ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է` ակտիվ քննարկվում է ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկալ որոշումը` վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատելու մասին: Հիշեցնենք, որ աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի աշխատակազմի` Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ կադրային փոփոխությունների պատճառը ՀՀ վարչապետի հանձնարարությունները չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը ոչ պատշաճ կատարելն է»,-ասել է Կարապետյանը առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե իրականում ինչու է նման բան կատարվել: Ըստ մեր տեղեկությունների` խնդիրը կապված է երեկ Ազգային ժողով բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների հետ: Նշենք, որ, ըստ այդ օրենքի, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` որպես ինքնավար մարմնի կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ. հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ԱԺ-ն վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանձնաժողովի նախագահ եւ 6 անդամներ: Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլի 9-ին, հետեւաբար` այդ ժամկետը վրա է հասնում 2019 թվականի ապրիլի 9-ին, եւ, ըստ էության, այս դրույթը չի իրականացվել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ Ազգային Ժողովում ասաց, որ սա կապված է նրա հետ, որ Ազգային Ժողով է լուծարվել, ձեւավորվել է կառավարություն, եւ գործադիր իշխանությունը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու սրանք:
«Միեւնույն ժամանակ գործադիր իշխանությունը այս իրավակարգավորման մեջ տեսել է խնդիրներ, եւ կան տարակարծություններ: Տարբեր իրավաբանների կողմից կան իրարամերժ խնդրահարույց ձեւակերպումներ եւ դիրքորոշումներ»,- ասաց Զեյնալյանը:
Սակայն նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խնդիրը իրականում կապված է միայն նրա հետ, որ կառավարության աշխատակազմը թերացել է եւ չի կատարել իր վրա դրված հանձնարարությունը` խախտելով ժամկետները: Վարչապետը պետք է աշխատանքից ազատեր Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել է: Բացի այդ, նախորդ տարվա հուլիսին էլ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էր վայր դրել լիազորությունները, ու նրա փոխարեն նոր մարդ պետք է նշանակվեր, սակայն խնդիր է առաջացել, որովհետեւ աշխատակազմը չի հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում: Նիկոլ Փաշինյանն էլ իմացել է տեղի ունեցածի մասին եւ 3 հոգու ազատել պաշտոնից:
Ուշագրավն այն է, որ խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է: Ի վերջո, նման հարցերը նախեւառաջ հենց այդ պաշտոնյայի իրավասության շրջանակներում են, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջինս շարունակում է պաշտոնավարել: Ավելին` ըստ մեզ հասած տեղեկությունների` վարչապետի աշխատակազմի Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը այս հարցով դիմել է վարչապետին, փորձել միջնորդել` ասելով, որ խնդիրը տեխնիկական է, սակայն վարչապետը չի լսել նրան եւ ազատել է պաշտոնից:
Հարկ է նշել, որ այս հարցում վարչապետին ամենեւին էլ պետք չէ մեղադրել, քանի որ վերջինիս պարտականությունների մեջ չի մտնում նման նեղ հարցերով զբաղվելը: Ի վերջո, վարչապետը մեր երկրում միանգամայն այլ լիազորություններ ու պարտականություններ ունի, եւ նման տեխնիկական հարցերը կոնկրետ պաշտոնյաների իրավասության դաշտում են: Բայց, արի ու տես, մի շարք պաշտոնյաներ, կարծես թե, ուղղակի իրենց տեղում չեն եւ մոռացել են իրենց գործառույթների մասին, վարչապետն էլ ստիպված իր վրա է վերցրել նման մանր-մունր գործերը, եւ հենց դրա պատճառով էլ իրավիճակը նման ընթացք է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ալեքսանդր Մխիթարյանին։ «Ավելացնելու բան չկա, ամեն ինչ արդեն պարզաբանված է»,-ասաց Մխիթարյանը։ Խնդրեցինք մեկնաբանել մեր ունեցած տեղեկությունները, սակայն Մխիթարյանի կողմից որեւէ արձագանք չեղավ։ Մեր հարցերին չպատասխանեց նաեւ Մարգարիտ Ազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԱԿՏԻՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Այս հանդիպումը ծրագրված էր վաղուց, սակայն անընդհատ հետաձգվում էր վարչապետի աշխատանքային զբաղվածության պատճառով: Հանդիպումը տեւեց մոտ երկու ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորները մինչեւ վերջ մնացին հանդիպմանը: Ավելին` երեկ 88 հոգանոց խմբակցությունից կային նաեւ բացականեր: Հանդիպումից ամենաշուտը հեռացողների թվում էին Մխիթար Հայրապետյանն ու Հովիկ Աղազարյանը: Վերջինս մեզ փոխանցեց, թե հանդիպման է: Մեր տեղեկություններով` հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հարցերի լայն շրջանակի` թե՛ արտաքին, թե՛ ներքին: Չի շրջանցվել նաեւ աղմուկ հանած տրանսգենդերի թեման: Մեր տեղեկություններով` ամենաշատը քննարկվել է հենց արցախյան հիմնահարցը, եւ հարցադրումները հիմնականում այդ թեմայով են եղել: Հարց տվողների մեջ են եղել պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք: Մենք տեղեկացանք նաեւ, որ տրանսգենդերի հայտնի ելույթից հետո եղել է նաեւ ՔՊ վարչության նիստ, որի ժամանակ անդրադարձ է եղել թեմային: Նշենք, որ պատգամավորները հատկապես ոգեւորված էին հանդիպման վերջաբանից, որում խոսք էր գնացել Հայաստանի` աշխարհիկ պետություն լինելու եւ եկեղեցու հետ կապի մասին: Հավելենք, որ թեժ քննարկում է եղել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ` հաշվի առնելով, որ օրերս վարչապետը մասնակցում էր այդ ընկերության` պանրի արտադրամասի բացմանը: Սակայն ասվել է, որ ոչ ոք չպետք է պետության հետ սպառնալիքով խոսի, եւ, ըստ մեր աղբյուրների, այս թեմայով քննարկումները բավական թեժ են անցել:

 

 

ՍՆԱՆԿԱՑԱՎ
ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի մարտի 29-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատարանի ապրիլի 4-ի որոշմամբ` սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տիգրան Սահակյանը: Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա հուլիսի 1-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար: Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել: Դատարանը գտել է, որ պարտապան «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության հատկանիշներն առկա են, հետեւաբար պարտապանի պահանջը պետք է կատարվի:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ելույթ կունենա եւ վեհաժողովականների հարցերին կպատասխանի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի ելույթը եվրոպական պալատում սպասվում է հինգշաբթի: Նախատեսված են բարձրաստիճան հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Այս նստաշրջանում վեհաժողովականները կանդրադառնան անդամ երկրներում ատելության խոսքին ու անհանդուրժողականությանը, նաեւ դրանք կանխելու ուղղությամբ քաղաքական առաջնորդների պատասխանատվությանը:

 

 

ԹԻՄԻՑ ԴԺԳՈՀ Է
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, ես իր թիմից եմ դժգոհ. 97 տոկոսը խնդիրներ է ստեղծում»: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն ուզում է դրական բան անի, բայց պետք է մատից փուշ հանող լինի. «Լիարժեք մենակ մարդը չի կարող ներքին, արտաքին, քաղաքական, տնտեսական, բանկային, վարկային, ներդրումային, անհնար է: Ամեն ոլորտում պետք է լինի փորձառու մարդ, որ աշխատանքով արդյունք է տվել, որ կարողանա, պարոն Փաշինյանի, ասենք թե, համապատասխան ծրագրերն իրականանա: Հակառակը, բոլորը պրոբլեմ են սարքում վարչապետին»,- ասել է Ծառուկյանը:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ
Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Զոհրաբյանի խոսքով` Կարենի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով: Նա միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար: «Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանը արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, որը հունիս ամսին Ադրբեջանին սահմանակից հայկական Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Երիտասարդը Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ եւ միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելը Ադրբեջանի հերթական ցինիզմն է»:




Լրահոս