնվող նստարանները անմխիթար վիճակում են. նստարանների «Երեւան» թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է: Ի դեպ, նստարաններ կան, որոնց ոտքերը կոտրված են, իսկ հնարամիտ քաղաքացիներն էլ որոշել են քարով փոխարինել ոտքը: Էլ չենք խոսում «սկոտչով» փաթաթված նստարանների մասին: Նկատենք, որ քաղաքային նախկին իշխանությունները Երեւանն աղբամաններով եւ նստարաններով կահավորելու համար բյուջեից տասնյակ միլիոններ են ծախսել: Օրինակ` յուրաքանչյուր նստարանը գնվում էր 165 հազար դրամով, իսկ աղբամանը` ավելի քան 77 հազար դրամով: Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Կենտրոն վարչական շրջանը ներկայումս գույքագրում է պուրակներում եւ փողոցներում առկա նստարանները, եւ առաջիկայում վնասվածները կվերանորոգվեն, իսկ որոշ հատվածներում բացակայող նստարանները կհամալրվեն:

 

 

ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐ ԿԱՆ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 2-ին վնասելու միջոցով ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ կան։ «Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք։ Ես ինքս դատապարտում եմ նման արարքը, մանավանդ որ այն կատարվել է այնպիսի վայրում, ինչպիսին «Եռաբլուրն» է»,- ասաց նա։ Օսիպյանի խոսքով՝ հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ դեպքը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ. «Այո, այնտեղ ի սկզբանե, անվտանգությունից ելնելով, եղել են ոստիկանության եւ այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ այնտեղ ավարտվել է արարողակարգային միջոցառումը, ոստիկաններն իրենց ծառայությունը նույնպես ավարտել են, եւ ոստիկանների բացակայության պարագայում է դեպքը տեղի ունեցել այն հատվածում, որը տեսանելի չէր կարող լինել»,- ասաց նա։ Օսիպյանը մանրամասներ չի հայտնել՝ գործի բացահայտման շահերից ելնելով:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱԿԵԼ Է
Երեկ կառավարության նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը ներկայացրել է մի շարք նախագծեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մտածել է, թե այսքան ակտիվությունը երեւի կապված է նախարարության փակման հետ: «Հնարավո՞ր է` փակվելու հետ է կապված. եկե՛ք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն: Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետեւից հասնել»,- կատակել է վարչապետը:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը` ընդգծելով դրա դրական բնույթը: «Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելը երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: Զախարովան հավելել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ: Զախարովան եւս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը կրում են միայն դրանում ներգրավված կողմերը: «Կարեւորը քաղաքական կամքի դրսեւորումն է»,-եզրափակել է պաշտոնյան:

 

 

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է. «Հիմա մենք պետք է փոքր-ինչ ընդմիջենք: Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանձնարարել են ԱԳ նախարարներին շարունակել աշխատանքը: Շատ շուտով տեղի կունենա երկկողմ հանդիպումը, մենք արդեն համաձայնեցրել ենք ժամկետը. ավանդաբար կողմերը կհրապարակեն ժամկետը միաժամանակ: Այն տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի մայրաքաղաքում»:




Լրահոս