ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈԼԱՊՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում իրավիճակը թեժ էր: «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով չկալանավորել իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Բանն այն է, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության կողմից 7 մլրդ դրամ հարկային-մաքսային պարտավորություններ չկատարելու վերաբերյալ, եւ տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Երեկ այդ միջնորդությունը բավարարվեց, եւ տնօրենը կալանավորվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ընկերության շուրջ ստեղծված աղմուկից մանրամասներ են հայտնի դարձել:

ՊԵԿ vs «Սպայկա»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպք:
Ըստ ՊԵԿ-ի` «Սպայկա» ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում` Լեհաստանից, Բելգիայից, 2014-ից 2015թթ. ընթացքում «Սպայկա» ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստան փոխադրման եւ ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ եւ այլ ապրանքներ, որոնք 2015թ.-ի հունվարի 1-ից 2016թ.-ի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի տարածքով ներմուծել է Հայաստան:
Ըստ հաղորդագրության` արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները Հայաստանում մաքսազերծել են այլ ապրանքատեսակի անվան տակ, որոնց մաքսազերծումն ազատված է մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի հաշվարկումից եւ վճարումից:
Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա` պետական բյուջե չի վճարվել «Սպայկա» ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամից ավելի մաքսատուրք եւ հարկ:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մասով:
Ի պատասխան ՊԵԿ-ի այս հայտարարության` Դավիթ Ղազարյանը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքն ու վստահեցրել, որ իր ընկերությունը պետությանը 7 միլիարդ դրամի վնաս չի պատճառել: Ավելին` «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն հայտարարել էր` ստեղծված իրավիճակի պատճառով Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է ֆինանսավորումը, որով նախատեսել էին 100 մլն դոլարի ներդրում անել եւ 1000 աշխատատեղ ստեղծել:
Ղեկավարները փախել են
Ու մինչ ՊԵԿ քննչական վարչությունը իր հիմնավորումներն է ներկայացնում, իսկ «Սպայկա» ընկերությունը՝ իր, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Վրաստանից լուրջ փաստաթղթեր է ստացել այն մասին, որ այդ երկրի տարածքով իրականում ապրանքներ են ներմուծվել Հայաստան, սակայն Հայաստանում այդ ներմուծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չկան: Նախաքննական մարմինը պարզել է, որ «Սպայկա» ընկերությունը պետության առաջ հարկային պարտավորությունները չի իրականացրել իրեն փոխկապակցված «Green village» եւ այլ ընկերությունների անվան տակ: Ի դեպ, այս ընկերության ներկայացուցիչներին գտնելու մեր ջանքերը ապարդյուն անցան:
Ավելին` քննչական մարմինը հայտնաբերել է, որ «Green village» եւ մյուս ընկերությունների ղեկավարները, որոնք, ըստ նախաքննական մարմնի, փոխկապակցված են եղել «Սպայկա»-ի հետ, եղել են դրածո: Իրականում այդ ընկերությունների կառավարման ղեկը եղել է Դավիթ Ղազարյանի ձեռքում: Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը պարզել է, որ դրածո ղեկավարները հիմա փախուստի մեջ են, սակայն երբ նախաքննական մարմինն այդ մասին հարցաքննել է Դավիթ Ղազարյանին, վերջինս հայտնել է, որ ինքն այդ ընկերությունների հետ կապ չունի եւ, առհասարակ, պետությանը վնաս չի պատճառել:
Մեզ հասած տեղեկություններով` նախաքննական մարմինը առաջարկել է Դավիթ Ղազարյանին վճարել գումարը, հետո այն քննության ավարտից հետո իրեն հետ կվերադարձնեն, սակայն վերջինս հրաժարվել է` ասելով` եթե վճարի, ապա պետությունը այլեւս գումարը հետ չի վերադարձնի. ինքը խախտում չի արել եւ չի պատրաստվում վճարել: Ավելին, տեղեկություներ կան, որ Դավիթ Ղազարյանին առաջարկել են ցուցմունք տալ ընկերության անվան հետ կապվող բաժնետերերից մեկի դեմ, սակայն նա հրաժարվել է:
Արդյունքում, նախաքննական մարմինը, հաշվի առնելով, որ գործով կան անձինք, որոնք փաստացի կապված են Դավիթ Ղազարյանի հետ եւ հայտնաբերված չեն (միգուցե առհասարակ երկրում չեն), եւ նրանց հետ փոխկապակցված անձինք հրաժարվում են վճարել ավելի քան 7 միլիարդ դրամը, ապա չկա երաշխիք, որ Դավիթ Ղազարյանն ազատության մեջ մնալու դեպքում չի փախչի: Ուստի այս ամենն աչքի առաջ ունենալով` դատարանը որոշել է երկամսյա կալանքի տակ պահել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Քննարկումներ
Նկատենք՝ օրեր առաջ Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ Եվրասիական զարգացման բանկը 100 միլիոնի դոլար ներդրում պետք է իրականացնի Հայաստանում: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքն իրականում 67 միլիոն դոլարի մասին է, եւ այս ամենից հետո բանկում ներքին խոսակցություններ են եղել, որ եթե Դավիթ Ղազարյանին կալանավորեն, ապա պայմանագիրը միգուցե չեղյալ հայտարարեն:
Գործարար համայնքը մտահոգված է
Գործարար ոլորտի ներկայացուցիչներին այս հանգամանքը խիստ մտահոգել է: Վերջիններս քննարկել են հարցը, որ եթե ՊԵԿ-ը սխալ քաղաքականություն վարի, ապա այդ դեպքում, բնականաբար, կտուժի միմիայն Հայաստանի տնտեսությունը: Ըստ գործարարների` «Սպայկա» ընկերությունը համարվում է Հայաստանում միակ խոշոր գյուղմթերք արտադրող եւ արտահանող ընկերությունը, ուստի եթե այսօր Սպայկայի աշխատակիցներն են ոտքի կանգնել, ապա առաջիկայում գյուղատնտեսությունն է հայտնվելու կոլապսի մեջ: Գործարարներից շատերը մտահոգություն են հայտնել, որ կալանավորելով ՊԵԿ-ը որեւէ հարց չի լուծի: Տեսակետ կա, որ հետագայում բարդությունների ու բողոքի նոր ալիք է բարձրանալու, քանի որ գյուղացիները հայտնվելու են խնդրի առաջ. ընկերությունը գյուղացիներից է մթերում գյուղմթերք, ինչպես նաեւ ապահովում աշխատանքով, ու եթե պայմանագրային պարտավորություններն ընկերությունը չկատարի, հասարակ մարդիկ կտուժեն:
Արդյոք ճիշտ քաղաքականություն վարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նպաստելով խոշոր ընկերության տնօրենի կալանքին` ցույց կտա ժամանակը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ տեղի ունեցածին, ասաց. «Շատ վատ գործելաոճ է: Այսինքն՝ ցանկացած ընկերություն էլ կարող է ասի՝ հարկե՞ր եք ուզում մեզանից, ուզում եք` չվճարած հարկեր վճարե՞նք: Դա ի~նչ խոսելու ձեւ է: Որեւէ ընկերություն չի կարող գյուղացու, քաղաքացու Կառավարության հետ շանտաժի լեզվով խոսել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

Ո՞ՒՐ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Կառավարությունը որոշել է 2019թ. փետրվարի 2-ին Տավուշի մարզի Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցել` տրամադրելով մոտ 24 միլիոն դրամ: Հրդեհի հետեւանքով Ա. Ադամյանին պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս: Կառավարությունն այսկերպ ակնկալում է անասնապահության ռիսկայնության մակարդակը նվազեցնել, գյուղացիական տնտեսավարողների սոցիալական վիճակը բարելավել:
Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն Ավետիք Ադամյանը` որպես մեղադրյալ, անցնում է քրեական գործով: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 7 այլ անձանց գործով դատաքննությունը: Համաձայն քրեական գործի` բնությանը, այսինքն` պետությանը, պատճառվել է ավելի քան 400 միլիոն դրամի վնաս: Ըստ մեղադրական եզրակացության` Ավետիք Ադամյանը, 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամակահատվածում Բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելով, դրդել է պաշտոնական կեղծիք կատարել` ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազեցնելով: Համաձայն առաջադրված մեղադրանքի` Ա. Ադամյանը անտառային ֆոնդի տարածքից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը ապօրինաբար անտառից դուրս բերելու թույլտվության համար Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Սասուն Հայրապետյանից ստացել է կաշառք` վերջինիս ունեցած պարտքը չվճարելու ձեւով: Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով: 2017թ. դեկտեմբերի 30-ին սահմանամերձ Չինարի գյուղում հրդեհի հետեւանքով այրվեցին չինարեցուն պատկանող խանութները, սակայն ոչ մի փոխհատուցում չեղավ: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում հրդեհից ոչնչացել է շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով խաղողի այգի, այդ այգու 3 տերերից յուրաքանչյուրին պետական բյուջեից տրվել է չնչին գումար` մի քանի հազար դրամ: Այս տարի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում անհայտ հիվանդությունից մի քանի հարյուր խոզ է սատկել, սակայն դրանց տերերին պետբյուջեից դրամական փոխհատուցում կամ աջակցություն չի տրվել:
Չինչին գյուղը, ուր այրվել է նշված անասնաֆերման, Բերդի սահմանագոտում չէ, Ավետիք Ադամյանն էլ սոցիալապես անապահով չէ: Տավուշի մարզի սահմանագոտում բնական աղետներից, այլ պատահարներից շատ տուժողներ, մեծ վնասներ են եղել, սակայն շատ դեպքերում փոխհատուցում չի եղել: Ու Տավուշի մարզի բնակիչները հիմա հարցնում են` ուր է արդարության սկզբունքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռեւս 2008թ. ՀՀ Երեւան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող համայնքապատկան տարածքը շուկայականից էականորեն ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն համայնքի ավագանու 2008թ. սեպտեմբերի 25-ի նիստի որոշման, 2008թ. հոկտեմբերի 6-ի` գույքի աճուրդով մասնավորեցման մասին արձանագրության եւ Դավթաշեն համայնքի ղեկավարի 2008թ. հոկտեմբերի 8-ի որոշման հիման վրա` «Տարածքի աճուրդային առուվաճառքի պայմանագրով» Դավթաշեն համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը 1 քմ` 33 հազար ՀՀ դրամով, ընդհանուր` 28.2մլն ՀՀ դրամով օտարվել է մի քաղաքացու: Տարածքը գնած քաղաքացու եւ Դավթաշեն թաղային համայնքի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Սակայն համայնքի ավագանին առուվաճառքի ադ պայմանագիրը լուծել է` պայմանագրով սահմանված գումարը բյուջեի սղության պատճառով վճարելու անհնարինության հիմքով: Արդյունքում կողմերի միջեւ կնքվել է պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր: Ըստ նախապատրաստված նյութերի` տարածքն օտարվել է շուկայականից էականորեն` ավելի քան 18մլն ՀՀ դրամով պակաս գնով, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ:




Լրահոս