ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ իրենց կուսակցությունում երկու աշխատանքային խումբ է գործում: Մի խումբն աշխատում է ՔՊ վարչության կանոնադրության, մյուս խումբը՝ ՔՊ ծրագրային դրույթների վրա:
-Պարո՛ն Հովակիմյան, առաջիկայում ՔՊ-ում պետք է կադրային փոփոխություններ լինեն, վարչության նախագահ պետք է ընտրվի, քանի որ ՔՊ-ի վարչության նախագահը նախօրեին ընտրվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում եւ առաջիկայում պետք է հրաժարական ներկայացնի: Ի՞նչ է կատարվում կուսակցությունում, արդյոք այժմ անգործությա՞ն է մատնված վարչությունը:
-Վերջին համաժողովը, այսինքն` փետրվարին կայացած կազմակերպչական համաժողովի ժամանակ հայտարարվել էր, որ կուսակցությունը պատրաստում է կանոնադրական փոփոխություններ եւ ծրագրում փոփոխություններ: Ներկայումս գոյություն ունի երկու աշխատանքային խումբ` մեկ աշխատանքային խումբը, որը ես եմ համակարգում, կանոնադրական փոփոխությունների նախագիծ է նախապատրաստում, իսկ մյուսը համակարգում է Լենա Նազարյանը, որն էլ զբաղվում է ծրագրում փոփոխությունների նախագծով: Երբ այս երկու փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ արդեն պետք է հրավիրել արտահերթ համաժողով: Օրակարգում, ըստ էության, լինելու է երկու կարեւորագույն փաստաթղթերի փոփոխությունների ընդունում` նոր վարչության ընտրություններ եւ նոր վերահսկողի ընտրություններ: Այսինքն` ե՛ւ վարչության, ե՛ւ վերահսկողի նոր ընտրություններ են սպասվում, որը ընթացքի մեջ է:
-Այսինքն` դա երկա՞ր գործընթաց է: Ե՞րբ եք նախատեսում ունենալ արտահերթ համաժողով, որի ժամանակ պետք է հաստատվեն Ձեր նշած վարչությունները:
-Ըստ էության, երկար չի տեւելու, քանի որ այդ նախագծերի մշակումը ավարտին է մոտենում, մոտ երկու ամիս: Այդ ժամանակահատվածում ամեն ինչ կհասցնենք ավարտել: Ու, ըստ էության, ամռանը արդեն կլինի համաժողովը: Կոնկրետ այս պահի դրությամբ բան չեմ կարող ասել, քանի որ օրվա որոշման հետ կապված դեռեւս որեւէ բան չկա:
-Իսկ ՔՊ-ն ունի՞ վարչության ղեկավարի իր թեկնածուն, արդյոք քննարկե՞լ եք թեկնածուի հարցը:
-ՔՊ-ի կարգը այսպես է. վարչության անդամներին ընտրում է համաժողովը, վարչության նախագահին ընտրում են վարչության անդամները փակ գաղտնի քվեարկությամբ: Այլ կերպ ասած` որպեսզի տեղի ունենան վարչության անդամի ընտրություններ, պետք է վարչության գործող նախագահը վարչությանը պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնի, որից հետո պետք է վարչությունը նիստ գումարի, որպեսզի ընտրություններ տեղի ունենան, այսինքն` կլինեն առաջադրումներ, որից ելնելով էլ կլինեն ընտրություններ:
-Բայց վարչությունը «հավանած» թեկնածու չունի՞ վարչության ներսում:
-Սովորաբար մեզ մոտ այդպես չի լինում, նման քննարկումները լինում են, այսպես ասած, բուն ընտրությունների ժամանակ: Մարդը ինքն է հավակնում, կամ վարչության մի անդամը մյուսին է առաջադրում: Պրոցեսն այսպիսինն է մեր կուսակցությունում:
-Այսինքն` մինչեւ այդ կուսակցությունում որեւէ գործընթաց, որոշում չի՞ կայացվելու:
-Ես ասեմ ավելին` եթե անգամ վարչության նախագահը հրաժարական ներկայացնի, փոխնախագահ Սուրեն Պապիկյանը այդ կարճ ժամանակահատվածում կկատարի ղեկավարի աշխատանքները, մինչեւ կընտրվի նոր վարչությունը, իսկ նոր վարչությունն էլ կընտրի նոր նախագահին: Այնպես որ, այստեղ որեւէ գործընթաց չի խաթարվելու: Այսինքն` մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետեւ կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները կատարում է, իրավական առումով մենք շտապելու խնդիր չունենք: Գիտակցելով, որ մի քանի ամսից նոր վարչություն է ընտրվելու, նոր վարչության նախագահ` ես չեմ բացառում, որ, ասենք, եթե Սասուն Միքայելյանը հրաժարական ներկայացնի, վարչության նախագահի լիազորությունները կմնան թափուր. փոխնախագահը այս կարճ ժամանակահատվածում կկատարի, մինչեւ նոր վարչությունը կընտրվի, նոր վարչությունն էլ արդեն նոր նախագահ կընտրի:
-Մեր տեղեկությունների համաձայն` ՔՊ-ում նպատակ կա ամբողջովին փոխելու վարչության անդամներին. որքանո՞վ է իրատեսական այս տեղեկությունը:
-Լինելու են փակ գաղտնի ռեյտինգային կարգով ընտրություններ, վարչության կազմի ընտրությունը փակ է լինելու. թե ինչ կազմ կընտրվի, դրա մասին ոչ ոք որեւէ բան չի կարող ասել: Բնական է՝ կլինեն հին վարչությունից ընտրվողներ, կլինեն նոր ընտրվողներ, գուցե լինեն մարդիկ, ովքեր ցանկություն չեն ունենա նորից առաջադրվել: Թե ինչ կլինի վարչության նոր կազմի հետ, դրա մասին որեւէ մեկը որեւէ բան չի կարող ասել, քանի որ մեր կանոնադրությունը այնպես է գրվել, որպեսզի ֆորս մաժորների ժամանակ էլ վարչությունը կատարի իր աշխատանքը. մենք այս պարագայում որեւէ խնդիր չունենք: Մեր կանոնադրության կառուցվածքն այնպիսին է, որպեսզի երբեք ֆորս մաժորների ժամանակ փակուղային իրավիճակներում չհայտնվի: Մենք ժամանակին, որ կանոնադրության նախագծի վրա աշխատում էինք, մենք գիտակցում էինք, որ, լինելով ընդդիմադիր, գալու է մի իրավիճակ, երբ մեր ընկերների մի մասին կարող են բանտերը լցրած լինեն, ինչն արվում էր այն ժամանակ քաղաքական գործիչների նկատմամբ: Մենք այդ ամենը կանխատեսել էինք, հաշվարկել էինք, ինչի համար էլ այսօր մենք որեւէ հարցում խնդիր չենք ունենալու:
ԵԿՄ-ԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՏԱՐԲԵՐ ՀԿ-ՆԵՐ
Ապրիլի 7-ին Երեւանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարը: Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը:
Նիստին նախ հաստատվել է ԵԿՄ 12-րդ համագումարի օրակարգը` ԵԿՄ գործունեության մասին. ընտրել ԵԿՄ վարչություն եւ վարչության նախագահ, ընտրել ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողով, ավարտին ներկայացնել համագումարի հայտարարությունը: Ներկայացվել է նաեւ, որ 2018թ.-ից ԵԿՄ-ն հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ դուրս գալու համար հրավիրվել են ընդլայնված նիստեր, նաեւ արտահերթ համագումար: Այս ընթացքում ԵԿՄ-ի շուրջ են համախմբվել «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն: Շուրջ 500 անհատական դիմումներ են ստացվել, նաեւ Աֆղանստանի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցների միությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԿՄ շրջանակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ԵԿՄ-ի ու նախորդ տարի այդ կառույցի շուրջ տեղի ունեցածի մասին խոսելիս ուշագրավ դիտարկում է արել. «Ցավոք, Արցախյան ազատամարտի խաղաղության զինադադարի կնքումից հետո մենք մեր հանրության որոշ հատվածներում ականատեսը եղանք մի երեւույթի, որը, կարծես թե, միտում ուներ մեկնաբանելու, թե հայրենիքի առաջ հերոսություն գործած մարդիկ արտոնություններ են ստանում ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրավունքների եւ պարտականությունների առումով: Սա իրավիճակի թյուրըմբռնում էր, որովհետեւ, այո՛, այս հաղթանակը կերտվել է մեր ազատամարտիկների կյանքի, արյան, առողջության գնով, բայց այդ հաղթանակն անհնար կլիներ առանց թիկունքում միասնական եւ վճռական ժողովուրդ ու պետություն ունենալու: Հետեւաբար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն այդ հաղթանակի լիարժեք սեփականատերը զգա, եւ դա է այդ հաղթանակը պահպանելու եւ զարգացնելու միակ ճանապարհը եւ հնարավորությունը»:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՓՈԽԵԼ Է ԾՐԱԳՐԵՐԸ
Կիրակի օրը Արցախում եկեղեցու բացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ներկա էր միայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ի սկզբանե որոշվել էր, որ այդ միջոցառմանը մասնակցելու համար Արցախ պետք է մեկներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Ըստ էության, միջոցառումներին մասնակցելու «բաժանում էր» արվել. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ԵԿՄ համագումարին, նախագահ Սարգսյանը ներկա գտնվեր Արցախում: ՀՀ նախագահը, սակայն, մի քանի օր շուտ մեկնեց Արցախ եւ եկեղեցու բացման օրն արդեն Հայաստանում չէր. նա մեկնել էր Հորդանան: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագահի լրատվական ծառայությունից ճշտել, թե ինչու են վերջին պահին ծրագրերը փոխվել, սակայն ապարդյուն. հիմա էլ նախագահն աշխատանքային այցով Պորտուգալիայում է, եւ նախագահականի՝ մամուլի հարցերին պատասխանելու իրավասություն ունեցողները եւս նրա հետ գործուղման են:
ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի մասին շատ խոսվեց: Հարցադրումներ են հնչում, թե ինչպես է նա մտել ԱԺ շենք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լիլիթ Մարտիրոսյանն ունի իր անձնագիրը՝ հենց այդ անուն-ազգանունով։ Իսկ ԼԳԲՏ ներկայացուցիչների (տվյալ դեպքում` սեռը փոխած անձանց) անձնագրի ստացման կարգը վերջերս է փոխվել՝ 2018թ. դեկտեմբերին։ Բանն այն է, որ նախկինում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները (արականից իգական, իգականից արական սեռի վերածվելու դեպքում) անձնագիրը փոխելու համար պետք է ներկայացնեին նաեւ հատուկ հոգեբույժի կողմից փաստաթուղթ։ Եվ ստացվում է՝ այդ մարդկանց մոտ, ամեն դեպքում, ամրագրվում էր սեռական ու հոգեկան շեղումների առկայությունը։ Սակայն դեկտեմբերից Արտակ Զեյնալյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է եղել, եւ այսուհետ որեւէ փաստաթուղթ այլեւս հարկավոր չէ անձնագիրը եւ հետեւաբար սեռափոխությունը հաստատելու համար։ Իրենց այդ հաղթանակի մասին հենց դեկտեմբերին ներկայացրել էր Լիլիթ Մարտիրոսյանն ու ասել, որ արդեն երկու անձ այսկերպ փոխել է իր անձնագիրը։
ՀԱՅՑ` ՀԵՀ-Ի ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան` ընդդեմ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծակաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատանքը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու քրեական գործի շրջանակներում կալանավորված է: