Մինչ կառավարությունը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլեր է ձեռնարկում ՀՀ-ում ծնելիության բարձրացման ուղղությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է նվազեցնել մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները: Օրինակ` 2018թ.-ին կրծքի հասակի երեխաների բրոնխիտներ, թոքաբորբերի դեպքում պետությունը տրամադրում էր 184 հազար 100 դրամ, 2019 թվականին` 144 հազար, այսինքն` 21,5 տոկոսով ավելի քիչ: Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում նախկինում պետությունը փոխհատուցում էր 112 հազար 500 դրամ, իսկ ընթացիկ տարվա համար` 98 հազար, այսինքն` 12,5% քիչ, բրոնխիտների, թոքաբորբերի դեպքում 127 հազար 900-ից նվազել է 112 հազար դրամի` կրկին 12,5 %-ով պակաս: Այս փաստը բավական լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ մանկաբույժների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկաբույժները պատրաստվում են լուրջ քայլերի դիմել, քանի որ նման քաղաքականությունը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ առանց այն էլ խնդրահարույց ոլորտում: Չէ՞ որ ներկայումս մանկաբուժությունը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկն է, այնինչ հենց այս ոլորտին է հարված հասցվում: Առողջապահության նախարարության նման գործելաոճը մանկաբույժները գնահատում են սխալ` հղի կոռուպցիոն լուրջ հետեւանքներով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանի հետ. «Գների իջեցում եղել է, որի շուրջ մենք մեր կարծիքը հայտնել ենք, եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստ է քննարկել այդ հարցերը»: Իսկ, ահա, Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում որոշման պատճառները` գերադասելով լռել. նախարարության մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել:
Երեկ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ, միջադեպ է տեղի ունեցել. հենց վարչապետի ներկայությամբ լեզվակռիվ է սկսվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ, հնչել են անգամ վիրավորանքներ: Բանը հասել է նրան, որ Փաշինյանը բարձր տոնով սաստել է նրանց. «Էէ, դե չեղավ, ժողովո՛ւրդ, հիմա կարո՞ղ ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացե՛ք, ա~յ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նման բան եք անելո՞ւ»: Այս ամենի պատճառն էլ Գյումրիում փողոցների վիճակն է, որի մասին ցանկացել է խոսել պատգամավորը, իսկ քաղաքապետը փորձել է նրան լռեցնել: Այս պատմության մեջ, սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Սարիկ Մինասյանը որոշ ժամանակ առաջ շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, ավելին` հենց Բալասանյանի օրոք՝ 2013-2017թթ., Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրել է Բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը սկսեց բացահայտել նաեւ նախկին իշխանությունների տնտեսական հանցագործությունները, ՀՀԿ-ականները պարբերաբար գուժում էին ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման մասին` ասելով, թե դրսի կապիտալը կխուսափի այստեղ գործունեություն ծավալելուց: Այնինչ, պարզվում է, անցած տարի, 2017թ. համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները աճել են 18.8 մլրդ դրամով: 2017թ. ուղղակի ներդրումների չափը կազմել է 93 մլրդ դրամ, 2018 թ.՝ 111 մլրդ 870 մլն դրամ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այդ ներդրումների միայն 36 տոկոսն է իրականացվել 2018թ. առաջին երեք ամսվա ընթացքում, երբ դեռ ՀՀԿ-ն էր իշխանություն: Իսկ, ահա, թավշյա հեղափոխությունից հետո օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները կազմել են 71 մլրդ 563.3 մլն դրամ, զգալի մասը՝ տարեվերջին, երբ հստակ էր՝ նախկին իշխանությունների վերադարձը բացառված է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օֆշորային երկրները էապես նվազեցրել են իրենց ներդրումները, փոխարենը` ներդրումներն ավելացել են ՌԴ-ից, Լիբանանից, այլ երկրներից:
Հայաստանը կամաց-կամաց անցնում է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին: Սա նշանակում է, որ երրորդ երկրներից ապրանքների ներկրումը կարող է թանկանալ բարձր մաքսատուրքերի պատճառով: Այդ ապրանքներից մեկն էլ բենզինն է, եւ, առհասարակ, նավթամթերքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն` երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը է՛լ ավելի կբարձրանա` 5 տոկոսով: Սա իր հետեւից կբերի բենզինի գնի աստիճանական բարձրացման: Թե որքան, առայժմ դժվար է ասել: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից փոխանցեցին, որ փոխարենը զրոյական է ՌԴ-ից ներմուծվող մաքսատուրքը: Ըստ նախարարության` ՌԴ-ն այս հարցում Հայաստանի համար համարվում է հիմնական շուկա: Տեղեկացնենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ ներմուծվել է 330 հազար 328,9 տոննա նավթ, նավթամթերք (դրա մեջ է մտնում նաեւ բենզինը), որից 210 հազար 521 տոննան բերվել է ՌԴ-ից:
ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ինչպես որ մարդն անսխալական չէ, այնպես էլ գաղափարի շուրջ հավաքված բազմաթիվ սխալական մարդկանց խմբավորումը՝ կուսակցությունը: Մահաթմա Գանդին հայտնի խոսք ունի. «Ազատությունը ոչինչ չարժե, եթե չի ներառում նաեւ սխալվելու ազատությունը»: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, օրինակ, երբ 1998թ.-ին հեռացավ նախագահի պաշտոնից, իր հրաժարականի ելույթը եզրափակեց «Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը» տողով։ Նա շուրջ 10 տարի հաշված անգամներ է մասնակցել հանրային որեւէ միջոցառման եւ մինչեւ 2007թ.-ի աշուն, երբ տրվեց բազմամարդ հանրահավաքների մեկնարկը, եւ ձեւավորվեց ՀԱԿ-ը, հաշվված անգամներ է մասնակցել հանրային որեւէ միջոցառման՝ պահելով «լռության ուխտը»: Կասկածում ենք, որ խոհեմ քաղաքական գործչի համբավ ունեցող առաջին նախագահը կվերադառնար քաղաքականություն, եթե վստահ չլիներ, որ հասունացել է իր վերադարձի հանրային պահանջը: Երբ մեկ տարի առաջ հրաժարական տված ՀՀԿ նախագահ եւ վաչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր ամենահայտնի ֆրազը՝ «ճիշտ էր Նիկոլ Փաշինյանը, ես սխալվեցի», նրա այս խոսքերը հենց իրենք՝ ՀՀԿ-ականները, որպես պետականամետ ու խոհեմ գործչի քայլ որակեցին՝ նկատի ունենալով «Մարտի 1»-ը չկրկնելու, իշխանությունը ուժով ու արյամբ չպահելու որոշումը: Շուտով կլրանա խոհեմության «մաստեր կլասս»-ի հեղինակի հրաժարականի մեկ տարին, եւ ինչպես օրերս ազդարարեց Արմեն Աշոտյանը, մոտենում է Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը՝ կուտակված հարցերին տրվելիք կուտակված ասելիքով: Բայց այստեղ կարեւոր է մեկ այլ հարց. կա՞ Սերժ Սարգսյանի ելույթի կամ որեւէ ֆորմատով հանդես գալու հանրային պահանջը, արդյոք հասարակությունն անցած մեկ տարվա ընթացքում հասցրե՞լ է ներել նախկին իշխանության՝ 10 եւ ավելի տարիների կառավարման սխալներն ու բացթողումները, եւ ի՞նչ նոր ու դարակազմիկ խոսք պետք է ասի նախկին նախագահը, որպեսզի կարողանա «յուղել» հասարակության սիրտը եւ միաժամանակ «դաղել» նոր իշխանության մատները: Իհարկե, այս ողջ ընթացքում ՀՀԿ-ի երիտթեւը, մոռանալով կամ չտեսնելու տալով սեփական աչքի գերանները, զբաղված է իշխանության աչքերում գերաններ փնտրելու եւ «սիրուց կուրացած» հասարակության աչքերը այդ «գերանների» վրա բացելու գործով, որի ակնհայտ նպատակը ռեւանշի հասնելն է, ոչ այնքան պետության նկատմամբ սրտացավությունը, որքան «եթե մենք վատն էինք, ապա նորերը մեզանից բեթար են» թեզն ապացուցելը: Երեւի հենց այս՝ դեռեւս չապացուցված թեզի շուրջ էլ լինելու է Սարգսյանի առաջիկա ելույթը: