ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԿԱՅԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ կրքերը թեժացել են: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ, որը մանրամասն անդրադարձել է ներկա իրավիճակին, ինչպես նաեւ խոսել բռնցքամարտի այլ հարցերի շուրջ:

-Գիտենք, որ պարզաբանում եք պահանջել AIBA-ից: Արդեն պատասխան ստացե՞լ եք:
-ԱԻԲԱ-ն, չկարողանալով պատասխանել մեր հարցմանը, առաջարկել է եռակողմ հանդիպում, քննարկում, այսպես ասած, կրքերը հանգստացնելու համար: Մեկ բան հստակ է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրություններ չեն կայանալու, քանի որ դրա համար իրավական փաստեր չկան: Այս ընթացքում ոչ մի բողոքարկում չի եղել, նույնիսկ նամակ-բողոքն է բացակայում:
-Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան, նորից կառաջադրվե՞ք:
-Ընտրությունները բացառվում են: Ոչ մի ընտրություն չի կայանա: Մոռանանք այդ թեման, դրանք անիմաստ խոսակցություններ են, որոնք գցում են մեր պետության հեղինակությունը: Այս երկիրը թատերաբեմ չէ: Ամեն բան նորմալ է, եւ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը ԱԻԲԱ-ի հետ:
-Նշել եք, որ այս ամենի պատճառը իրականում կապված է Ձեր այն հայտարարության հետ, որ պետք է առաջադրվեք ՀԱՕԿ նախագահի պաշտոնում: Դեռ ցանկանու՞մ եք առաջադրվել:
-Ճիշտն ասած, ես էլ եմ հոգնել այս միջավայրում աշխատելուց: Պետությունը սատար չի կանգնում արդարությանը, պետությունը ցույց չի տալիս իր բռունցքը: Այո՛, ես հայտարարել եմ եւ կառաջադրվեմ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, որովհետեւ ես այդ գործի գիտակն եմ, որովհետեւ ինձ հարգում եւ վստահում է մեծամասնությունը: Բոլորն իմ ընկերներն են, եւ մենք իրար հետ անցած ճանապարհ ունենք: Սա մեզ համար բիզնես չի, սեփական անձը գովազդելու կամ ինքնահաստատվելու տեղ չի: Իմ նպատակը այն է, որ երկրում ամենալավը ապրի մարզիկը, որովհետեւ ամենաարդար աշխատանքը հենց մարզիկինն է, եւ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար:
-Պետության կողմից ֆինանսավորումն ինչպիսի՞ն է: Վերջին ամիսներին փոփոխություններ կա՞ն ֆինանսավորման մեջ:
-Վերջին շաբաթվա ֆինանսավորումը չի իրականացվել: Սա աբսուրդ է: Մենք պատրաստվում ենք նամակ գրել վարչապետին եւ պարզաբանում պահանջել, թե ինչ է նշանակում այս ամենը, ինչ է նշանակում նախարարության այս չկանոնակարգված եւ ինքնագլուխ որոշումը: Սա խայտառակություն է ուղղակի, եւ մենք մեր պարզաբանումը նամակի միջոցով կպահանջենք: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կասեմ, որ այն կազմում է 110 մլն դրամ, որը բավականացնում է անցկացնել միայն պաշտոնական առաջնություններ: Տղաների ուսումնամարզական հավաքների համար գումար չի հատկացվում, դրանով զբաղվում եմ ես եւ իմ ընկերները: Ֆինանսավորման առյուծի բաժինը ես վերցրել եմ ինձ վրա: Այդ գործում օգնում են նաեւ իմ ընկերները, օրինակ` Էդմոնը Հախվերդյան, ով հանդիսանում է ֆեդերացիայի փոխնախագահը եւ ներկայացուցիչը ԱՄՆ-ում:
-Բռնցքամարտում հիմա ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
Մեր բռնցքամարտը դեռեւս շատ զարգացած չի, սակայն մենք մեծ ջանքեր ենք թափում այդ գործում: Երեւի թե խնդիրներից ամենամեծը մեր բնավորությունն է: Ավելորդ ինքնավստահությունը, մեծամտությունը ուղղակի կործանարար է: Հայաստանում հիմա պայքարում են իմ դեմ, որովհետեւ ես ձգտում եմ պրոֆեսիոնալին: Բռնցքամարտով են ցանկանում զբաղվել այնպիսի մարդիկ, ովքեր հեռու են դրանից, ոչ մի կապ չունեն: Ես դա թույլ չեմ տալու, ես գիտեմ ճիշտ ճանապարհը եւ իմ մարզիկներին, իմ տղաներին տանելու եմ այդ ճանապարհով, իսկ այդպիսի անգրագետ մարդկանցից պետք է հեռու մնալ եւ վերջ:
-Հայաստանում մարզվելու պայմանները ինչպիսի՞ն են:
-Հայաստանում վերջին 15 տարում բացի կորցնելուց ոչ մի ձեռքբերում չենք ունեցել: Միայն իմ` ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո ժամանակակից գույք է մտել Հայաստան, այդ ամենը` իմ եւ իմ ընկերների միջոցով: Վերջին 5 տարիներին չկա ոչ մի բռնցքամարտիկ, որ իր միջոցներով է ձեռք բերել մարզական գույք: Այն ժամանակ կային հանցագործներ, ովքեր նվիրատվություն արած մարզական գույքերը վաճառել են: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Արթուր Աբրահամի նվիրած գույքը նրանք վաճառում էին: Եվ այդ մարդիկ` այդ մարզիչները, ցանկանում են կրկին վերադառնալ բռնցքամարտ: Ես թույլ չեմ տալու, ես այս երեխաների ճակատագրի մասին մտածում եմ եւ թույլ չեմ տա:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

«ԼԻԱՐԺԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԿԼԻՆԵՄ, ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱՄ»

Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաների շուրջ զրուցել է երգչուհի Գաբի Գալոյանի հետ: Նա խոստովանել է, որ իրեն կանացի լիարժեք երջանկության համար պակասում է ընտանիքը: Գաբին անկեղծացել է՝ երկրպագուների կողմից ուշադրության պակաս չունի, սակայն իր կյանքի կեսին դեռեւս չի գտել:

-Գաբի՛, կանանց նվիրված միամսյակը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:
-Մեր տան տղամարդկանց կողմից ես մշտապես արժանացել եմ ուշադրության, նրանք բավական կնամեծար են, այնպես որ, կանանց նվիրված միամսյակն առանձնապես չեմ տարբերում տարվա մյուս ամիսներից:
-Կնոջ ո՞ր տեսակն է մշտապես հիացրել Ձեզ, կարող եք նաեւ անուններ նշել:
-Սիրում եմ ուժեղ, ինքնուրույն, շարմով տեսակներին, որոնք ուժեղության հետ մեկտեղ չեն կորցրել նաեւ կանացիությունը: Այդպիսի կանանց հրաշալի օրինակ են Նարե Հայկազյանը, Վալերի Գործունյանը:
-Կոկո Շանելն ասել է. «Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք»: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ես միշտ ասել եմ, որ տգեղ կին չկա: Ամեն մեկն էլ ունի իր փայլը, տեսակը: Կարեւորն այն է, որ կանայք չչարանան. միայն չար կինն է տգեղ: Թեպետ չարությունը բոլորին է տգեղացնում՝ անկախ սեռից:
-Կենցաղային գործերից ո՞րը տանել չեք կարողանում:
-Բոլորն էլ սիրում եմ, ուղղակի ինձ մոտ տագնապ է առաջանում, երբ տանը մաքրության օր են հայտարարում եւ սկսում են մեծամասշտաբ գործեր անել, թե չէ սովորական օրերին ամեն գործ էլ անում եմ:
-Ո՞րն է եղել սիրելիի կողմից ստացած ամենայուրահատուկ նվերը:
-Ախր ես սիրելի չունեմ: Երկրպագուներիս կողմից մշտապես ստացել եմ ծաղկեփնջեր, օծանելիք, շոկոլադ, մոմեր, տարատեսակ այլ նվերներ: Ծաղիկները երբեմն մեր տանը տեղ չի անում, նվիրում ենք հարեւաններին:
-Որպես կին՝ Ձեզ երջանիկ համարու՞մ եք:
-Դեռեւս ոչ. լիարժեք երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ ունենամ իմ ընտանիքը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

ԲԱՉԿՈՎԸ ԱՊԱՔԻՆՎԵԼ Է
Հայազգի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից տեղեկացավ, որ հայ բռնցքամարտիկը ձեռքի թեթեւ վնասվածք ուներ, սակայն արդեն լրիվ բուժվել է եւ անցկացնում է ամբողջական մարզումներ: Մենք նաեւ տեղեկացանք, որ Բաչկովը ապրիլի 4-ին ժամանելու էր Հայաստան: Ենթադրվում է, որ մեր հավաքականի լիդերն արդեն Հայաստանում է:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ 106-ՐԴՆ Է
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 1206 միավորով նահանջել է 5 հորիզոնականով եւ զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին 10-ը հորիզոնականները ունեն հետեւյալ տեսքը.
1. Բելգիա (1737 միավոր)
2. Ֆրանսիա (1734)
3. Բրազիլիա (1676)
4. Անգլիա (1647)
5. Խորվաթիա (1621)
6. Ուրուգվայ (1613)
7. Պորտուգալիա (1607)
8. Շվեյցարիա (1604)
9. Իսպանիա (1601)
10. Դանիա (1586).

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԶՎԵԼ Է
Հոլանդական «Վիլեմ II»-ը եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը. այս մասին հայտնում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը: Այս ամենի պատճառն այն է, որ Հոլանդիայի առաջնության 26-րդ տուրում կայացած «Վիլլեմ II»-«Ֆորտունա Սիտարդ» խաղի ժամանակ Օզբիլիսը հրաժարվել է փոխարինման դուրս գալ: Դրանից հետո Արասը ուղարկվել էր երկրորդ թիմ: Այս ամենից հետո թիմի ղեկավարությունը եւ հայ կիսապաշտպանը խոսակցություն են ունեցել եւ եկել այն եզրակացությանը, որ պետք է խզվի պայմանագիրը: Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Վիլեմ II» էր տեղափոխվել «Բեշիկթաշից» վարձակալական հիմունքներով: Հավելենք նաեւ, որ ֆուտբոլիստը հոլանդական թիմում անցկացրել է 17 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ:

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ՌԵԱԼ»
Հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Նշվում է, որ այս տրանսֆերին կողմ է հենց մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Տրանսֆերի մասին այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս