Դատական համակարգում նոր բունտ է հասունանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգին, օրենքով սահմանված կարգով, բյուջեից գումար է փոխանցվել պարգեւավճար տալու համար, սակայն չեն տրամադրում:
Ինչպես հայտնի է, անցած տարի եւ այս տարի մի շարք գերատեսչությունների աշխատակիցներ պարգեւավճարներ ստացան: Կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց:
Ու մինչ գերատեսչությունների ղեկավարները արդարանում են` բացատրելով, թե որ արժանիքի համար են այդ համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստացել, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են՝ իրենց հերթը երբ է գալու:
Այսպիսով, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` պետբյուջեից դատավորների ֆոնդին եւս գումար է փոխանցվել, որ դատական համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստանան, սակայն վերջիններիս այդ պարգեւավճարը չեն տվել` ասելով, թե այդ գումարը տալու ընթացակարգ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ
-Պարո՛ն Փոլադյան, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն` պետբյուջեից դատավորների ֆոնդին եւս գումար է փոխանցվել, որ դատական համակարգի աշխատակիցները պարգեւավճար ստանան, սակայն վերջիններիս այդ պարգեւավճարը չեն տվել` ասելով, թե ընթացակարգ չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ իրավիճակը:
-1 միլիարդ 845 միլիոն դրամ հատկացված է դատական համակարգին` ողջ անձնակազմին, պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ տողով առանձին, որի շրջանակներում պետք է ամբողջ դատական համակարգը ունենա պարգեւատրումներ, կամ, այսպես ասեմ, հատուկ վճարներ, կամ դրամական խրախուսումներ: Գումարը մինչ օրս չի օգտագործվել, որեւէ մեկն այդ տողից որեւէ դրամ պարգեւատրում չի ստացել, քանի որ տարեսկզբից ստացել եմ լիազոր մարմնի գրությունը, որ պետք է սահմանվի կարգ այդ գումարի բաշխման համար: Քանի կարգը սահմանված չէ, որոշել ենք ինքնագործունեությամբ չզբաղվել եւ սպասել այդ կարգի ընդունմանը կամ մշակմանը: Կարգը, ըստ նորմատիվների, պետք է ընդունի ՀՀ կառավարությունը, տվյալ պարագայում ես նկատի ունեմ ՀՀ ֆինանսների նախարարությունը: Այդ գրությունը ստացել ենք ՀՀ ֆինանսների նախարարության, որ այդ կարգը պետք է սահմանի ՀՀ կառավարությունը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության կողմից կարգի սահմանման որոշմանը:
-Իսկ ե՞րբ կլինի որոշումը: Տեղեկություններ ունե՞ք, թե ՀՀ կառավարությունը այս առումով քայլեր իրականացնում է, թե ոչ:
-Ես տեղեկացված եմ, որ գործընթացը ընթացի մեջ է, ՀՀ կառավարությունում այդ հարցը քննարկվել է, եւ կարծում եմ, որ մենք շուտ կունենանք: Մենք էլ ուզում ենք, որ հնարավորինս արագ լինի, որպեսզի եթե գումարը ենթակա է տրամադրման, ուրեմն պետք է տրամադրվի: Գումարը որեւէ ձեւով չի օգտագործվել որեւէ մեկի պարագայում, այդ թվում նաեւ` դատավորների:
-Արդյոք դատական համակարգը պարգեւավճարները չի տալիս եւ սպասում է` հստակ կարգ սահմանվի այն պատճառով, որ հետո զերծ մնա շահարկումներից, թե որ օրենքով եւ որ արժանիքի համար դատավորները պարգեւատրվեցին:
-Մենք մեր գործունեությունը իրականացնում ենք մեր լիազորությունների շրջանակում եւ համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարմամբ, եւ քանի այս պահին չկա ընթացակարգը գումարի տրման, մենք այդ պատճառով որեւէ մեկին պարգեւատրումը չենք տվել: Նրան միտված չէ` չանենք այնպիսի բան, որ հետո չշահարկվի: Եթե դա նախատեսված է օրենքով եւ դա ճիշտ է, անում ենք, ինչքան ուզում է շահարկվի որեւէ մեկի կողմից: Խնդիրը այստեղ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանումն է: Եթե դու մեկ բան անում ես ճիշտ, օրենքով, ինչքան ուզում են` շահարկեն: Մեզ համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք իրավական հիմք եւ դրա բաշխման ընթացակարգ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՖՐԱՆԿԼԻՆ ԳՈՆՍԱԼԵՍԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը: Նիստը հրավիրվել է մեկ նպատակով՝ քննարկել Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել անցած ամռանը, երբ Երեւանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել:
2018թ. հունիսի 26-ին, Նարեկ Սարգսյանին, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի համաձայն, մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:
Բացի այս, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ դեռեւս 2013թ.-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել:
Դրա հետեւանքով Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում: Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ձերբակալվեց Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է կալանքի տակ:
2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:
Եվ, ահա, 3 ամիս անց Չեխիայում կայացել է Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նիստը հետաձգվել է: Իրավապահ համակարգը, սակայն, հույս ունի, որ իրենց դիմումը Չեխիայում կբավարարեն, ու սահմանված կարգով Նարեկ Սարգսյանին կարտահանձնեն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում անհրաժեշտ է անցնել կոնկրետ գործողությունների. այս մասին ասել է «Քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Բենիամին Պողոսյանը: Նրա խոսքով` Երեւանը պետք է աշխատի այն իրավական հիմքով, որն արդեն կա: «Այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ միաժամանակ ակտիվ քաղաքականություն է վարում եվրոպական երկրների հետ, մի կողմից` հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը գործընկերների հետ, մյուս կողմից` նման մոտեցումը թույլ չի տալիս է՛լ ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-նշել է նա:
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Արտաշատի քաղաքապետարանում առաջիկայում բողոքի ալիք է հասունանում: Համայնքի ավագանու անդամներն այս ընթացքում «պարտադրում են» քաղաքապետին կրճատել իր երկու տեղակալներին եւ երկու խորհրդականներին: Բացի այս, համայնքի ավագանու անդամները քննարկում են քաղաքապետարանում կրթության եւ սոցիալական բաժինները միացնելու հարցը:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ավագանու անդամ Հերիքնազ Նազարյանի հետ. «Ուսումնասիրել եւ համեմատել ենք Հայաստանի մյուս քաղաքային համայնքների բյուջեները, ծախսերը, աշխատանքի ծավալը մերի հետ եւ գտնում ենք, որ ճոխություն է այսքան տեղակալ ու խորհրդական պահելը»:
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետն ունի երեք տեղակալ եւ երեք խորհրդական, աշխատակազմի քարտուղար եւ մեկ օգնական: Իսկ համայնքի ավագանին պահանջում է թողնել մեկ տեղակալ, մեկ խորհրդական եւ մեկ օգնական: «Երեք տեղակալներից եւ երեք խորհրդականներից չորսի տարիքը 66-ն անցնում է: «Պոլիտբյուրո» է հավաքվել մեզ մոտ. չեմ կարծում, որ արդյունավետությունն այդքան բարձր է: Բաժիննների միացման կամ դրանց կրճատման հարցն ենք դրել: Մենք այսօր քաղաքում փողոցներ ունենք, որոնք չենք կարողանում վերանորոգել, ասֆալտապատել, մանկապարտեզներում կան խնդիրներ, լուսավորության հարց կա: Մենք կարող ենք նրանց աշխատավարձ տալու փոխարեն այս խնդիրները լուծենք»,- նկատեց ավագանու անդամը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը տեւական ժամանակ պարալիզացված մնաց: Համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չէին մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում էին: Նրանք պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Իհարկե, հետո Արտաշատի քաղաքապետը կարողացավ ավագանու անդամների հետ ընդհանուր հայտարարի գալ, եւ նրանք սկսեցին նորմալ նիստեր անցկացնել: Բայց, կարծես թե, հիմա ավագանու անդամները քաղաքապետին նեղն են գցել իրենց նոր պահանջներով:
«Քաղաքապետը բացատրում է, խնդրում է, որ գոնե երկու տեղակալ ունենա` հաշվի առնելով, որ աշխատանքի ծավալը մեծ է եւ չի կարող հասցնել: Մենք էլ փորձում ենք իրեն համոզել, որ այս ամենը ճիշտ է: Բայց ոչ մի տեսակի լարվածություն չկա: Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք: Չէ՞ որ բյուջեի վերահսկողությունը մեր աշխատանքն է, մեր պարտականությունը: Անցած տարվա դեկտեմբերից մենք քննարկում ենք այս հարցերը: Մենք իրեն բացատրում ենք, որ մենք սրանով քեզ օգնում ենք»,- անկեղծացավ ավագանու անդամը` Հերքինազ Նազարյանը:
Զրույցի ավարտին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի մինչեւ 15-ը նիստ կկայանա, որի ընթացքում էլ կքննարկվի աշխատողների կրճատման եւ բաժինների միացման հարցը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ. «Այդ ամեն ինչը իրենք չեն պահանջում, այլ կա համապատասխան ձեւաչափ: Եթե կան հարցեր, ապա ավագանու նիստին դրանք քննարկվում են: Այս պահին քննարկվում են օպտիմալացման հարցեր: Բայց ամբողջությամբ ուսումնասիրելու ենք. որ տարբերակը արդյունավետ եղավ քաղաքապետարանի համար, դա էլ կընտրենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ