«ԹԵԺ» ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ, ՊԱՏԱՍԽԱՆ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստ է լսել ու քննարկել կառավարության կառուցվածքային փոփոխության հետ կապված ընդդիմության փաստարկները: Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարի` եթե լինեն առաջարկներ, որոնք ընդունելի կլինեն, ապա նախագծում կկատարվեն փոփոխություններ:

-Պարո՛ն Սիմիդյան, տարբեր շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում քաղաքականություն է վերադառնալու Սերժ Սարգսյանը. որքանո՞վ է նրա վերադարձը մտահոգում ձեր խմբակցությանը, քանի որ խորհրդարանում դուք մեծամասնություն եք:
-Ես կարող եմ խմբակցության մասով ասել, որ այդ հարցին անդրադարձ չենք ունեցել, ու չգիտեմ` անդրադարձ կունենանք, թե չէ: Չգիտեմ` ինչ առումով եք ասում: Մտահոգիչ հարց է. ընտրություններ կլինեն մի քանի տարուց. ով շատ ձայն կհավաքի, այդ ուժն էլ կդառնա իշխանություն:
-Բայց, կարծես թե, հանրության շրջանում արդեն դժգոհություն է հասունանում ներկայիս իշխանություններից:
-Այդպես ապոկալիպտիկ տրամադրությունները Հանրապետական կուսակցությունը հեղափոխության հաջորդ օրվանից ստեղծել է ու այսօր էլ շարունակում է: Հիմա կանցնի մեկ տարի, էլի կասեն, կանցնի երկու տարի, էլի կասեն: Ինձ թվում է` ժամանակը ցույց կտա, որ իրենք անընդհատ դա պետք է ասեն:
-Այսինքն` արդարացրե՞լ եք հանրության հույսերը` իշխանությունների գործունեության հետ կապված:
-Դրա հանրագումարը, իհարկե, այս պահին հնարավոր չէ տալ: Կառավարությունը 5 տարվա ծրագիր է, այսինքն` 5 տարի հետո պետք է քաղաքացին գնահատի` արդարացվեց, թե չէ. հիմա վաղ է դրա մասին խոսելը: Բայց այն գործընթացները, որ այս պահին կան, այն աշխատանքները, որն անում է կառավարությունը, այն օրենսդրական լուծումները, որն ուզում է տալ Ազգային ժողովը, «Իմ քայլը» խմբակցությունը, ցույց են տալիս, որ քաղաքացին բավարարված պետք է լինի մեր իշխանության աշխատանքից: Մի հանգամանք, որ շատ անհանգստացնում է ՀՀ քաղաքացուն, աշխատավարձերը, մի քանի ոլորտներում արդեն կա բարձրացում, որն էլ արդեն երաշխիք է, որ դա շարունակական գործընթաց է: Այս կարճ ժամանակահատվածում այդքանը հասցնելը, անելը երաշխիք է, որ հետո շատ ավելի շատ են լինելու աշխատավարձերի բարձրացումները, ու դա երաշխավորում է, որ մեր իշխանությունները անպայման գնալու են այդ ճանապարհով:
-Դրան զուգահեռ իշխանությունները կրճատումներ են իրականացնում պետական հիմնարկներում` փոփոխություններ անելով կառավարության կառուցվածքում, եւ այդ պատճառով շատերը զրկվելու են իրենց աշխատանքից:
-Կրճատման մասին խոսք գոյություն չունի. խոսքը նրա մասին է, որ կառավարությունն ուզում է իր արդյունավետությունը բարձրացնել` կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնել. օպտիմալացման նպատակը սա է: Ու մի քանի տասնյակ մարդկանց մասին է խոսքը գնալու, որոնցից շատերը հայեցողական պաշտոններ ունեցողներն են եղել, այսինքն` փոխնախարարներ, նախարարների, օգնականների, խորհրդականների պաշտոններ են լինելու, մեծ մասը այս պաշտոններն են լինելու: Կրճատումների մասին առհասարակ խոսակցություն չպետք է լինի, ու դա երկարաժամկետ պրոցես է լինելու, ու կառավարությունն այս կառուցվածքային փոփոխությունները արագ չի անելու, որ որեւէ քաղաքացի, ով աշխատում է այդ համակարգում, կառավարությունը հնարավորություն է ընձեռնելու նոր աշխատանք գտնելու հարցում, կառավարությունն էլ ինչ-որ գործողություն է անելու այդ մարդուն աշխատանք գտնելու հարցում:
-Առաջիկա քառօրյա նիստին կառավարությունը քննարկելու է կառուցվածքային փոփոխության հարցը, որը, կարծես թե, շատ լուրջ պատրաստվում է քննադատել խորհրդարանական ընդդիմությունը: Պատրա՞ստ եք այդ քննադատություններին պատշաճ պատասխանելու, քանի որ, ըստ տեղեկությունների, շատ թեժ քննարկում է սպասվում:
-Կտեսնենք, բայց ես համոզված եմ, որ մենք պատրաստ ենք: Կարող է ընդդիմությունը բարձրացնի այնպիսի հարցեր, ըստ որի` պետք է ինչ-որ փոփոխություններ անել, ապա կլսենք անպայման: Կարծում եմ` Ազգային ժողովի նիստերն արդեն ապացուցել են, որ թեժ են լինում եւ արդյունավետ, այսինքն` եթե որեւէ փոփոխման առաջարկություն էլ լինում է ընդդիմության կողմից, որը օբյեկտիվ է, ապա այդ փոփոխությունը լինում է:
-Հայտարարվել էր, որ ձեր խմբակցությունը հանդիպում պետք է ունենար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այն հետաձգվել է: Ի՞նչ հանդիպում էր ու ո՞րն էր հետաձգման պատճառը:
-Վարչապետի գրաֆիկի հետ կապված էր, զուտ տեխնիկական էր, տեղափոխել ենք ամսի 8-ին, բայց կարող է էլի վարչապետի գրաֆիկի մեջ փոփոխություն լինի, որից փոփոխվի: Այսինքն` սա ընդամենը տեխնիկական խնդիր է: Պատգամավորները հարցեր կունենան` վերջին բանակցությունների հետ կապված, մեր տպավորությունները կփոխանցենք վարչապետին` մեր` Արցախ այցի հետ կապված, ընթացիկ հարցեր կլինեն, կքննարկենք, նորմալ շփումներ կլինի:
-Իսկ համամի՞տ եք ՀՀ վարչապետի հանձնարարականի հետ` կապված ֆեյքերի «բացահայտման» ու «զսպման» հետ:
-Կառավարության նիստում վարչապետը հանձնարարական է տվել գերատեսչության ղեկավարին: Այսինքն` ի՞նչն է արտառոց: Վարչապետի կողմից տասնյակ հայտարարություն է եղել, որ դա խոսքի ազատության սահմանափակման, մամուլի ազատության սահմանափակման հետ կապված որեւէ խոչընդոտ չի կարող լինել: Այդ սահմանը գոյություն ունի, հնարավոր է գտնել այդ սահմանը, ունենալ ապատեղեկատվության, դրա հնարավոր կանխման միջոցներ, որը որեւէ ձեւ չպետք է ազդի խոսքի ազատության վրա: Սուտ լուրը մեր եւ ձեր անվտանգության խնդիրն է:

 

 

 

ՀՅԴ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք բաց են բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել:

-Պարո՛ն Գորգիսյան, ձեր խմբակցությունը իշխանություններին ներկայացրել է կառավարության կառուցվածքային փոփոխության մասին իր տարբերակը, որը, փաստորեն, մշակել եք ՀՅԴ-ի հետ: Ինչո՞ւ:
-«Դաշնակցությունը» մեզ ուղարկել էր կառուցվածքային փոփոխության հետ կապված իր առաջարկությունը, եւ այնտեղից մենք վերցրել ենք փոխվարչապետի ֆունկցիաները, այսպես ասած, որը պետք է լինի պատասխանատու Սփյուռքի հետ կապերի եւ հայրենադարձության:
-Այսինքն` ՀՅԴ-ի հետ համագործակցո՞ւմ եք նման հարցերում:
-Մենք հայտարարել ենք, որ բաց ենք համագործակցության բոլոր արտախորհրդարանական ուժերի հետ, դա արել ենք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Մենք պայմանավորվել ենք հետագայում նման հանդիպումներ էլի ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր ուժերի համար: Մենք շարունակում ենք բաց մնալ բոլոր ուժերի համար, այնպես որ որեւէ սահմանափակում չկա ինչ-որ ուժի հետ հանդիպելու կամ չհանդիպելու համար:
-Իսկ իշխանություններն արդեն հայտնե՞լ են իրենց տեսակետը` ձեր խմբակցության կողմից ներկայացված կառուցվածքային փոփոխության նախագծի վերաբերյալ:
-Մենք բացմիցս բոլոր հնարավոր հարթակներով ապացուցել ենք, որ մեր ներկայացրած մոդելը շատ ավելի արդյունավետ է ու իր մեջ չի պարունակում ուղղակի մեխանիկական կրճատումներ: Իսկ մենք դա տեսնում ենք կառավարության կողմից ներկայացված տարբերակում: Մերի հիմքում ընկած է տեսլական, թե ինչպիսի կառավարում ենք մենք ուզում ունենալ. դա ավելի շատ հաշվետու Ազգային ժողովի կողմից վերահսկելի կառավարություն է: Մյուս կողմից` ամեն գործառույթի համար հստակ քաղաքական պատասխանատու է: Ու կոնկրետ այն ոլորտները, որոնք մենք տեսնում ենք ռազմավարական նշանակության ՀՀ-ի համար, դրանք պետք է ունենան համապատասխան պատասխանատվություն:
-Եթե կառավարությունը չընդունի խմբակցության առաջարկները, դե՞մ եք քվեարկելու նախագծին:
-Պարոն Ավինյանը հայտարարել է, որ դեմ չեն իրենք քննարկելու մեր ներկայացրած տարբերակը: Երբ որ կքննարկեն, երբ որ կասեն իրենց դիրքորոշումը, այդ ժամանակ էլ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ՄԻԱԿԸ ՉԷՐ
Երեկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում արտառոց դեպք տեղի ունեցավ։ Առաջին անգամ պատմության մեջ տրանսգենդեր մոտեցավ ամբիոնին եւ ելույթ ունեցավ, որից հետո անգամ ծափողջյուններ հնչեցին, սակայն լսումները վարող ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դուրս հրավիրեց դահլիճից Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով հանդես եկող անձին։ Նշենք, որ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշում կայացվել էր դեռ մարտի 11-ին, այսինքն` այսքան օր կար այդ ամենը կազմակերպելու համար։ Մենք տեղեկացանք, որ գրանցումը կատարվել է օնլայն սկզբունքով, իսկ Լիլիթ Մարտիրոսյանն էլ ներկայացնում էր «Իրավունքի ուժ» ՀԿ-ն։ Նա երեկվա լսումներին ներկաների մեջ այլընտրանքային սեռական կողմնորոշում ունեցող միակ անձը չէր։ Նրանք մի քանիսն էին եւ լսումների ընթացքում նույնիսկ սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին այդ լուսանկարները։ Արդեն միջադեպից հետո լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե նրան հրավիրողը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, ինչն, ըստ էության, վերջինիս կողմից հերքվեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ այս ամենը կազմակերպված էր համարում։ Մեր տեղեկություններով` տրանսգենդերն ունի հենց Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով անձնագիր եւ հենց դրանով էլ մուտք է գործել խորհրդարան։ Հավելենք, որ երեկվա միջադեպը լայն քննարկման առիթ է եղել հենց «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ եւս Մարիան հայտարարել է, թե ոչ մի կապ չունի այդ անձնավորության հետ։

 

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱԶԳԱԿԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քենու ինքնասպանության գործը կարճվել է: 2018թ. հոկտեմբերի 28-ին Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի կինն էր: Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզան Խաչատրյանի քույրն էր: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` 45-ամյա Լ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: 5 ամիս տեւած քննութունից հետո ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով. « Քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը»:




Լրահոս