ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից հեղինակած ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի նախագծով` առաջարկվում է թույլատրել բացել մեկական բուքմեյքերական գրասենյակ միայն Ջերմուկ, Մեղրի, Սեւան եւ Ծաղկաձոր քաղաքներում։ Բացի այդ, առաջարկում են արգելել ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը, իսկ բուքմեյքերական ընկերություններն էլ պետք է 500 մլն դրամ դեպոզիտ գումար ունենան: Նախագծի հրապարակումից հետո ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկներ էին ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին եւ առաջարկում էին նաեւ քննարկում կազմակերպել հենց իրենց հետ։
Եվ հանձնաժողովը նախօրեին կազմակերպեց այդ քննարկումը, որին ներկա էին չորս ընկերությունների ներկայացուցիչները, հանձնաժողովի անդամները եւ նախագծի համահեղինակ Սիփան Փաշինյանը. հիմնական հեղինակ Ալեն Սիմոնյանը գործուղման մեջ էր։ Ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ նախագծով խաղամոլության խնդիրը չի լուծվում, քանի որ նախագծով չի արգելվում վիճակախաղի մասնակցությունը, ուղղակի կանխիկ խաղադրույք կատարելուց անցում է կատարվում ամբողջությամբ անկանխիկ խաղադրույք կատարելուն:
Նրանք բոլորը համակարծիք էին, որ նախագծի ընդունման հետեւանքով սեւ շուկա է առաջանալու, եւ մարդիկ, այնուամենայնիվ, ինչ-որ ձեւով խաղալու են: Մի քանի ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են նախագծում կատարել փոփոխություն, որպեսզի Հայաստանի ողջ տարածքում առնվազն 30 բուքմեյքերական գրասենյակ հնարավոր լինի պահել: Ստացվում է՝ Երեւան քաղաքի ամեն վարչական շրջանում յուրաքանչյուր ընկերություն 1 կետ կունենա, ոչ ավելի:
Ընդհանուր առմամբ, պատգամավորները ոչ միանշանակ կարծիք ունեին նախագծի շուրջ, քանի որ նաեւ ռիսկեր էին տեսնում։ Ընդգծենք, որ քննարկմանը մասնակցել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Արման Մանասերյանը եւ նշել, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել հակամրցակցային իրավիճակի։ Սա բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչների հետ առաջին, սակայն ոչ վերջին քննարկումն էր, եւ նրանց խնդրել են իրենց տրամադրել վիճակագրություն, որից պարզ կդառնա, թե խաղադրույքների որ տոկոսն է օնլայն կատարվել, որ տոկոսը՝ գրասենյակների միջոցով։
Ինչպես հայտնի է, նախագծի ընդունվելու դեպքում հետեւյալ հիմնական փոփոխություններն են տեղի ունենալու.
– բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սեւան եւ Ծաղկաձոր քաղաքներում:
– նշված տարածքներում տեղակայվելիք գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը կստուգվի:
– խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներ (որոնք հաճախ հանդիպում ենք գազալցակայաններում) Հայաստանի տարածքում չեն լինի:
– բուքմեյքերական ընկերությունները պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ գումար պետք է ունենան:
– մոլախաղերով հրապուրված եւ իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
Նշենք, որ այս պահին Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները 5-ն են՝ «Վիվառո»-ն, «Տոտո»-ն, «Աջարաբեթ»-ը, «Գուդվին-Բետ»-ը եւ «Եվրոֆուտբոլ»-ը: Եվ այս բոլոր ընկերությունները միասին մեծ գումարներ են վճարում պետբյուջե, սակայն այս նախագիծը ոչ մի վիճակագրություն չի պարունակում: Այսինքն՝ նախագծի հիմնավորման մեջ տեղեկություն չկա, թե բուքմեյքերական ընկերություններում որքան մարդ է խաղադրույք կատարում, նախագծի ընդունման արդյունքում ինչ չափելի արդյունք կունենանք, կամ ինչ վնասներ կլինեն։
Հետաքրքիր է, որ Հայաստանում այսօր եւ՛ առցանց, եւ՛ բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ընկերություններից ամենախոշորը «Վիվառո»-ն է: Եվ նախօրեի քննարկման ժամանակ մյուս ընկերությունների ներկայացուցիչները եւս ակնարկեցին, որ այսպես վերջինս կլինի գերիշխող դիրքում, եւ, կարծես թե, այս նախագիծը հենց նրա համար է արվում։ Իհարկե, այս մեղադրանքներին Ալեն Սիմոնյանը մշտապես արձագանքել է եւ հերքել, բայց փաստացի ոչ մրցակցային միջավայր ստեղծելու շուրջ մտահոգություններ ունեն նաեւ նրա գործընկերները եւ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւս համահեղինակ է, ինչը ենթադրում է ԲՀԿ-ի աջակցությունը եւս, սակայն «Լուսավոր Հայաստան»-ը որեւէ կերպ ներգրավված չէ։ Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, որն էլ ասաց. «Իհարկե, օրենքում կան դրույթներ, որոնք շատ ողջունելի են` մասնավորապես, անչափահասների մուտքը սահմանափակելը, ինչպես նաեւ կանխիկը վերացնելը։ Միեւնույն ժամանակ, մտահոգություններ կան երկու ուղղություններով. արդյոք դա չի՞ բերելու շուկայի մոնոպոլացմանը կամ կենտրոնացմանը, մյուսը՝ որքանո՞վ է դա նպաստում խաղամոլության վերացմանը։ Բայց եթե նույնիսկ խաղամոլության տարածմանն էլ խոչընդոտի, դա եւս լավ է, բայց մոնոպոլացման ռիսկն ու ստվերայինի զարգացումը շատ կարեւոր մտահոգություններ են»:
Անդրադառնալով այլ ռիսկերին, պետբյուջե վճարվող գումարներին, աշխատատեղերի կրճատմանը` Խաչատրյանը նշեց. «Ցանկացած որոշման ազդեցության գնահատում պետք է կատարվի։ Այն ունի նաեւ սոցիալական կողմ՝ աշխատատեղերի հարցը, որը եւս չի կարող չքննարկվել։ Բայց կա նաեւ հանրային գերակա շահի հարց։ Խնդիրը նա է, թե որքանով է նախագիծը նպաստում այդ հանրային շահին։ Եթե մի խնդիր փորձում ենք լուծել եւ ստեղծում ենք սեւ շուկա, ապա դա էլ հարցի մյուս կողմն է։ Նախագիծը պետք է լայն քննարկման անցնի դեռ»։
Նշենք, որ նախօրեի քննարկումը շատ նախնական էր, եւ այն պետք է նախ քննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո սահմանված կարգով ընդգրկվի լիագումար նիստի օրակարգում։ Եվ, իհարկե, չի բացառվում, որ առաջինից երկրորդ ընթերցում այն փոխվի կամ, առհասարակ, արժանանա մեծ քննադատության հենց իշխող ուժի կողմից, քանի որ այս նախագիծն արդեն իսկ ընդդիմախոսներ է ձեռք բերել։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության են հրավիրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարները: Հարցաքննության հրավիրելու պատճառը եղել է 2018 թվականից կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շուրջ տեղի ունեցած չարաշահումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը վկայի կարգավիճակով»: Մեր այն հարցին, թե բացի նրանից այլ նախարարների հարցաքննել են կամ կանչել են հարցաքննության, կոմիտեից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ նախաքննություն է ընթանում:
ՋՆՋԵԼ ԵՆ
Վարչապետի հանձնարարականը սկսել է կատարվել։ Երեկ ձերբակալվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հայտնի էջերից մեկի՝ «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը։ Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Թե ով է այդ անձնավորությունը, առայժմ գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ անձը կապ ունի նախկին իշխանությունների հետ: Նկատենք, որ ֆեյքերին հայտնաբերելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ գործ ունենք քրեորեն հետապնդելի կոչերի հետ: Իսկ նման կոչեր սոցիալական ցանցերում շատ են, եւ վերջին նշվածը բացառություն չէ: ՈՒ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի հանձնարարականից հետո շատ կեղծ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները, փակել էջերը՝ մաքրելով հետքերը։
«ԹԵՂՈՒՏ»-Ը ԿՎԵՐԱԲԱՑՎԻ
«Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով` «Թեղուտ» ընկերությունում գործադիր եւ գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել. գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորություն կունենա շահագործել հանքավայրը: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում եւս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: Պարզվում է` Նորիկ Պետրոսյանը արդեն սկսել է զբաղվել Թեղուտով: Մյուս կողմից` Ալավերդու պղնձաձուլարանի հետագա ճակատագիրն է շարունակում անհայտ մնալ. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը շարունակում է այս հարցում լռել` ոչինչ չձեռնարկելով:
ՀԵՏԱՁԳԵԼ Է
Վերաքննիչ դատարանը հետաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի, ինչպես նաեւ դատախազության բողոքների քննությունը մինչեւ առաջիկա երեքշաբթի օրը` ապրիլի 9-ը: Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասել է. «Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, նիստը հետաձգվեց եւ կշարունակվի երեքշաբթի օրը` ամսի 9-ին` ժամը 14:30-ին»: Պաշտպանական խումբը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով եւս երկու ամսով երկարաձգվել է նախկին նախագահի կալանքը: Վերաքննիչ դատարանը քննում է մեկ բողոք եւս, որը ներկայացրել է դատախազությունը: Սա վերաբերում է Քոչարյանին Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով հաղորդման հիման վրա առաջադրված մեղադրանքին: Դատարանը գտել էր, որ այս մեղադրանքի համար հիմնավոր կասկած չկա, ինչի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
ԲՀԿ-Ն ԴԻՄԵԼ Է
Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների: Այդ իսկ պատճառով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը առաջարկում է կազմակերպել փակ խորհրդարանային լսումներ` ՀՀ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը նշել է. «Հարկ ենք համարում լսումների հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ՊՆ եւ ԱԳՆ նախարարներին, Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներին: Արդեն դիմել ենք պաշտոնական նամակով ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին»: